Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյան․ Դատավորը արդար որոշում է կայացրել


Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը:

Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը:

Գևորգյանը, ով մեղադրվում է միանգամից 4 հոդվածներով ՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և արդարադատությանը խոչընդոտելու համար, այսօր դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե դատավորը արդար որոշում է կայացրել, չնայած երկրում ստեղծված իրավիճակին:

Ուշագրավ է, որ որոշման հրապարկումից առաջ արդեն Գևորգյանը լավատեսորեն էր տրամադրված․ - «Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց։ Եվ ես կարծում եմ, որ կայացվել է իրոք արդար որոշում այնքանով, ինչքանով հաշվի են առնվել մեր փաստարկները դատական նիստերի ժամանակ: Բայց դա չի նշանակում, որ գործը ավարտվել է, մենք շարունակելու ենք աշխատել: Մենք շարունակելու ենք ներկայացնել նաև մեր փաստարկները, մեր մոտեցումները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքն առնչություն ունի 2008 թվական իմարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ՝ հաշվի առնելով, որ սահմանադրական կարգի տապալմանն օժանադկելու հոդվածը հենց այդ գործին է առնչվում, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանն ասաց, թե իր համար անակնկալ է եղել այդ մեղադրանքը՝ հավելելով․ - «Ես կարծում եմ, որ քննությունը բոլոր հանգամանքները կպարզի: Մինչև էդ էլ արդեն կայացված դատական վճիռներ կան, օրինական ուժի մեջ մտած, որով արձանագրված է ով ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ի հանգամանքներում և այլն: Իմ համար նույնպես անակնկալ է եղել, երբ որ չորս ամիս հետո մեղադրանքը փոխվել է՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 3-ին, երբ որ դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մի շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին, ըստ էության, մեղադրանքը ուրիշների ներկայացված է եղել: Ինչ փոխվեց չորս ամսվա ընթացքում ես չգիտեմ»:

Սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։

Արմեն Գևորգյանն անապատասխան թողեց հարցն այն մասին, թե արդյոք առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքի շրջանակներում առերեսվել է գործարար Սիլվա Համբարձումյանի հետ։ Սիլվա Համբարձումյանը, հիշեցնենք, վերջին շրջանում բարձրաձայնում է պաշտոնյաներին կաշառք տալու մասին:

Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես հրաժարվեց այս մասով տեղեկություն տալ՝ պատճառաբանելով, թե դա վերաբերում է գործի փաստական հանգամանքներին:

Ինչ վերաբերում է դատարանի այսօրվա որոշմանը, ապա փաստաբանի փոխանցմամբ, դրան դեռևս ծանոթ չեն, հետևաբար չեն կարող ասել, թե Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայությա՞ն, թե՞ կալանավորման հիմքերի բացակայության պատճառով:

Ի դեպ, Արմեն Գևորգյանը հրաժարավեց ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք դատարաններն այսօր անկախ են և չկա որևէ ճնշում՝ հաշվի առնելով այսօրվա որոշումը:

Գևորգյանն ընդամենն ասաց, թե դատաքննության ընթացքում որևէ կողմնակալություն չի տեսել․ - «Մյուս կողմից էլ, ես կարծում եմ, որ համենայն դեպս երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարար պոտենցիալ մեկ այլ որոշում լիներ»:

Դեռևս պարզ չէ, Գլխավոր դատախազությունը կբողոքարկի՞ դատարանի որոշումը, թե՞ ոչ: Դատախազությունից փոխանցեցին, որ այդ հարցին կպատասխանեն միայն դատական որոշմանը ծանոթանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG