Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործը բավականին առաջընթաց է արձանագրել. Գևորգ Կոստանյան


Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, հայտարարեց՝ «Մարտի 1»-ի գործը բավականին առաջընթաց է արձանագրել։

Մարտյան արյունալի իրադարձությունների հետո ձերբակալված քաղաքացիներից որոշների գործով արդեն կան Եվրոպական դատարանի վճիռներ ընդդեմ Հայաստանի, որոնցում ՄԻԵԴ-ը հաստատված է համարել, որ 2008-ի մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակի հավաքը խաղաղ էր և ոչինչ չէր կարող ենթադրել հակառակը, և որ Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել իր այն պնդումները հիմնավորող որևէ համոզիչ ապացույց, ըստ որոնց, 2008-ի մարտի 1-ին պետք է զենք բաժանվեր հավաքի մասնակիցներին։

2008-ին արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կոստանյանն՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի այս ձևակերպումներին, ասաց. - «Այդ գործերով և Եվրոպական դատարան ներկայացվող բոլոր գործերով Կառավարությունը դատարանին ներկայացնում է այն տվյալները, որ տվյալներն իր տրամադրության տակ կան։ Հետևաբար ավել բան եթե լիներ, կներկայացնեինք, երկրորդը՝ նկատի ունեցեք, որ Եվրոպական դատարանի վճիռները. կոնկրետ դեպքում. վերաբերում են կոնկրետ մարդկանց իրավունքների խախտմանը, ինքն ունիվերսալ բովանդակություն կարող է չստանալ։ Ընդհանրական գնահատականները կարող են հնչեցվել տվյալ անձի ներգրավվածության աստիճանով պայմանավորված։ Նկատի ունենալով, որ հիմա «Մարտի 1»-ի գործով արդեն տեղի են ունեցել քննության բավականին լուրջ առաջընթացներ՝ ես կարծում եմ, որ այդ նյութերը և՛ս այսօրվա Կառավարության լիազոր ներկայացուցիչը կուղարկի Եվրոպական դատարան», - ասաց Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչը։

Կոստանյանն ընդամենը մեկ տարի առաջ՝ փետրվարի 23-ին «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ «Ռոբերտ Քոչարյանին կանչենք, հարցաքննենք, որ ի՞նչ ասի»։

Կալանավորված նախկին նախագահ Քոչարյանն այժմ «Մարտի 1»-ի գործով առանցաքային մեղադրյալներից է և մեղադրվում է 2008-ին սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։

«Ազատության» հարցին, թե հիմա ի՞նչ կասի, Կոստանյանը պատասխանեց՝ այն ժամանակ քրեական գործի շրջանակում իսկապես այդպես էր։

«Երբ որ այդ պահին քրեական գործի նյութերը պարունակում են մեկ հիմք, հետո հաջորդ պահերին քրեական գործերի ընթացքով առաջանում է այլ հիմք, դա կարող է որպես հարցաքննության անհրաժեշտություն առաջանալ, կամ չառաջանալ։ Այսինքն՝ դա ոչ թե անձով պայմանավորված հանգամանք է, այլ յուրաքանչյուր անձին հարցաքննելու անհրաժեշտությունը պետք է ծագի այդ պահին քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով», - ասաց Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության նախկին ներկայացուցիչը։

Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ հանուն պետության բարօրության, պատրաստ է աշխատել այս իշխանությունների հետ, թե ի՞նչ կարգավիճակով, այդպես էլ չպարզաբանեց, անպատասխան թողեց հարցը, թե հնարավո՞ր է այս իշխանության օրոք պաշտոն ստանա։

«Եթե ես ինչ-որ ձևով կարողանամ իմ երկրին օգտակար լինել, ես միշտ պատրաստ եմ եղել և լինելու եմ։ 95 թվականից սկսած ես ներգրավված եմ եղել պետական ծառայության մեջ՝ տարբեր իշխանության ժամանակահատվածներում, և ինձ համար, ինչպես նախկինում եմ բազմիցս առիթ ունեցել ասելու, հիմա էլ եմ ասում՝ ինձ համար որևէ նշանակություն չի ունեցել, թե ինչ կարգավիճակի մասին է խոսքը», - ասաց Կոստանյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե իր ղեկավարման օրոք իրավապաշտպանները բողոքում էին, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է համատարած, իսկ ինքը Քննչական կոմիտեի հրապարակած ուղեցույցում անդրադառնում է այս միջոցի ծայրահեղ կիրառման անհրաժեշտությանը, Կոստանյանն այսպես արձագանքեց՝ հակասություն չկա։ Նրա խոսքով, ժամանակին Եվրոպական դատարանի դիրքորոշումն այս հարցում այլ էր, այժմ այն փոխվել է։

Քննչական կոմիտեն այսօր ոլորտի մասնագետներին ներկայացրեց խափանման միջոցի վերաբերյալ մի ուղեցույց, որի համահեղինակներից է նաև ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանը։

Ուղեցույցի հեղինակ, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց՝ ինքն է դիմել Կոստանյանին՝ ուղեցույցի կազմման հարցում աջակցություն ստանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG