Մեծ աղմուկ հանած ավագանու որոշման համաձայն, մոտ երկու ամիս առաջ Վանաձորում գործող ութ գրադարաններից չորսը փակվեցին, իսկ աշխատակիցների գերակշիռ մասը զրկվեց աշխատանքից: Արդյունքում քաղաքապետարանը տարեկան ավելի քան 30 միլիոն դրամ կխնայի:
Հիշեցնեմ, ապրիլին 18-ին կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էր, թե իրենց կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ գրադարաններն արդյունավետ չեն աշխատում, հաստիքներն ուռճացված են, իսկ քաղաքապետարանի բյուջեն սուղ է:
Ավագանու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր հերթին ուսումնասիրել է խնդիրն ու գտել, որ գրադարանների փակումը զուրկ է օրինական հիմքերից:
Խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը «Ազատության» հետ զրույցում հիմնավորեց քաղաքապետին ուղղված նամակի պահանջը․ - «Օպտիմալացմանը կողմ ենք մենք նույնպես: Բայց, մեր պատկերացմամբ, օպտիմալացումը պետք է լինի հիմնավորված՝ ուսումնասիրությունների, ինչ-որ վիճակագրական տվյալների հիման վրա, որը մինչև օրս չի ներկայացվել: Ուղղակի որոշում է ընդունվել, որ պետք է փակվեն: Մենք գտնում ենք, որ իրենց չեն փորձում օպտիմալացման միջոցով խնդիրը լուծել, իրենք ուղղակի խնդիրը վերացնում են»:
Գրադարանների հաստիքացուցակներն ուռճացված լինելու հարցում Եղիազարյանը համամիտ է քաղաքապետի հետ, բայց կարծում է, որ պետք էր ոչ թե գրադարանները փակել, այլ պարզապես աշխատակիցների մի մասին կրճատել․ - «Կա իրոք ուռճացում: Եթե երեք հոգով հնարավոր է աշխատացնել, ինչու պետք է վեցը աշխատեն․․․ Այդ դեպքում ես կողմ եմ օպտիմալացմանը, բայց ընդհանրապես փակել գրադարանները մի քիչ անհիմն է»:
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն Խորեն Գասպարյանը մեզ «Ազատության» հետ զրույցում ասաց, թե փակված չորսը գրադարաններից երեքը տեղակայված էին դպրոցներում, իսկ մյուսը գործում էր անմխիթար շենքային պայմաններում:
Գասպարյանի փոխանցմամբ՝ գրքերը հավանաբար կբաշխվեն մյուս գրադարանների միջև, բայց հստակ դեռ ոչինչ չեն որոշել․ - «Գիրքը եթե իր տեղում դրված է, էդ գիրքը չփչացա՞վ միանգամից՝ եթե շենքի պայմանը վատ չլինի: Բայց եթե անընդհատ չբացվի, ընթերցող չգնա, աշխատող չլինի, չնայի, որոշակի տեղաշարժ չանի, բնականաբար գրքերը կտուժեն: Բայդ առայժմ քննարկման փուլերում է»:
Ընդդիմադիր խմբակցության անդամները, մինչդեռ, մտավախություն ունեն, թե փակված գրադարանների գրքերն անտերության կմատնվեն ու անպիտան կդառնան, ինչպես նախորդ իշխանությունների օրոք փակված գրադարանի գրքերը: