Մատչելիության հղումներ

Նարիա Զոհրաբյանը «աբսուրդ» է որակում ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը


Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Բարգավաճ Հայաստանի» անունը կապվում է կաշառք բաժանելու մասին ահազանգերի հետ։

Ֆեյսբուքյան օգտատերերը գրում են, քաղաքացիները՝ հայտարարում, իսկ կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հերքում է․ - «Աբսուրդ է մտածել, որ ես կարող եմ հանդուրժել քվեարկություն հօգուտ ինձ գնված ձայնով: Չի կարող լինել այդպիսի բան: Դա սյուրռեալիզմ էլ չէ, դա աբսուրդի թատրոն է»:

Որակումներ դեռ չեն տրվում, բայց Գլխավոր դատախազությունում արդեն իսկ աշխատանք է սկսվել։ Ընտրակաշառք տալու 4 դեպք կառույցում այժմ ուսումնասիրվում է։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ դրանցից 3-ը վերաբերում են մամուլի հրապարակումներին, իսկ մեկը՝ քաղաքացու ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ օգտատերը ևս տալիս է «Բարգավաճ Հայաստանի» անունը․ - «Հայտնում է, թե Արաբկիր վարչական շրջանի ԲՀԿ ավագանու թեկնածուն գումար է բաժանում: Սա ուղարկվել է ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով»:

Խաչատրյանն ասաց, որ այս պահին նշված գործերով որևէ նորություն չկա․ - «Առայժմ կատարվում են ստուգողական գործողություններ: Հետագայում արդեն արդյունքների մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ»:

Պատգամավոր, մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցության կողմից կաշառք բաժանելու առաջին ահազանգը «Իմ քայլը» դաշինքից էր։ Դեռ անցած շաբաթ ավագանու թեկնածու Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքում գրել էր, թե Արաբկիրում ԲՀԿ թեկնածուի կողմից գումար է բաժանվել:

Իսկ երեկ Էրեբունու բնակիչներից մեկը մոտեցել էր քաղաքապետ թեկնածու Հայկ Մարությանին ու հայտարարել, որ ինքը լսել է, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստանը» փոստատարների միջոցով կաշառք տալիս։

«Ես, որպես պատգամավոր, խոստանում եմ, որ հետամուտ եմ լինելու, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկվեն, օրինակ, այն անձինք, մասնավորապես նշյալ տիկինը, ով երեկ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ինքը լսել է, որ իրեն ասել են, որ ինքը մի տեղ կարդացել է, որ «Բարգավաճ Հայաստանը» բաժանում է ընտրակաշառք: Հորդորում եմ իրավապահներին ամենայն մանրամասնությամբ զբաղվել այդ գործով», - այս առնչությամբ այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա պնդմամբ՝ չկա որևէ փաստ, որ «Բարգավաճ Հայաստանը» կաշառք է բաժանում կամ փորձում երևանցուն շահագրգռել այլ մեթոդներով։

Քաղաքապետի թեկնածուն այժմ սպասում է իրավապահների արձագանքին, որին նաև իր պատգամավորական քայլերը կհետևեն․ - «Ես ինքս, որպես պատգամավոր, պատրաստվում եմ սկսել իրավական գործընթաց բոլոր նման ապատեղեկատվություն տարածողների և բոլոր նման «Կարգին մասկի շոու» կազմակերպողների հանդեպ: Ես դա խոստանում եմ»:

Այն, որ բարեկարգ, հարմարավետ ու կանաչ Երևան խոստացող «Բարգավաճ Հայաստանը» կաշառք բաժանելու մտադրություն ունի, պնդում է նաև Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, թե այդ մասին իրենք դեռ մինչև քարոզարշավի մեկնարկն էին տեղեկացել։

Իոաննիսյանի ձևակերպմամբ՝ «օրինական կաշառքը տրվելու է որպես ծառայության մատուցման վճար, օրենքով չարգելված, պայմանագրով՝ հաստատված»․ - «Ինչ-որ ընտրողի ուզում են կաշառք տան, բայց վախենում են կաշառք տալ, որովհետև բռնվելու վտանգ կա: Եվ պայմանագիր են կնքում, որ, ենթադրենք, 50 հազար դրամ ենք տալիս նրա համար, որ դու քո հինգ հոգանոց ընտանիքում քարոզես մեր համար»:

Իոաննիսյանի խոսքով, գործող օրենսդրությունը այս բացերը չի ծածկում․ ելքը միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է։ Անկախ դիտորդը նաև հույս է հայտնում, որ ոստիկանությունն այնունամենայնիվ կկարողանա պայքարել նմանատիպ երևույթի դեմ։

Իսկ ահա Նաիրա Զոհրաբյանը հակադարձում է, որ ընտրակաշառքը օրինական չի լինում․ - «Ներկայացրեք կոնկերտ փաստեր, հակառակ դեպքում պատիվ ենք պահանջելու»։

XS
SM
MD
LG