Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյան․ Անխոհեմ է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելը


«Ազատությունն» այսօր իր տաղավարում հյուրընկալել էր ՀՀԿ փոխնախագահ, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին:

«Ազատություն»․ - Դուք քննադատել եք պաշտոնական Երևանի որոշումը՝ ՀԱՊԿ-ից հետ կանչել Յուրի Խաչատուրովին․․․

Վիգեն Սարգսյան․ - Ես երբեք դա չեմ քննադատել: Ես քննադատել եմ անխոհեմությունը այդ պաշտոնի [նկատմամբ] վերաբերմունքի: Դա նշանակում է, որ երբ քայլ ես ձեռնարկում, պետք է հետևանքների մասին մտածես:

«Ազատություն»․ - Նժարին դրված է եղել «Մարտի 1-ի» գործը:

Սարգսյան․ - Շատ լավ: Եթե դրված է եղել «Մարտի 1-ի» գործը և այսպես Հայաստանը շահած դուրս եկավ այս իրավիճակից, ուրեմն շնորհավորում եմ մեր իշխանություններին: Ես կարծում եմ, որ պատերազմի վտանգ ունեցող երկրի համար, իսկ այդ վտանգը գնալով միայն խորանում է, ինչպես տեսնում ենք բոլորս և բոլորս ֆիքսում ենք, անխոհեմ է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնել, այն էլ՝ երբ այդ պաշտոնում նստած է մարտական գեներալ, որը քո առաջնագիծը գիտի կետ առ կետ: Ես վստահ եմ, որ չեն կորցնելու, որովհետև եթե կորցնեն, չգիտեմ էդ խայտառակության տակից ինչպես են դուրս գալու:

«Ազատություն»․ - Բայց այս իշխանությունը հիմա կարող է Մարտի 1-ի տասը զոհերի հարազատների աչքերին նայել և ասել՝ ընթացք կա գործում, Խաչատուրովը մեղադրյալ է:

Սարգսյան․ - Ես կարծում եմ, որ Դուք էլ հավեսի եք ընկել անմեղության կանխավարկածը խախտելու, ինչը ճիշտ չի: Քանի դեռ չկա դատական վճիռ, ոչ մի պրոգրես գործում չկա: Երբ որ կլինի պրոգրես գործում, էդ ժամանակ կնայեն Մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին և կասեն էն, ինչ որ կմտածեն: Բայց դրա վրա միավորներ մինչև ընտրությունները շահել, պետք չի:

«Ազատություն»․ - Անմեղության կանխավարկածի մասին: Օրերս Հանրապետականի խորհրդի հայտարարության ընդունված նախագծի տեքստում մասնավորապես ասվում է, որ Մարտի 1-ի բախումների հրահրողներից մեկը, ինչի հետևանքով եղան մարդկային զոհեր, Նիկոլ Փաշինյանն էր: Ձեզ որտեղի՞ց այս տեղեկությունը:

Սարգսյան․ - Դատական վճիռ, որով նա պատիժ է կրել:

«Ազատություն»․ - Եթե դրա հետևանքով զոհեր էին եղել, ինչո՞ւ այդ սպանությունների հեղինակները տասը տարի ձեր իշխանության օրոք չեն բացահայտվել:

Սարգսյան․ - Ես քննչական մարմիններում երբեք չեմ աշխատել, դժվարանում եմ պատասխանել:

«Ազատություն»․ - Հիմա հավակնում եք ընդդիմադիր ծանրակշիռ բևեռ [դառնալուն]: Զոհերի ծնողները դեռ շարունակում են մեղավորներին պատժելու բացատրություններ պահանջել: Ի՞նչ իրենց կասեք:

Սարգսյան․ - Կասեմ, որ կա դատական վճիռ այն մասով, որով բացահայտվել ա: Էդ դատական վճիռը ոչ ոք չեղյալ չի արել: Եվ եթե հետագայում լինի դատական վճիռ լրացուցիչ ինֆորմացիա պարունակող, դրան կանդրադառնանք էդ ժամանակ: Բայց մեր թիմում, իհարկե, կան մարդիկ, ովքեր դատական գործերի մանրամասներին, իրավական ասպեկտներին շատ լավ են ծանոթ: Առհասարակ մեր թիմը այդ սկզբունքով է ձևավորվել և Հանրապետականի ապագա ֆրակցիայում լինելու են մարդիկ, որոնք մեր երկրին վերաբերող բոլոր խնդիրների նկատմամբ ունենալու են շատ լուրջ մասնագիտական գիտելիք, որը կիրառելի է լինելու հավասարակշռող կարևոր դերակատարում կատարելու համար:

«Ազատություն»․ - Հիմա մեղադրանքները փոխվել են, նոր ծավալ են ստացել, սահմանադրական կարգի տապալման մեղադրանք կա, արդեն ապացուցված է համարվում, որ Տիգրան Խաչատրյանին միտումնավոր հատուկջոկատայինները դիմահար կրակոցով սպանել են․․․

Սարգսյան․ - Ես կարծում եմ, Դուք էլի շտապում եք․ դատական վճիռը կլինի, էդ ժամանակ ապացուցված կլինի:

«Ազատություն»․ - Դրա՞ համար միայն Նիկոլ Փաշինյանի դրվագն եք Մարտի 1-ի մասին գրել ձեր բանաձևում:

Սարգսյան․ - Իհարկե: Որովհետև դա է այս պահին ապացուցված դրվագը: Մնացած ամեն ինչը ժամանակը պետք ա իր տեղը դնի: Ես կարծում եմ, որ ինչ վերաբերում է լրացուցիչ ծավալին և այլն, պետք չի շտապել: Ես կարծում եմ, որ պետք է հարցերին հարցերին մոտենալ խոհեմ: Ես իրավաբան չեմ, ինձ համար դժվար է մեկնաբանել: Բայց կարծում եմ, որ Դուք հնչեցրեցիք մեղադրանքին ավելացված մի հոդված, որն այն ժամանակ գոյություն չի ունեցել: Այնքանով, ինչքանով ես միջազգային իրավունք եմ անցել․․․ ես գիտեմ, որ հետադարձ կիրառում հոդվածները չեն կարող ունենալ: Ինչպես է դա արվելու, ինչպես է մեղադրանքը ներկայացվելու, ժամանակը ցույց կտա: Ես հիմա կարծում եմ, մեր խոսակցությունը՝ և՛ Ձեր հարցը, և՛ իմ պատասխանը, սպեկուլյատիվ է:

«Ազատություն»․ - Ձեր ցուցակում ամենաներկայանալի տեղերից մեկը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը Մարտի 1-ի մասին բառացիորեն ասել է՝ որևէ բախում չի եղել, այլ իշխանությունները կազմակերպել են սպանդ, բանակի ուղղակի միջամտությամբ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության բռնազավթում: Եթե սա փոխադրենք, նշանակում է, որ Սերժ Սարգսյանը սպանությունների գնով բռնազավթել է իշխանությունը: Եվ հիմա այդ մարդը ձեր կուսակցության համամասնական ցուցակում է, թեև կուսակցական չէ:

Սարգսյան․ - Ես կարծում եմ, Դուք մի քիչ փոխում եք բառերի իմաստը: Դավիթ Շահնազարյանը ձեր եթերում հաճախ է լինում, կարծում եմ, հերթական անգամ իրեն կհարցնեք, թե ինքը ինչ նկատի ուներ․․․ Ես կարծում եմ, Դուք կոնտեքստից խոսքեր եք պոկում հիմա: Ինչ վերաբերում է մեր ցուցակին, ապա այն կազմվել է մի սկզբունքով՝ մենք համախմբել ենք մարդկանց, ովքեր ապագա խորհրդարանում ունեն հստակ անելիք այն սպառնալիքների հետ կապված, որոնք պետության առաջ օր առ օր ավելանում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG