Ոլորտի ղեկավար Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ, 2019-ի համար արտադրության ծավալները 200 միլիոն կիլովատտ-ժամով (կՎտժ) ավելի կլինեն, ինչը կազդի մեծածախ շուկայում սակագնի ձևավորման վրա, հետևաբար կանդրադառնա նաև սպառողների վրա․ - «Ընդհանուր կայանը եթե սովորաբար աշխատել է, 2,4 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա է տվել, ընդհանուր վերազինման արդյունքում մենք հուսով ենք, որ առնվազն 2,9 միլիարդի կհասնենք»:
Նախնական կանխատեսում անել 2019-ի համար Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարը դեռ չի շտապում՝ ասելով, որ դա պետք է որոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Բնակիչների համար սակագնի ձևավորման հիմքում միայն ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան չէ։ «Այստեղ գործոնները շատ են», - նշում է Բաղրամյանը։ - «Համակարգում կան չորս խոշոր մասնավոր ընկերություններ և երեք պետական ընկերություններ: Պետական ընկերությունների մասով մենք ձեզ միանշանակ ցույց կտանք, որ էներգահամակարգում խնայվել է, և ինչքան գումար․․․ մոտ մեկ ամսվա ընթացքում կասենք»:
Ատոմակայանի վերազինման համար Հայաստանին աջակցել էր դաշնակից Ռուսաստանը՝ տրամադրելով 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ։ Վարկի սպասարկման գումարները արդեն իսկ ներառված են էլեկտրաէներգիայի սակագնի մեջ, իսկ 2019-ից նախատեսվում էր, որ պետք է սկսվեր նաև մայր գումարի մարումը։ Սակայն նախարարի պաշտոնակատարն այսօր տեղեկացրեց, որ իրենք դիմել են ռուսական կողմին, որ մարման ժամկետը երկարաձգվի մոտ երկու տարով։
Ըստ նրա՝ այդ ժամանակ արդեն ատոմակայանն արդեն կաշխատի ամբողջ հզորությամբ և ֆինանսական բեռը չի ծանրանա բնակիչների վրա․ - «Նորոգումից դուրս գալուց հետո, բնականաբար, վարկի մարումները պետք է տեղափոխենք էդ ժամանակ: Եվ այն ավել արդյունքը, որ ունենալու ենք էներգահամակարգում, կուղղվի նաև վարկի մարմանը»:
Ատոմակայանի շրջայցին այսօր մասնակցում էր նաև Հայաստանում ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ազատությունը» դեսպանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարության կապակցությամբ։ Հիշեցնեմ, վերջերս հանդիպելով Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ, Լուկաշենկոն քննարկել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի ընտրության հարցը և նշել, որ ռոտացիոն կարգով հաջորդը Բելառուսի հերթն է, իսկ ինքն արդեն երեք թեկնածու է քննարկում թափուր պաշտոնի համար:
Դեսպանն ասաց, թե հարցը մեկնաբանել չի կարող, բայց Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հստակ է․ - «ՀԱՊԿ-ի գործընկերության շրջանակում ծագած բոլոր հարցերը պետք է լուծվեն և կլուծվեն կոնսենսուսի հիման վրա, քանի որ բոլոր երկրները շահագրգռված են, որ կազմակերպությունը աշխատի և մեր ընդհանուր անվտանգության ապահովման հարցում ունենա այն ներդրումը, որը նրանից սպասում են»:
«Ազատության» ճշտող հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը, դեսպանն արձագանքեց․ - «Եկեք այդ թեման թողնենք պետությունների ղեկավարներին: Ես լիազորված չեն նրանց փոխարեն խոսելու: Այդ ամենը քննարկվում է, և ես վստահ եմ, որ հարցը կլուծվի այնպես, որ կազմակերպությունը, այսպես ասենք, այս իրավիճակից դուրս գա էլ ավելի՛ ամրապնդված»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է նոյեմբերի 2-ից։ Մինչ այդ այն զբաղեցնում էր Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, որին Երևանը վաղաժամ հետ կանչեց «Մարտի 1»-ի գործով մեղադրանք ներկայացնելուց հետո։
Նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում կազմակերպության անդամ երկրները այդպես էլ նոր գլխավոր քարտուղարի հարցում ընդհանուր հայտարարի չեկան և որոշեցին քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուգում կայանալիք հանդիպման ընթացքում։