Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից


Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

«Համաձայն սահմանված կարգի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յու․ Գ․ Խաչատուրովը ազատվել է Կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնից», - հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը՝ նաև տեղեկացնելով, որ 6 երկրներին միավորող ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

2008-ին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:

Մեղադրանքի առաջադրումից հետո Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլի 14-ից:

Այսօր խորհրդարանում արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանը նոր թեկնածու ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասաց․ - «Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք, մեր գնահտամամբ, կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն աշխատանքը»:

Մնացականյանը հավելեց, որ հաջորդ շաբաթ ՀԱՊԿ-ում տեղի է ունենալու քննարկում արտգործնախարարների մակարդակով՝ հիմնվելով արդեն տեղի ունեցած աշխատանքների վրա։ Նշեց նաև, որ հաջորդ շաբաթ արդեն կհայտարարվի քննարկման արդյունքների մասին։

Մնացականյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացնում է վարչապետը, որը նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում կմասնակցի կազմակերպության անվտանգության խորհրդի գագաթնաժողովին:

«Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանը կարողացավ պահպանել նոր թեկնածուի առաջադրման իրավունքը, արտգործնախարարի պաշտոնակատարը պատասխանեց։ - «Դա հիմա օրակարգում է: Հաշվի առեք, որ մենք խոսում ենք մի շրջանի մասին, երբ որ մոտավորապես մեկ տարի, մեկ տարուց ավելի է այս ամենը, և մենք վստահ ենք, որ մենք կարող ենք այդ գործառույթը իրականացնել: Եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, որ կարող թեկնածու ունենանք, որը կկարողանա իրականացնել նման գործառույթ»:

Մեկ այլ հարցի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ի՞նչ են կարծում Հայաստանի՝ թեկնածու ունենալու վերաբերյալ, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց․ - «Դրա համար եմ ասում, որ չեմ ուզում հիմա առաջ ընկնել: Դեռ ոչինչ վերջնական չի»:

Հայաստանի արտգործանախարարի պաշտոնակատարն անդրադարձավ Յուրի Խաչատուրովի ազատման ընթացակարգին․ - «Աշխատանքային մակարդակով նշանակում է այն, որ պետությունների ղեկավարները կարիք չունեին հավաքվելու մի տեղ, այլ աշխատանքային մակարդակով ստորագրվել և հանձնվել էր քարտուղարություն: Երբ որ քարտուղարությունը հաստատում է, որ բոլոր վեց պետություններից կա ստորագրությունը, գործընթացը համարվում է ավարտված»:

Արտգործնախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանի առաջնային շահագրգռվածությունն այն է, որ ՀԱՊԿ-ը շարունակի մնալ արդյունավետ կառույց․ - «Մենք կարող ենք այդ գործառույթը իրականացնել, եթե մեր կողմից լինի թեկնածու, վստահ եմ, որ կարող ենք: Ուրիշի կողմից որ լինի, վստահ եմ, որ պետք է նայենք ով է այդ ուրիշը․․․․ Քարտուղարությունը ապահովում է անդամ պետությունների բնականոն աշխատանքը՝ միասին համագործակցելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG