Մատչելիության հղումներ

Զոհրաբյան․ Քարոզարշավի ընթացքում կազմակերպված ձևով աշխատանք է տարվել կազմալուծելու ԲՀԿ-ի ակտիվի աշխատանքը


«Քարոզարշավի 12 օրերի ընթացքում կազմակերպված ձևով աշխատանք է տարվել կազմալուծելու «Բարգավաճ Հայաստանի» ակտիվի աշխատանքը», - մինչև քվերակություն կատարելը լրագրողների հետ զրույցում առավոտյան հայտարարեց կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը։

Նա այսպես արձագանքեց, խոսելով երեկ Աջափնյակ համայնքում տեղակայված իրենց շտաբերից մեկում ոստիկանության կատարած գործողություններից։

Գումար բաժանելու մասին ահազանգով իրավապահներն երեկ քննչական գործողություններ էին իրականացրել կուսակցության նախընտրական շտաբում։ Զոհրաբյանը պահանջեց ոստիկանապետից գեթ մեկ փաստ ներկայացնել ընտրակաշառք բաժանելու մասին, հակառակ պարագայում խնդրեց քրեական պատասխանատվության ենթարկել ահազանգողներին՝ սուտ մատնության հոդվածով։

«12 օրվա ընթացքում կազմակերպված ձևով մեր 300 ակտիվիստներ պարբերաբար հրավիրվել են տարբեր ոստիկանական բաժանմունքներ՝ ասելով, որ ահազանգ կա, որ դուք ընտրակաշառք եք բաժանում։ Որևէ ահազանգ չի հաստատվել: 12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել և չեն կարողանալու ներկայացնել մեկ անձի, որ ընտրակաշառ է բաժանում այն պարզ պատճառով, որ չկա ընտրակաշառք», - հայտարարեց Զոհրաբյանը:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն վստահ է՝ ընտրակաշառք բաժանելու մասին անգամ ահազանգեր չեն եղել, նրա խոսքով՝ ոստիկանությունը փորձել է ահաբեկել է իրենց ակտիվիստներին․ - «Ակտիվիստներ կան, ովքեր իսկապես վախեցել են: Ամուսիններ են եղել, ում տարել են Զեյթունի ոստիկանական բաժանմունք․․․ ասել են՝ մի տարեց տղամարդ ահազանգել է, ասել է՝ մտել են, տվել են «Բարգավաճի» բուկլետը: Ինքը չէր ուզում «Բարգավաճի» բուկլետը վերցնել»:

Քաղաքապետի թեկնածուն դեռ երեկ նշել էր, որ բարձրացնելու է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի հարցը։ Զոհրաբյանը հայտարարում է, որ «Բարգավաճը» դարձել էր ոստիկանության թիրախն ու դա արվել է ուղղորդված․ - «Ինչպես Ձեր վարչական շրջաններից մեկի ոստիկանապետերի մեկը նշեց, ամբողջ Ձեր օպերատիվ խրոնիկան թողած, ոստիկանության աշխատակիցները զբաղված են եղել որսալով մարդկանց, որ իբր օրինախախտում են արել: Հորդորում եմ Ձեզ քրեական պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր եղել են այդ կեղծ ահազանգերի հետևում: Կա՛մ Դուք դա անում եք, կա՛մ մենք ստիպված ենք լինելու արձանագրել, հարգարժան ոստիկանապես, որ Ձեր գործողություններում կան հստակ ուղղորդվածություն «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ: Եվ բնականաբար, առաջանալու է հարց՝ Դուք իրավունք ունե՞ք շարունակելու Ձեր գործունեությունը որպես ոստիկանապետ․ թե՞ ոչ»:

Զոհրաբյանը վստահ է նաև, որ երեկ՝ լռության օրը, «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը հակաքարոզչություն է իրականցրել իրենց դեմ։

ԱԺ «Ծառուկյան» խմբացության պատգմավոր Վահե Էնֆիաջյանը և մի խումբ երիտասարդներ ներխուժել էին «Մեդիա կենտրոն» և փորձել տապալել «Անկախ դիտորդ» նախաձեռնության մամլո ասուլիսը՝ բանախոսներին մեղադրելով կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Նշեմ, որ «Անկախ դիտորդի» անդամները երեկ հայտարարել էին, որ ընտրակաշառքի մասին բազմաթիվ ահազանգեր են ստացել, և դրանք հիմնականում եղել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին։

Զոհրաբյանը խոսելով միջադեպից ասաց՝ իրավական գործընթաց են սկսում նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանի դեմ․ - «Լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել «Բարգավաճ Հայաստանի» հանդեպ: Մենք իրավական դաշտում հետամուտ ենք լինելու, մեր իրավաբանները արդեն պարոն Իոաննիսյանի դեմ նախապատրաստում են վարչական վարույթ»:

Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, հայտարարել էր, որ ԲՀԿ ցուցակի 33-րդ համար Աշոտ Անդրեասյանը ինքն է արշավ իրականացնում սոցիալական ցանցերում ֆեյք էջերի միջոցով։

«Ազատության» այս դիտարկմանը Զոհրաբյանն արձագանքեց. - «Մեր երիտթևում շատ Աշոտներ կան․․․ Ես չեմ կարող 195 համարներին անգիր հիշել: Դանիել Իոաննիսյանը, կարծում եմ, որպես պրոֆեսիոնալ իրավաբան, ունի բոլոր հնարավորությունները դիմելու իրավապահ մարմիններին»:

4/35 ընտրատեղամասում Նաիրա Զոհրաբյանը քվերակեց հանուն բարեկարգ ու հարմարավետ Երևանի։ Քաղաքապետի թեկնածուն նաև հույս հայտնեց, որ արդար մրցապայքար է լինելու, և վարչական ռեսուրսը որևէ կերպ չի կիրառվելու։

XS
SM
MD
LG