Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժեց մարտի 1-ը հիշատակի օրերի ցանկում ընդգրկելու օրինագիծը


1-ը մարտի 2008, արխիվ
1-ը մարտի 2008, արխիվ

Լևոն Զուրաբյանի գնահատմամբ, սա ժխտողականության քաղաքականություն է, «հանցագործները, որոնք կատարել են որևէ հանցագործություն, հետո փորձում են այն ժխտել»,- նշում է Զուրաբյանը:

Կառավարությունն այսօր մերժեց Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին լրացումներ կատարել «Տոների և հիշատակի մասին» օրենքում և մարտի 1-ը նշել, որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:

Հարցն այսօր կառավարության նիստում ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, թե օրենսդրական նախաձեռնության հիմնավորման մեջ քաղաքական գնահատականներ են հնչեցվում պետական տարբեր մարմինների հասցեին։

«Ակնհայտ է, որ սա քաղաքական հարցադրում է։ Խնդիրն այն է, որ ակնհայտությունը քաղաքական հարցադրումների անգամ շատ պարզ երևում է նախագծի հիմնավորումից, որտեղ, մասնավորապես, նշվում է, որ, օրինակ, «թեև ֆորմալ առումով շարունակվում է Մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահայտմանն ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ, փաստորեն, չեն կատարվում»։

Այս և նմանատիպ այլ բնույթի ձևակերպումները ցույց են տալիս, որ այստեղ հնչեցվում է քաղաքական գնահատական տարբեր պետական մարմինների աշխատանքին և այդուհետ, հիմնված այդ քաղաքական գնահատականի վրա, առաջարկվում է որոշակի իրավական լուծում, որը նաև չի տեղավորվում «Տոների և հիշատակի մասին» օրենքի կարգավորման առարկայի մեջ, որովհետև այստեղ ամրագրված են այնպիսի իրադարձություններ, որոնք որևէ մեկի մոտ հարցադրում չեն առաջացնում, օրինակ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, հաղթանակի օր և այլն, այսինքն տոներ կամ հիշատակներ», - ասաց նախարարը։

Հովհաննիսյանն ընդգծեց, թե «ելնելով պետական ահաբեկչության կամ բռնաճնշումների հասկացությունների բացակայությունից»՝ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենսդրական այդ նախաձեռնության ընդունումը:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներից ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, հակադարձում է՝ իշխանություններն այս քայլով ցույց են տալիս, որ զգում են իրենց մեղավորությունը մարտի 1-ի սպանությունների համար: «Եթե իշխանությունն իր մեղքը չզգար, չհամարեր, որ ինքը պարտակել է մարտի 1-ի սպանությունները, նա որևէ խնդիր չէր ունենա պետական ճանաչման արժանացնելու այն, ինչը որ ժողովրդի կողմից արդեն վաղուց ընդունված է և ճանչված: Ուստի, անընդունելի արդարացումներով այս օրենքի նախագիծը չընդունելը ընդգծում է, որ իշխանությունն իրեն մեղավոր է զգում մարտի 1-ի իրադարձությունների, այդ սպանությունների համար: Սա իրականում ժխտողականության քաղաքականություն է:

Հանցագործները, որոնք կատարել են որևէ հանցագործություն, հետո փորձում են այն ժխտել: Ժխտողականությունն, ինչպես հայտնի է, հանցագործության շարունակությունն է, դա նույնքան կիրառելի է, ասենք, ցեղասպանության ժխտողականության հարցում, ինչպես և այս հարցում: Ժխտողականությունը երբեք լավ արդյունք չի տվել և այս անգամ էլ չի տա»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նա հիշեցնում է՝ իշխանությունը մերժեց նաև խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ իրենց առաջարկը, որի շրջանակներում պետք է ուսումնասիրվեր մարտի 1-ի գործի քննության ժամանակ իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափությունը: Այս դեպքում էլ իշխող Հանրապետականը նախ՝ խոստացավ հարցին անդրադառնալ 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, ապա մերժեց ընդդիմադիրների այդ առաջարկը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի համոզմամբ, սակայն, ամեն ինչ մերժելու, ժխտելու և այդ արյունալի իրադարձությունները մոռացության մատնելու՝ իշխանությունների մարտավարությունն արդյունք չի տալու: Ե՛վ Հայաստանի ժողովուրդը, և՛ միջազգային հանրությունն իշխանություններից պատասխան են պահանջում, ասում է Զուրաբյանն ու շարունակում՝ «վերջին պերճախոս ապացույցը Եվրոպական Միության դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունն է, որտեղ նա հիշեցնում է իշխանություններին, որ մարտի 1-ի սպանությունները մնացել են չբացված և չպատժված»:

Հիշեցնենք՝ «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել էր, որ վերջերս Երևանում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հետ կապված հարցերի շուրջ ԵՄ - Հայաստան երկխոսության ժամանակ եվրոպացի պաշտոնյաները բարձրացրել են նաև մարտի 1-ի հարցը:

«Մենք նաև բարձրացրել ենք Հայաստանում 2008թ․ ողբերգական դեպքերի հարցը: Հայաստանի իշխանությունները պետք է այս հարցերին պատասխան տան և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,- ասել էր Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG