Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյան․ «Միշտ կկանգնեմ Նիկոլ Փաշինյանի կողքին»


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտարարում է, թե ամբողջությամբ աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքական անհրաժեշտություն է։

«Ազատության» հետ զրույցում նախկին գլխավոր դատախազ, այժմ խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը պնդեց՝ ցանկացած ողջամիտ մարդ այսօր պարտավոր է աջակցել Փաշինյանին․ - «Ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ: Ինձ համար սա չափազանց կարևոր նշանակություն ունի․․․ Եվ ազնիվ ա իր քաղաքական ուղղվածություն մեջ, որը ինձ համար ընդունելի է անձնապես: Այլ հարց է, թե դա հիմա ինչ չափով է իրականացվում: Իմ ասած հետևյալն է, որ եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունների, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա էդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված ա իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին, ցանկացած պահի»:

Կոստանյանը, հակառակ խմբակցության այլ պատգամավորների, նաև հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ոչ թե ինչ-որ հրապարակի, այլ Հանրապետության լայն զանգվածների նախընտրելի առաջնորդն է։

Նրա հրաժարականից հետո այլ թեկնածու առաջադրելը, ըստ Կոստանյանի, կլինի «արհեստածին ու վտանգներով լի»․ - «Եթե կա որևէ այլ անձ, որը ունի հանրային կոնսոլիդացիայի նման մակարդակ, ուրեմն հրաշալի մրցակցություն կլինի: Բայց ես դեռ չեմ տեսնում: Կարող ա քսան օրից լինի, կարող ա մեկ ամսից լինի: Նստենք, քննարկենք, որոշենք: Բայց ես էս պահին տեսնում եմ, որ չկա: Հետևաբար նույն իմ խմբակցության գործընկերները և բոլոր պատգամավորները, իմ կարծիքով, ունեն առնվազն նույն սկզբունքը, ինչ որ ես հիմա հայտնեցի: Այսինքն, որևէ մեկը չի պատրաստվում ու դա անընդունելի կլինի, որ երկրի դեմ որևէ գործողություն կատարի»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում նախկինում բազմիցս դեմ արտահայտված Հանրապետական խմբակցության պատգամավորն այսօր էլ նշում է, որ դրա իրավական անհրաժեշտությունը այժմ էլ չկա, սակայն, ըստ նրա, առավել կարևոր է խորհրդարանն ազատ արձակելու ներկայիս քաղաքական պահանջը․ - «Անհրաժեշտությունը, իմ խորին համոզմամբ, քաղաքական է, որի գնահատականը ես չեմ կարող տալ: Միայն իրավական առումով ճգնաժամ չկա, անհրաժեշտություն էլ չկա: Բայց եթե քաղաքական քննարկումները, քաղաքական զարգացումները հանգեցնում են դրան, ուրեմն իրավական անհրաժեշտությունը մեխանիկորեն առաջանում է»:

Հանրապետական պատգամավորի այս հայտարարությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց․ - «Անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը և ընդունում, որ չկա ոչինչ ավելի բարձր, քան ժողովրդի կամքը»։

Այսօր ԱԺ լուծարելու և դեկտեմբերին նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարեց նաև Հանրապետական խմբակցությունը լքած պատգամավոր Արման Սահակյանը։

Գևորգ Կոստանյանի խոսքով, խորհրդարանում իր տեսակետը կիսող բազմաթիվ պատգամավորներ կան: Քննադատությունից մտավախություն չունի․ - «Ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը և այսօրվա կառավարությանը, որովհետև դա է երկրի առաջընթացի երաշխիքը: Հիմա պարզ ա, չէ՞, որ եթե Նիկոլ Փաշինյանը ու իր կառավարությունը որևէ հարցում՝ արտաքին քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, ձախողվեց, դա ուղղակի անդրադարձ ա ունենում ամբողջ ժողովրդի կենսամակարդակի, գործունեության և ճակատագրի վրա»:

Նախորդ շաբաթավերջին Կոստանյանը հանդիպել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Հանրապետական խմբակցության պատգամավորը չի թաքցնում, որ այդ հանդիպումից հետո է «հեղափոխվել»․ - «Ես հավաստիացա էդ նպատակների մեջ: Ինձ համար դա կարևոր էր»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն այսօր իր անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հայտնում էր Սերժ Սարգսյանի լուսանկարի տակ նստած։

Հարցին, թե արդյո՞ք դա տարօրինակ չի գտնում, Կոստանյանն արձագանքեց․ - «Ոչ, տարօրինակ չի: Որովհետև ես Սերժ Սարգսյանի նկատմամբ անձնապես ունեցել եմ, ունեմ և կունենամ իմ խորին հարգանքը»:

Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, թե նոր կառավարությունից որևէ պաշտոն չի ակնկալում, Եվրամիությունից արդեն աշխատանքի հրավեր է ստացել, մինչև դեկտեմբեր վայր կդնի մանդատն ու կլքի Հայաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG