Հատուկ քննչական ծառայության պետը երեկ հայտարարեց՝ հետաքննությունը պարզել է, որ 2008-ի մարտի մեկին Լեո փողոցի վրա բանակը կրակել է բնակելի շենքերի ուղղությամբ:
«Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այդ պատշգամբների ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն՝ բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին», - հայտարարել էր Սասուն Խաչատրյանը:
Առաջինը, ինչ հիշում են 2008-ի մարտի մեկի դեպքերից Լեոյի բնակիչները՝ Ռուբեն Թորոսյանի պատմությունն է: Լեոյի 46 հասցեում, իր իսկ տան պատշգամբում Ռուբենը հրազենային վիրավորումից գլխուղեղի վնասվածք էր ստացել:
Ռուբեն Թորոսյանն այժմ հաշմանդամ է, քրոջ խնամքի տակ: Քույրը՝ Մարգարիտա Թորոսյանն ասում է՝ մինչև հիմա եղբայրը տուժողի կարգավիճակ չունի, չկա հարուցված քրեական գործ․ - «Փոխհատուցում չի ստացվել: Մարտի 1-ին այդ ձայների վրա ինքը դուրս ա եկել մեր բակ, ու այդ դեպքը տեղի է ունեցել: Հրազենային վնասվածք ճակատի հատվածում: Մի անգամ էկել են քննիչները, ցուցմունք են վերցրել մորիցս և Ռուբենի կնոջից, այդքանը: Լիարժեք ինքը չի ապաքինվել»:
Թորոսյանն ասաց, որ գործի վերաբացումից մի քանի օր հետո քննիչներ են եկել․ - «Փոխանցել եմ ինչ ինֆորմացիա ունեի այդ օրվան վերաբերող»:
Լեոյի բնակիչների հավաստմամբ ուժայիններն անկանոն կրակ են բացել: «Ազատության» հետ զրույցներում հաստատեցին ՀՔԾ պետի հայտարարությունը՝ շենքերի ուղղությամբ կրակ եղել է:
Մարտի 1-ի դեպքերի ականատեսները, սակայն հստակ չգիտեն, թե որ կառույցի ծառայողներ են եղել կրակ բացողները:
«Զինված էին ավտոմատներով զինվորները: Ոստիկանության ձեռն էլ կար զենքեր, բայց կրակողը ով էր, ստույգ չեմ կարա ասեմ», - ասաց նրանցից մեկը:
Մի կին հավելեց․ - «Առավոտը ժամը վեցին աղջիկս իջավ ներքև, ասեց՝ պարկուճները հավաքեմ, որ ես փաստ ունենամ: Չկար, մեզնից առաջ արդեն հավաքում էին ներքևում, ոստիկանությունից էր, ինչ էր՝ չգիտեմ: Ջրի մեքենաները անընդհատ լվանում էին՝ արյուն չլինի, չգիտեմ ինչ չլինի»:
Լեոյի 12 շենքի բնակիչներից մեկի դուռն էլ մարտի մեկի գիշերը ոստիկան է թակել: Տիկին Ալան պատմում է՝ ոստիկանը հրաժարվել էր ցուցարարների վրա կրակել ու ապաստան էր փնտրում․ - «Ասեց՝ ես չեմ կարողանում, ներվերս չի հերիքում ինչ որ տեսնում եմ: Զենքերը տվել են ձեռս, ես կրակողը չեմ․․․ Մենք իրան պահեցինք, իրա մաման զանգեց, պապան զանգեց, թե խնդրում ենք դուրս չթողեք․․․ Ինքը վախեցած էր և ասաց՝ չեմ կարա էդ հրամանները կատարեմ, ինչ որ իրանք ինձ ստիպում են․․․ Ասեց՝ ես չեմ կարող կրակել իմ ազգի վրա»:
«Ազատության» հետ զրուցած ականատես բնակիչներից որևէ մեկը ո՛չ 2008-ին, ո՛չ հիմա չի հարցաքննվել: