Մատչելիության հղումներ

Դատավոր Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի՝ Հայկ Ալումյանի ներկայացրած միջնորդությունը


Դատավոր Աննա Դանիբեկյան
Դատավոր Աննա Դանիբեկյան

Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի սկզբում փաստաբան Հայկ Ալումյանը բացարկ ներկայացրեց դատավորին, որը, սակայն, խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո Աննա Դանիբեկյանը մերժեց՝ ըստ էության չհրաժարվելով այս գործի քննությունից։

Հայկ Ալումյանը նշեց, որ երկու հիմք կա բացարկ ներկայացնելու՝ այս դատարանը պատշաճ դատարան չի կարող համարվել, մյուս կողմից, դատավոր Աննա Դանիբեկյանը կանխակալ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ։

Ըստ Ալումյանի, մեղադրանքում նշված է, որ 2008-ին նախագահի կողմից ստորագրված արտակարգ դրության մասին հրամանագիրն ապօրինի է։ Քոչարյանը Սահմանադրության խախտմամբ ընդունել է արտակարգ դրության մասին հրամանագիրը։

«Այս ձևակերպումները կան քննիչի որոշման մեջ», - ասաց Ալումյանը՝ շարունակելով․ - «Սակայն նախագահի հրամանագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը դուրս է սույն դատարանի իրավասության շրջանակներից: Այսպես, Հանրապետության նախագահի հրամանագրերի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը հենց ՀՀ սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին կետի, իսկ 2008 թվականի մարտի 1-ին գործող Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, վերապահված է ոչ թե Ձեզ, այլ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին»:

Ալումյանը նաև հայտարարեց․ - «Դուք
նաև կանխակալ բացասական վերաբերմունք ունեք Քոչարյանի նկատմամբ»։

Ըստ Քոչարյանի պաշտպանական կողմի, դատավոր Աննա Դանիբեկյանը այս գործը ստանալուց հետո մեկ ամիս շարունակ որևէ նիստ չի արել և չի անդրադարձել իրենց միջնորդություններին՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին։

«Միևնույն ժամանակ, դատավորը որոշում է կայացրել կալանքը թողնել ուժի մեջ՝ առանց կողմերին լսելու», - հայտարարեց Ալումյանը: - «Այնուհանդերձ Դուք այդ միջնորդությունները չեք քննել դրանք ստանալուց անմիջապես հետո, ինչպես պահանջում է օրենքը: Դուք նաև որոշում չեք կայացրել դրանք առանց քննության թողնելու կամ լուծումը հետաձգելու մասին՝ եթե գտնում էիք, որ դրանք արված են ոչ ժամանակին, կամ դրանց լուծման համար անհրաժեշտ է պարզել էական հանգամանքներ: Այսպիսով միջնորդությունների վերաբերյալ անմիջապես որոշում չկայացնելը պայմանավորված չի եղել օրենքի վատ իմացությամբ: Հետևաբար մնում է ենթադրել, որ օրենքը խախտվել է դիտավորությամբ»:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հարց ուղղեց դատավորին՝ փորձելով պարզել, թե արդյոք նա հուլիս-օգոստոս ամիսներին արձակուրդ է գնացել․ - «Ըստ արձակուրդների գրաֆիկի, ենթադրաբար Դուք գտնվել եք այդ ժամանակահատվածում արձակուրդում, իսկ ինչպես պարոն Ալումյանն արդեն նշեց, դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո, բավականին տևական ժամանակ է անցել, մինչև այս գործի քննությունը մակագրվել է Ձեզ: Այդ պրոցեսը եղել է հետևյալ տեսքով․ առաջին ատյանի դատարանում չգտնվելու պատճառաբանությամբ, երկար ժամանակ գործը որևէ դատավորի չէր մակագրվում: Պատճառաբանություն էր բերվում, որ գործը Վերաքննիչ քրեական դատարանում է, պատճառաբանություն էր բերվում, որ գործը Վճռաբեկ դատարանում է: Մինչդեռ հետագայում, առանց որևէ իրավական հիմքի փոփոխության, առանց որևէ փաստական հիմքի փոփոխության, այդ գործը առաջին ատյանի դատարանի նախագահի խնդրանքով և Վճռաբեկ դատարանի նախաձեռնությամբ վերադարձվեց ընդհանուր իրավասության դատարան: Այսինքն, կարող ենք արձանագրել, որ նույն գործողությունը կարող էր կատարվել դեռևս պարոն Գրիգորյանի լիազորությունների դադարի հաջորդող օրը, ինչը չի կատարվել: Նշված ժամկետում եթե այդ գործողությունը կատարված լիներ, կստացվեր, որ Դուք գտնվելու էիք ամենամյա արձակուրդում, և այդ գործը չէր կարող մակագրվել Ձեզ»:

Քոչարյանի փաստաբանները նաև հիշեցին, թե ինչպես առաջին ատյանի դատարանի նախագահը մերժեց իրենց մասնակցել գործը էլեկտրոնային եղանակով մակագրելուն, և ըստ էության նպատակը հենց Աննա Դանիբեկյանին մակագրելն էր, որը իշխանահաճո որոշումներ է կայացնում։

Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, միանալով նախկին նախագահի պաշտպանական կողմի միջնորդությանը, ավելի հեռուն գնաց, ինչի համար սանկցիայի ենթարկվեց։ Դատավորը նրան արգելեց ելույթ ունենալ։

Պողոսյանն ասաց․ - «Ես ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուց առաջ մի քիչ երկար եմ մտածել, թե ինչ հիմնավորումներ ներկայացնեմ, և ես կարող է անցնել բարոյականության, իրավագիտակցության սահմանները: Սակայն ես ինձ այդ գործողությունները թույլ չեմ տալիս, ինչը իրեն թույլ է տալիս օրվա իշխանությունը: Մտածում էի, որ ինքնաբացարկ հայտնելու համար Ձեզ դրամական փոխհատուցում առաջարկե: Քանի որ առկա իրողությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում կարծես թե նորմալ է գնահատվում, երբ որ դատավորի չպաշտոնավարելու համար դրամական փոխհատուցում են առաջարկում: Հիմքը՝ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի անցնելու մասին [առաջարկությունն է]»:

Դատախազները առարկեցին՝ հայտարարելով, որ եթե դատավորը կողմին հաճո որոշում չի կայացնում, դա չի նշանակում, որ նա բացասական վերաբերմունք ունի ամբաստանյալի նկատմամբ։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց․ - «Ինչ վերաբերում է կանխակալ վերաբերմունքին, որի հիմքում դրվեց փաստարկը, թե կալանքի որոշումը կայացվել է առանց այդ հարցը քննարկելու, ապա մենք փոխադարձաբար վստահ ենք, որ պաշտպանության կողմը ևս մանրամասն տեղեկացված է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումից, և վեր են հանել նաև այն մոտեցումը, որը այդ որոշումների մեջ դրված է: Խոսքը քրեական գործը դատական վարույթ անցնելու փուլում կալանքի տակ գտնվող կամ ցանկացած մեղադրյալի լսելու հարցն է, ում վերաբերյալ այդ հարցը քննարկվում է: Սույն գործով այդ պահանջն ապահովված է․ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ներկայության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորման հարցը քննարկվել և այդ կապակցությամբ որոշում է կայացվել»:

Այսօրվա դատական նիստին միջնորդությամբ հանդես եկան ամբաստանյալ Արմեն Գևորգյանն ու նրա փաստաբան էրիկ Ալեքսանյանը։ Գևորգյանը խնդրեց վերացնել իր խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին և թույլ տալ որոշակի ժամկետով մեկնել երկրից Ավստրիա՝ սրտի հետազոտություն անցնելու և գործնական հանդիպում ունենալու։

Դատախազները, սակայն, առարկեցին։

Արմեն Գևորգյանի միջնորդության մասին որոշումը դատավորը կհրապարակի վաղը՝ հոկտեմբերի 8-ին։

Անցած ամիս դատարանը մերժել է երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու, նրան գրավի կամ չհեռանալու ստորագրության դիմաց ազատ արձակելու՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունները:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հունիսի 25-ից:

XS
SM
MD
LG