Մատչելիության հղումներ

Քիմպրոմցիները սպառնում են դիմել կտրուկ քայլերի


«Պատրաստվում ենք թուր ու թվանքը վերցնեն, գնանք զավոդը փակենք: Օրինական ստեղ ոչ մի բան չկա: Անօրինական երկիր ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

«Վանաձոր Քիմպրոմի» նախկին աշխատակիցները ստիպված կլինեն կտրուկ քայլերի դիմել, եթե հստակ պատասխան չստանան իրենց աշխատավարձերի հետ կապված:

«Պատրաստվում ենք թուր ու թվանքը վերցնեն, գնանք զավոդը փակենք: Օրինական ստեղ ոչ մի բան չկա: Անօրինական երկիր ա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Ժամանակ առ ժամանակ մարզպետարանի առջև բողոքի ցույցեր անցկացնող «Վանաձոր Քիմպրոմի» ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները մտածում են, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել, որպեսզի իշխանություններն իրենց ուշադրություն դարձնեն․ - «Ասենք, վերևից ասեն՝ էս մարդիկ ի՞նչ են ուզում: 150 հոգին հո խելագար չեն, որ գնացին էս քայլին»:

Քիմպրոմցիների խնդրանքով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրավոր դիմել էր վարչապետին և ստացել հետևյալ պատասխանը․ Կառավարությունը լիազորված չէ միջամտելու դատարանի գործունեությանը կամ փոխելու դատարանի որոշումները, ուստի գործի ընթացքի ներկա փուլում որևէ գործողություն կատարելու իրավասություն չունի:

Քիմպրոմցիներին այս պատասխանը բնականաբար չի բավարարում․ - «Ստացվում ա, որ մենք նորից օդից կախվեցինք, ոչ մեկը չի ուզում մեզ օժանդակի: Մենք արդեն էլ ուրիշ ելք չունենք, ստիպված դիմելու ենք այլ քայլերի»:

ՋԷԿ-ի աշխատակիցները դեռ 2012 թվականին դիմել էին դատարան, 2014-ին շահել էին դատը, բայց մինչև օրս նրանցից ոչ մեկի աշխատավարձը չի վճարվել: Դատարանը սնանկ էր ճանաչել 2011 թվականին ՋԷԿ-ի սեփականատեր «Ռեգիոն Էներջի» ընկերությունը՝ պարտավորեցնելուց գույքի վաճառքից ստացվելիք միջոցներից վճարել շուրջ 130 մլն դրամ աշխատավարձի պարտքը: Ավելի ուշ, սակայն, պարզվել էր, որ «Ռեգիոն Էներջիի» սնանկացումից հետո պարտքը վճարելու ընկերության իրավահաջորդը՝ «Վանաձոր Քիմպրոմը»: Սակայն անցած տարի սնանկ ճանաչվեց նաև այս ընկերությունը, որը բաղմաթիվ պարտքեր ունի, իսկ աշխատավարձի պարտքը այդ ցուցակում ամենևին էլ առաջնահերթ չէ:

Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի հետ չհաջողվեց կապ հաստատել: Ավելի վաղ նանախկին աշխատակիցներին առաջարկել էր դիմում գրել, որպեսզի իրենց պարտատերերի ցուցակում առաջնահերթություն տրվի: Դիմումը ներկայացնելուց ամիսներ են անցել, բայց ոչինչ չի փոխվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG