Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին զոհված զինծառայողի մայրը պնդում է, որ որդին զոհվել է արտակարգ դրություն մտցնելուց հետո


Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը տասը տարի շարունակ պնդել է՝ ոստիկանական զորքերի զինծառայող 18-ամյա որդին զոհվել է 2008-ին արտակարգ դրությունը մտցնելուց հետո։

«Ես էդ վերսիան անընդհատ ասում էի: Մենք հեռուստատեսությամբ ինն անց կես լսեցինք, որ Քոչարյանն ասեց արտակարգ դրություն պիտի մտցնենք, մեր կողմից էլ զոհեր կան, իսկ իմ որդին դեռ չէր զոհվել, իմ որդուն խփել են ժամը տասն անց կես», - «Ազատության» հետ զրույցում պատմեց որդեկորույս մայրը:

Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ աղմկահարույց բացահայտում արեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ասելով, որ Լեոյի փողոցի վրա հատուկ ջոկատայինները կրակ են բացել 18-ամյա զինծառայողի վրա․ - «Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Եվ մեր վերսիան հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե՝ մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Դա նախաքննությամբ հիմնավորվել է»:

Ռուզաննա Հարությունյանը պնդում է, որ Լեոյի փողոցի վրա, որտեղ զինծառայող որդին է եղել, ցուցարար չի եղել և իրավապահները ցանկության դեպքում կարող էին դյուրությամբ բացահայտել՝ ով կամ ովքեր են կրակ բացել որդու վրա․ - «Հենց մենակ էն, որ իմ որդու մոտ ոչ մեկը չի եղել, որ իրենց մոտ եղել է կանգնած միայն զորքը՝ ներքին զորքերը, էդ հատուկ ջոկատը և իրանք: Ցուցարարներ ընդհանրապես իրանց մոտ չի եղել, իրանց մոտ եղել է գեներալ: Հըլը ես էն ժամանակ մտածում էի, որ հենց գեներալ Գրիգոր Գրիգորյանն ա իմ էրեխուն խփել: Ես անընդհատ դատախազության քննիչին ասում էի՝ դու ինձ ասա ինչ հեռավորությունից են իմ էրեխուն խփել, ես քեզ կասեմ ով ա խփել իմ էրեխուն»:

Ռուզաննա Հարությունյանը պատմում է, որ հանգուցյալ ամուսնու հետ այնքան էին ուսումնասիրել գործը, որ իրենց սեփական վարկածներն էին առաջ քաշում․ - «Եթե մոտիկ տարածությունից են խփել, ուրեմն իրա կողքի մարդիկ են խփել իմ էրեխուն․․․ Ինձ ասում էին սնայպերն ա խփել, կամ ավտոմատով ա: Ասում էինք՝ ավտոմատով հնարավոր չի: Եթե ավտոմատով լիներ, կողքի էրեխեքից մեկնումեկն էլ կվիրավորվեր»:

Որդեկորույս մայրը պատմեց, որ տղան 40 օր կոմայի մեջ է եղել, իրեն թույլ չէին տալիս մոտենալ նրան, պնդում է, որ հնարավորություն ունենար մոտենալ որդուն, ապա նա կարող էր աչքերով իրեն տեղեկություն հաղորդել կրակողի մասին․ - «Հենց ես մտնում էի ներս, գլխավոր բժշկի տեղակալը գալիս էր կողքս կանգնում էր: Ոչ մի կերպ ես չէի կարում իմ որդու հետ խոսեի»:

Մայրը պատմում է, որ որդին մահացավ Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո։ Կասկածներ ունի, որ հատուկ այդպես արվեց, որպեսզի այդ արարողության ժամանակ խնդիրներ չլինեն․ - «Սիրտը կանգնել էր, ապարատները անջատել էին: Գոռգոռացի, էլեկտրաշոկերով նորից հետ բերեցին էրեխուս, միացրեցին ապարատներին: Ամսի 11-ին գնացի, ասին՝ արդեն մահացել ա․․․ Իրանք հատուկ պահեցին էնքան․․․ ոչ մեկը իմ էրեխու մասին չգիտեր, որ ինքը վիրավորվել ա, զոհվել ա, ինչ եղել, մինչև ամսի 11-ին իմ որդին ու Սամվել Հարությունյանը: Երկուսն էլ նույն օրը՝ ապրիլի 11-ին մահացան հիվանդանոցում»:

2008 թվականի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:

Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

XS
SM
MD
LG