Մատչելիության հղումներ

Քիմ և Քորթնի Քարդաշյանները ժամանեցին Երևան


Քիմ Քարդաշյանը դուրս է գալիս «Զվարթնոց» օդանավակայանից, 6-ը հոկտեմբերի, 2019 թ.
Քիմ Քարդաշյանը դուրս է գալիս «Զվարթնոց» օդանավակայանից, 6-ը հոկտեմբերի, 2019 թ.

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երեկ կեսգիշերին մոտ ժամանեց Երևան։ Ժամեր շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում Քարդաշյանին սպասող լրագրողները, սակայն, այդպես էլ չկարողացան նկարահանել նրան:

Ավելի ուշ պարզվեց՝ Քարդաշյանը դուրս է եկել նախագահական սրահից։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի ծրագրերի ղեկավար Սյուզաննա Ազոյանը պատճառաբանեց, թե վերջին րոպեներին Քարդաշյանները նախընտրել են նախագահական սրահից դուրս գալ, քանի որ երեխաները քնած են եղել, իսկ իրենք էլ՝ հոգնած։

«Ինքը անպայման հայկական լրագրողների հետ կհանդիպի, որևիցե խնդիր չկա, ուղղակի էսօր որևիցե ձևի պատրաստ չէր, չմտածեք, էլի, ոչ հարգանք էր կամ բան էր, հարգանքով շատ մոտենալով, ուղղակի երեխաները հոգնած էին», - ասաց Սյուզաննա Ազոյանը։

Սակայն լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել Քիմ ու Քորթնի Քարդաշյանների ելքը նախագահական սրահից՝ երեխաների հետ. լուսանկարներում նրանք արթուն են։ Հատկանշական է, որ Քարդաշյանների անվտանգությունն ապահովելու համար օդանավակայան էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ժամեր առաջ տարածք էին եկել նաև ամերիկահայ հեռուստաաստղի անվտանգության աշխատակիցները։

Քարդաշյանը Հայաստան է եկել մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։ Սա Քարդաշյանի երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ Քարդաշյանը Երևան եկավ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նա Հայաստան այցի ընթացքում «հրաշալի նորություններ» և «մեծ ծրագրեր» է խոստանում։ Այդ մասին ավելի վաղ Թվիթերում էր գրել։ Գրառման մեջ նա չի բացառել, որ Հայաստանում նոր աշխատատեղեր կարող է բացել։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային ամենահեղինակավոր համաժողովին մասնակցելու համար 70 երկրից Հայաստան են ժամանել ավելի քան 2 հազար հյուրեր, նրանց թվում են ՏՏ ոլորտի հեղինակավոր դեմքեր։ Համաժողովին մասնակցելու են Google, Siemens, Ericsson ընկերությունների փոխնախագահները և ոլորտի այլ հեղինակավոր ներկայացուցիչներ, System of a Down ռոք խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը։ Իսկ երեկ Հանրապետության հրապարակում WCIT-ի մեկնարկն ազդարարող համերգին մասնակցեց էլեկտրոնային երաժշտության համաշխարհային նշանավոր դեմքերից Արմին վան Բյուրենը, որն օդանավակայանում ասաց, որ ուրախ է Հայաստան ժամանելու առթիվ։

XS
SM
MD
LG