Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր չթույլատրեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանին մեկնել երկրից։ Դատավոր Աննա Դանիբեկյանը երեկ էր անցել խորհրդակցական սենյակ՝ քննարկելու ամբաստանյալի և նրա պաշտպանի միջնորդությունը՝ վերացնել չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը և թույլատրել որոշակի ժամկետով մեկնել Ավստրիա՝ գործնական հանդիպման և բուժման։
«Պաշտպաններ Ալեքսանյանի և Գևորգյանի միջնորդությունները՝ Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու և Արմեն Գևորգյանին Հայաստանի Հանրապետությունից ժամանակավորապես մեկնելը թույլատրելու մասին, մերժել: Որոշումը կողմերին կտրամադրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում», - հայտարարեց դատավորը:
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ու նրա փաստաբաններն այսօր դատարանում չէին: Առավոտյան հայտնի դարձավ, որ երկրորդ նախագահը կրկին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետազոտման, և չի բացառվում, որ ենթարկվի վիրահատության։ Ամբաստանյալներից դատարան էին եկել միայն Արմեն Գևորգյանն ու Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը ևս ներկա չէր։ Որոշման հրապարակումից հետո դատական նիստն այսօր ավարտվեց։
Արմեն Գևորգյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ Երեկ նա դատարանում հայտարարել էր, որ սրտի և անոթների խնդիր ունի ու ամեն տարի բուժում է անցնում Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի կլինիկաներից մեկում։ Բացի այդ, նաև գործնական հանդիպում պիտի ունենա, ինչն էլ կնպաստի Հայաստանում ներդրումների ավելացմանը։ Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր դատական նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց՝ բողոքարկելու են այսօրվա որոշումը։
«Դատարանի որոշումը գնահատում ենք միանշանակ ապօրինի, դատական ակտը ստանալուն պես այն կբողոքարկենք միանշանակ Վերաքննիչ քրեական դատարան, քանի որ գտնում ենք՝ մեր միջնորդության բավարարման հիմքերը առկա են», - ասաց Ալեքսանյանը:
Հարցին՝ ինչո՞ւ Արմեն Գևորգյանը բուժում չի անցնում Հայաստանում, փաստաբանը պատասխանեց․ - «Այո, միշտ հերթական իր բուժումները ինքը ստացել է հենց կոնկրետ այդ հանրապետությունում, այդ քաղաքում, հետևաբար՝ կրկին անհրաժեշտություն էր առաջացել հենց այդ հանրապետությունում այդ բուժզննման: Իհարկե, եթե խոսքը գնում է առողջության վերաբերյալ, և այն բուժզննությունը, որը որ նա պետք է անցնի՝ չանցնի, հետևաբար՝ հետևանքները կարող են լինել բացասական»:
Ի վերջո, արդյո՞ք Հայաստանում հնարավոր չէ կազմակերպել Գևորգյանի պատշաճ բուժօգնությունը, փաստաբանն արձագանքեց. «Եթե մենք էդ հնարավորությունը ունենայինք Հայաստանի Հանրապետությունում անցնելու, մենք կանցնեինք Հայաստանի Հանրապետությունում, եթե մենք ասում ենք, որ պետք է մեկնենք Ավստրիայի Հանրապետություն, հետևաբար այդ բուժզննությունը պատշաճորեն կարող ենք ստանալ միայն այդ հանրապետությունում»։
«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ են իրենք պնդում, որ վերացվի Արմեն Գևորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը, փաստաբանը պատասխանեց՝ որևէ հիմք չկա, որ Գևորգյանը կմեկնի արտերկիր և չի վերադառնա։
«Արմեն Գևորգյանի նկատմամբ միջնորդություն էր հարուցվել, որպեսզի վերջինիս նկատմամբ կիրառվի ամենախիստ տեսակի խափանման միջոցը՝ կալանավորումը ու այդ ժամանակ երկու մեղադրանքների վերաբերյալ, երբ որ դատարանը արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, սակայն մի մեղադրանքի դեպքում արձանագրել էր թեև հիմնավոր կասկածի առկայությունը, բայց արձանագրել էր, որ հիմնավոր կալանավորման հիմքերը, այսինքն խափանման միջոց կիրառելու հիմքերը իսպառ բացակայում են, խոսքը վերաբերում է թե՛ թաքնվելու հիմքին, թե՛ խոչընդոտելու հիմքին։ Հիմա եթե դատարանը արձանագրել էր, որ ամենախիստ տեսակի խափանման միջոցի դեպքում այդ խափանման միջոց կիրառելու հիմքերը բացակայում են, ապա մենք գտնում ենք, որ ավելի նվազ, ավելի մեղմ տեսակի խափանման միջոցների դեպքում այդ հիմքերը նույնպես գոյություն ունենալ չեն կարող», - նշեց
Դիտարկմանը, որ դատախազը երեկ հակառակը պնդեց, Էրիկ Ալեքսանյանն արձագանքեց. «Դե դա դատախազի կարծիքն է, ես իրեն համապատասխան հակադարձեցի և իմ կարծիքը ևս պնդեցի»։
Արմեն Գևորգյանը 2008-ին զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Ըստ քրեական գործի, Գևորգյանը մեղադրվում է երեք հոդվածներով։ Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Ըստ մեղադրանքի, Գևորգյանը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, «Թի Էս Էս Սի Արմենիա» ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու՝ այսինքն՝ ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության համար չխոչընդոտելու դիմաց 2008-ի ապրիլին հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիոն դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։