Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Զինված ուժերը ներգրավված են եղել Մարտի 1-ի գործողություններին:
«Ես չեմ կարող գնահատականներ տալ նախաքննության մարմիններին և դատախազությանը․․․ դա ճիշտ չի: Զինված ուժերը Մարտի 1-ի գործողություններին ներգրավված են եղել, դա փաստ է: Եվ ներգրավված են եղել, արտակարգ դրության շրջանակներում իրենց պարտականությունները կատարել են: Թե ինչ է կատարվել դրանից ավել, նախաքննությունը կհաստատի»:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հետ երեկ հրավիրած ասուլիսին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն աղմկահարույց հայտարարություն արեց, թե բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ին, բանակը կրակել է․ - «Բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, պատշգամբների ուղղությամբ այն բանից հետո, երբ այդ պատշգամբների ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն՝ բանակը ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին»:
Այս օրերին ընթացող «Շանթ-2018» զորավարժության շրջանակում այսօր լրագրողների հարցերին պատասխանեց նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Դավթյանը 2008-ին Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետն էր, և գեներալ-մայորին խնդրեցինք արձագանքել:
«Նորից ասենք՝ բանակը չի կրակել: Եթե կրակել են, կրակել են ինչ-որ անհատ զինծառայողներ, որոնք ունեն ազգանուններ, որոնց տակ կանգնած են անհատ մարդիկ: Ընդհանուր բանակը, եթե վերցնենք, տասնյակ հազարավոր մարդիկ ենք։ Հիմա ասում են՝ տասնյակ հազարավոր մարդիկ կրակել են․․․ Տասնյակ հազարավոր մարդիկ չեն կրակել, կրակել են կոնկրետ անհատներ», - ասաց Դավթյանը:
«Ազատության» հարցին՝ եղե՞լ է նման հրաման, Գլխավոր շատբի պետն արձագանքեց․ - «Նման հրաման չի եղել»:
«Ազատության» հաջորդ հարցին, թե 2008 թվականի փետրվար-մարտին Պաշտպանության նախարարությունում ինչ քննարկումներ էր վարում, ինչ հրամաններ էր տալիս ռազմական գերատեսչությունը այդ ժամանակ գլխավորող, ներկայումս սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ու հետախուզվող Միքայել Հարությունյանը, ով հայտնի 0038 գաղտնի հրամանի հեղինակն է, որի հիման վրա էլ բանակը, փաստորեն, ներգրավել է մարտի 1-ի գործողություններին, Դավթյանը պատասխանեց․ - «Դուք ավելի շատ հարց տվեցիք, քան թե քննիչները, երբ համապատասխան հարցերը ուղղում էին ինձ․․․ Տասը տարվա վաղեմության հետ կապված դեպքերի մասին բոլոր տեղեկատվությունը, որը հասանելի է եղել ինձ, համապատասխան մարմինների հարցումով ես բոլորը պատասխանել եմ: Ընթանում է քրեական գործը, քրեական գործի շրջանակներում, ինձ թվում է, պարզ կլինի բոլոր խնդիրները: Ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանելու քրեական գործի նյութերին առնչվող հարցերը»:
Հայաստանի համար նախատեսված ռուսական նոր՝ 100 միլիոն դոլար վարկի կնքումը ընթացքի մեջ է
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ուշագրավ ևս մեկ հայտարարություն արեց՝ Հայաստանի համար նախատեսված ռուսաստանյան նոր՝ 100 միլիոն դոլար ռազմական վարկի կնքումը ընթացքի մեջ է․ - «Դա մի գործընթաց է, որը իրականացվելու է: Ես իրավունք չունեմ մանրամասնելու տեսակները: Ժամանակին դրա վերաբերյալ տեղեկությունները առկա կլինեն բոլորիդ համար: Համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ բավականին հաջող ձևավորվում է և զարգանում է»:
Բանակցություններ են տարվում բազմաֆունկցիոնալ ռազմական ավիացիայի ձեռքբերման նպատակով
Պաշտպանության նախարարի խոսքով, ներկայում Ռուսաստանի հետ Հայաստանը բանակցում է բազմաֆունկցիոնոլ ռազմական ավիացիայի ձեռքբերման նպատակով․ - «Մենք կարևորում ենք բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեռք բերումը ու ներդրում զինված ուժերում: Դա առաջնահերթություն է»:
Տոնոյանը անդրադարձավ նախորդ օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի հյուսիս-արևելյան՝ սահմանամերձ բնակավայրերի գնդակոծմանը՝ կայուն բնութագրելով իրավի֊աճակը և հավելելով, որ Հայաստանի Զինված ուժերը արձագանքում են հակառակորդի գործողություններին: