Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները մտադիր են վերսկսել բողոքի ակցիաները


«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները պատրաստվում են վերսկսել իրենց բողոքի ցույցերը, եթե իշխանությունները ուշադրություն չդարձնեն իրենց խնդրին:

«Մենք հավատ ունենք էս կառավարությունից: Բայց չորս ամիս ա մեր նամակի պատասխանը դեռ չկա․․․ Մենք որոշել ենք էլի մեր չարչրկված մեթոդին անցնենք: Այսինքն՝ բողոքի տարատեսակ ակցիաներ», - ասաց նախկին աշխատակիցներից մեկը:

ՋԷԿ-ի աշխատակիցները դեռ 2012-ին դիմել էին դատարան, 2014-ին դատը շահել էին: Դատարանը սնանկ էր ճանաչել 2011 թվականին ՋԷԿ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությանը՝ պարտավորեցնելով գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 միլիոն դրամ աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ ընկերությունը գույք չունի:

Ի վերջո, բազմաթիվ բողոքի ցույցերից հետո, մոտ մեկուկես տարի առաջ, աշխատակիցներն ընդհանուր հայտարարի եկան գործող իշխանությունների հետ, ստացան իրենց հասանելիք աշխատավարձի մայր գումարները, միևնույն ժամանակ ստորագրությամբ հրաժարվեցին ուշացումների համար նախատեսված տոկոսներից:

Նոր իշխանությունների օրոք առաջին անգամ ցույցի դուրս եկած աշխատակիցներն արդեն պահանջում են չվճարված տոկոսները՝ ընդհանուր 53 միլիոն դրամ․ - «Մտածելով, որ մենք ապրում ենք օրինական երկրում՝ գտնում ենք, որ օրենքը պտի ուժ ունենա: Եթե դատարանը վճռել ա, որ մեզ փոխհատուցում պտի տան, ինչի՞ չեն տալիս»:

«Ազատության» դիտարկմանը, թե արդեն իսկ ստորագրությամբ հրաժարվել են տոկոսներից, ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները հակադարձեցին, թե իրենք հարկադրված են գնացել այդ քայլին․ - «Էնքան երկար ժամանակ փող չտվին, որ ստիպված էիր, գոնե էդքանը ստանաս: Մեր հետ անարդարացի են վերաբերվել: Հիմա ուղղակի դրա հույսը կա, որ կարա արդարությունը վերականգնվի»:

Դատարանում ՋԷԿ-ի նախկին աշխատակիցներից շատերի շահերի պաշտպան Կարեն Թումանյանն ասում է, թե ավելի ուշ է տեղեկացել, որ աշխատողները զիջումների են գնացել:

Միևնույն ժամանակ, հակադարձելով ցուցարարների այն պնդումներին, թե փաստաբանը անգործության է մատնված, շեշտում է, որ արդեն երկու տարի է ինքն այլևս լիազորված չէ պաշտպանելու նրանց շահերը․ - «Ես համարվել եմ իրենց շահերի պաշտպանը, իրենց շահերից գործել եմ, իրենց շահերից դատարան եմ դիմել, դատարանը մեր օգտին է որոշել: Կա աշխատանք, որ պետք է արվի: Ուղղակի գործընթացի կեսում իրենք գրացել են իրենց հարմար գործարքի: Ինձ չեն հարցրել, իմ հետ չեն քննարկել: Հետո էլ չեն եկել, որ ես իրենց շահերը պաշտպանեմ: Հո ես ցմահ իրանց շահերը չե՞մ կարա պաշտպանեմ»:

Ցուցարարներն էլ պնդում են, նախորդ տարի հեղափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո պարբերաբար դիմումներ են ուղարկել կառավարություն, դիմել են վարչապետին, մարզային իշխանություններին, սակայն մինչ օրս գոհացուցիչ պատասխան չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG