Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ ԲՀԿ նախընտրական շտաբում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:

«Մասնավորապես՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:

Ըստ զեկուցագրի, ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:

Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետև միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով և քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով և բղավոցներով»:

Դեպքի առթիվ, ըստ կոմիտեի, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) մասով»:

«Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը երեկ ահազանգ էր ստացել, որ Երևանի Աջափնյակ համայնքում՝ Գևորգ Չաուշի հուշարձանի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում, որը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբ, գումար են բաժանում։ Իրավապահները մեկնել էին դեպքի վայր և քննչական գործողություններ իրականացրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG