Մատչելիության հղումներ

Ոստիկանների երեկվա գործողությունները ԲՀԿ նախընտրական շտաբում օրենքի շրջանակներում էին. Օսիպյան


Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գնահատմամբ, ոստիկանության երեկվա գործողությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում օրենքի շրջանակներում էին։

«Ազատության» հարցին, թե հաստատվե՞լ են ընտրակաշառք բաժանելու մասին տեղեկությունները, Օսիպյանը պատասխանեց. - «Այդ փաստն ուսումնասիրության մեջ է, հենց որևէ բան լինի, պարզաբանումներ կտրամադրվեն»։

Ոստիկանությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում, որը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբ, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել են դեպքի վայր:

Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարելով, թե այս ամենը «սուտ մատնություն» է իրենց «կուսակցությունը կազմալուծելու նպատակով»։

«Հիմա, հարգարժան պարոն Օսիպյան, կա՛մ Դուք սուտ մատնության հոդվածով քրեական գործեր կհարուցեք բոլոր այն անձանց հանդեպ, ովքեր սուտ մատնության գործողություն են կատարել և ուղղակի նպատակը մեկն է՝ կազմալուծել «Բարգավաճ Հայաստանի» աշխատանքը, մեր ակտիվիստների աշխատանքը, կա՛մ, պարոն Օսիպյան, մենք բարձրացնելու ենք Ձեր հրաժարականի հարցը, որովհետև Դուք չեք տիրապետում իրավիճակին», - երեկ հայտարարեց Զոհրաբյանը։

Այսօր «Ազատության» խնդրանքով արձագանքելով Զոհրաբյանի երեկվա հայտարարությանը, Օսիպյանն ասաց. - «Դա Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում։ Ոստիկանությունը տիրապետում է ՀՀ ողջ օպերատիվ իրավիճակին և ցանկացած ահազանգ, ցանկացած գրառում, որը կատարվում է ֆեյսբուքներում, ոստիկանությունը պարտադիր ուսումնասիրություն է իրականացնում»։

Հարցին, թե առհասարակ ընտրակաշառքի փաստեր կա՞ն, Օսիպյանը պատասխանեց, որ կան մի քանի հարուցված քրեական գործեր ընտրակաշառքի մասով, «ընթացքի մեջ են, համապատասխան վարույթ է իրականացվում», սակայն, որպեսզի «չդիտվի քարոզչություն կամ հակաքարոզչություն», նախընտրեց դրանց անդրադառնալ ընտրություններից հետո։

«Այսօր ամեն ինչ նորմալ է, որևէ ահազանգ դեռ չենք ստացել», - ասաց Օսիպյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG