«Ազատություն»․ - Շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար, պարոն դեսպան: Առաջին հարցը՝ ինչպե՞ս կբնութագրեիք մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը և բարձրացված հարցերը:
Սվիտալսկի․ - Մարդու իրավունքների շուրջ անցած շաբաթ կայացած երկխոսությունը կանոնավոր բնույթ է կրում Եվրամիության և Հայաստանի շփումներում: Երկխոսությունը անցել է շատ անկեղծ, ազնիվ և համագործակցային մթնոլորում: Մենք շատ բաց կերպով քննարկել ենք մարդու իրավունքների օրակարգում առկա բոլոր խնդիրները: Գաղտնիք չէ, որ քննարկված ամենակարևոր խնդիրը 2017 թվականի համապետական ընտրություններն են, Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքը:
«Ազատություն»․ - Այդ երկխոսության ընթացքում Դուք Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցեր բարձրացրե՞լ եք:
Սվիտալսկի․ - Մենք քննարկել ենք խնդիրների մի մեծ շրջանակը: Ինչպես արդեն ասացի, օրակարգի ամենակարևոր հարցը սահմանադրական բարեփոխումները կյանքի կոչելն և Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատանքն է: Բայց մենք նաև քննարկել ենք խոցելի խմբերին առնչվող իրավիճակը, կանանց, երեխաների իրավունքները, ընտանեկան բռնությունը, քննարկել ենք նաև խտրականությանը վերաբերող հարցեր: Առանձին թեմա է եղել անցած հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումների մասին պնդումների հետաքննությունը: Մենք նաև բարձրացրել ենք Հայաստանում 2008թ․ ողբերգական դեպքերի հարցը: Հայաստանի իշխանությունները պետք է այս հարցերին պատասխան տան և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Մենք նաև քննարկել ենք անհատներին առնչվող դեպքերը, տվել ենք մարդկանց անուններ, որոնց, մեր կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնեն, որովհետև այդ առանձին դեպքերը Հայաստանի հեղինակության համար լավ չեն:
«Ազատություն»․ - Եթե հնարավոր է, կարո՞ղ եք անուններ նշել:
Սվիտալսկի․ - Չէի ցանկանա հրապարակավ քննարկել այս թեման, որովհետև այս երկխոսության հաջողության պատճառը ինչ-որ չափով ոչ միայն այն է, որ հարցերը քննարկում ենք ազատ մթնոլորտում, նաև այն, որ այդ հարցերը քննարկվում են ոչ հրապարակավ: Ուստի, հարցեր կան, որոնք ես չեմ քննարկի հրապարակավ, սակայն գաղտնիք չէ, որ մենք բարձրացրել ենք ակտիվիստի հարցը, ով անազատության մեջ է Ամանորի գիշերվանից, և ում գործը նախաքննության փուլում է: Մեր կարծիքով՝ նախաքննական փուլում այդ ակտիվիստի անազատության մեջ գտնվելը անհամաչափ է իրավիճակին: Մենք նաև բարձրացրել ենք անազատության մեջ գտնվող այլ մարդկանց հարցերը, ովքեր բանտում են, որոնք, մեր կարծիքով, դատապարտվել են անհամաչափ պատժաչափի:
«Ազատություն»․ - Դուք քննարկե՞լ եք Մարդու իրավունքների գործողությունների ծրագիրը:
Սվիտալսկի․ - Այո, Մարդու իրավունքների գործողությունների ծրագիրը օրակարգում էր, հիմնական ուղերձը, որ ԵՄ-ն հղել է, հետևյալն է․ Հայաստանը շատ լավ նախագծեր ունի, բայց կարիք ունի ավելի շատ գործողությունների: Այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ մեր համատեղ ուշադրությունը կենտրոնացվի այս ծրագրերի իրականացման, դրանց մոնիթորինգի վրա, որպեսզի նախագծերից կոնկրետ արդյունքներ ստանանք: Այնպես որ, այո՛, մենք քննարկել ենք մարդու իրավունքների շուրջ գործողությունների ծրագիրը, քննարկել ենք այդ ծրագրի և մարդու իրավունքների աջակցման ծրագրի ընդհանուր կետերը: Դա աջակցման մի մեծ ծրագիր է, որ ստորագրվել է ԵՄ-ի կողմից անցած տարի, 12 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է, որը թիրախավորում է մարդու իրավունքների հինգ ոլորտներ: Այս աջակցման ծրագրում նորությունը այն է, որ օրենսդրությունը, որը Հայաստանը նախատեսում է ընդունել, կապ ունի կոնկրետ ելակետերի հետ, այսինքն, օրինակ, Հայաստանը այս ծրագրի շրջանակում հանձնառություն է վերցրել ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենք ընդունել մինչև 2016 թվականի ավարտը: Հայաստանը նաև պարտավորվել է հակախտրական օրենք ընդունել մինչև 2017 թվականը: Սրանք այն նոր տարրերն են, որ մեր մարդու իրավունքների աջակցման ծրագրի շնորհիվ քննարկվում են Հայաստանում:
«Ազատություն»․ - Այս երկխոսության արդյունքները ինչպե՞ս են տեղավորվում ընդհանուր ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում: Ի՞նչ քայլեր կհետևեն դրանց:
Սվիտալսկի․ - Այս երկխոսությունը շատ կարևոր է, քանի որ ինչպես Հայաստանի նախագահն է հայտարարել և երկրի այլ ղեկավարները, Հայաստանը ուզում է ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցել ընդհանուր արժեքների հիմքի վրա: Այս ընդհանուր արժեքներ են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի իշխանությունը: Եթե դուք ուզում եք ամուր հարաբերություններ կառուցել Հայաստանի և ԵՄ-ի միջև, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի իշխանության գործոնները կարևոր են: Դրա համար առաջընթաց է անհրաժեշտ, որովհետև Հայաստանի կողմից մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը կօգնի ամրացնել մեր հարաբերությունների ընդհանուր հիմքը։
«Ազատություն»․ - Շատ կարևոր նկատառում է, որովհետև ԵՄ-ն և Հայաստանի իշխանությունները շատ են քննարկում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը: Բայց մենք շատ լավ գիտենք, որ Հայաստանում վիճահարույց ընտրություններ, հանրաքվե են անցկացվում: Ի՞նչ կասեք այս առումով: Նկատի ունեմ՝ կա իրականություն և կան հայտարարություններ:
Սվիտալսկի․ - Ինչպես ասացի, 2017 թվականի համապետական ընտրությունները քննարկման առանցքն էին, որովհետև ԵՄ-ի կարծիքով՝ հաջորդ ընտրությունները վճռական նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար: Հաջորդ ընտրությունները որոշելու են քաղաքական կառավարման մոդելը և հանրության ու իշխանությունների հարաբերությունների մոդելը: Ուստի, մենք շատ անկեղծ քննարկում ունեցանք: Հստակորեն ասացինք՝ կցանկանայինք, որ այդ ընտրություններն անցնեն ոչ միայն Հարավային Կովկասի, այլև լավագույն եվրոպական չափանիշներին համապատասխան: Այս նպատակով մենք քաջալերում ենք իշխանություններին շատ համապարփակ երկխոսություն ունենալ ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ: Հայաստանը բոլոր շահագրգիռ կողմերի՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության, քաղհասարակության միջև անկեղծ երկխոսության կարիք ունի: Հայաստանը քաղաքական կլոր սեղանի կարիք ունի, որի միջոցով կարելի է հաջորդ ընտրությունների վերաբերյալ կոնսենսուս ստեղծել: Մեծ հույս ունենք, որ երկխոսությունը կներառի բոլոր կողմերին, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ-ի բոլոր հանձնարարականները, որոնք առաջիկա շաբաթներին պատրաստ կլինեն, հաշվի կառնվեն ու կարտացոլվեն Ընտրական օրենսգրքում:
«Ազատություն»․ - Եթե ժողովրդավարական, լավագույն չափանիշների վրա հիմնված ընտրություններ չունենանք, դա ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա:
Սվիտալսկի․ - Մի քանի անգամ արդեն ասել եմ, որ մենք գործում ենք հեռանկարում ունենալով դրական օրակարգ: Այդ պատճառով մենք ցանկանում ենք աշխատել այն հիմքի վրա, որ կա ցանկություն բարելավելու հայաստանյան ընտրությունների չափանիշները: Մենք կառավարության անդամների, Հայաստանի ղեկավարների բազմաթիվ հայտարարություններ ենք լսել, որ Հայաստանը կունենա ավելի լավ ընտրություններ՝ հիմնված Ընտրական օրենսգրքի վրա, որը կհամապատասխանի բոլոր անհրաժեշտ չափանիշներին ու պահանջներին և կբանակցվի ընդգրկուն, լայն մասնակցությամբ: Այնպես, որ մենք դրական ակնկալիքներ ունենք: Եվ մենք աշխատում ենք՝ ենթադրելով, որ այս հայտարարությունները անկեղծ են: Ես կարծում եմ, որ սա միակ գործելու եղանակն է, որ մենք կարող ենք որդեգրել ներկա պայմաններում: Այո, մենք հավատում ենք, որ քաղաքական կյանքում ներգրավված բոլոր կողմերից կա ցանկություն՝ բարելավելու քաղաքական կառավարումը Հայաստանում:
«Ազատություն»․ - Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել հակակոռուպցիոն ջանքերին վերաբերող օրակարգի հարցերը:
Սվիտալսկի․ - Բացի մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունից անցած շաբաթ մենք ենթահանձնաժողով անցկացրեցինք արդարադատության, ազատության և իրավական հարցերի շուրջ: Երկու միտք էր գերիշխում օրակարգում: Մեկը արդարադատության համակարգի բարեփոխումն է, մյուսը կոռուպցիայի դեմ պայքարը: Մենք ծավալուն քննարկում ունեցանք: Հայաստանին բեկում է անհրաժեշտ կոռուպցիայի դեմ իր պայքարում: Մենք մի շարք լավ փաստաթղթեր ունենք, մենք ունենք ռազմավարություն, գործողությունների պլան, հակառուպցիոն մարմին, որը ղեկավարում է վարչապետը, բայց մենք կարիք ունենք արդյունքների: Ունենք ծրագրեր, բայց կարիք ունենք գործողությունների: Հայաստանը անցած տարի, ցավոք, 94-րդ տեղից հայտնվեց 95-րդում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Մինչդեռ հարևան Վրաստանը 50-րդ տեղից հասավ 15-րդին: Վրաստանը լավ օրինակ է, սա նշանակում է, որ նույնիսկ անցյալի նույն ժառանգությամբ, նույնիսկ մեկ շնչին ընկնող եկամտի նույն մակարդակով հնարավոր է որոշիչ քայլեր անել և բեկում մտցնել: Հայաստանի համար կոռուպցիայի դեմ պայքարը հավանաբար ամենակարևոր խնդիրներից մեկն է, խնդիր, որը պահանջում է ազգային համաձայնություն, բոլոր քաղաքական ուժերի միասնականություն, որովհետև առանց կոռուպցիայի դեմ պայքարի՝ առաջընթացը բոլոր հնարավոր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, շատ դժվար է պատկերացնել: Մենք այս ուղերձն ենք հղել շատ հստակորեն, շատ մանրամասն փաստաթղթեր ենք ստացել հայկական կողմից, երբեմն բավականին անկեղծ գնահատականներ: Մենք ակնկալում ենք գործողություններ: Ամենակարևոր բաներից մեկն, իհարկե, օրենսդրությունը փոխելն է, որ կներառի եվրոպական պրակտիկայում առկա բոլոր անհրաժեշտ ստանդարտները կոռուպցիայի դեմ պայքարի համար, և նաև անկախ, հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը հետաքննելու իրավունք կունենա՝ համաձայն Եվրոպայի, Արևմուտքի չափանիշներին:
«Ազատություն»․ - Բայց Հայաստանում հակառուպցիոն մարմինը ղեկավարում է երկրի վարչապետը: Դուք խոսում ենք անկախ մարմնի մասին:
Սվիտալսկի․ - Մենք խոսում ենք անկախ, հետաքննող մարմնի մասին: Կան տարբեր մոդելներ, Եվրամիությունը աջակցում է քաղհասարակության, փորձագետների հետ իրականացվող մի ծրագրի, որը պետք է հնարավոր լուծումները առաջարկի Հայաստանի համար: Նման անկախ հետաքննող մարմինների տարբեր օրինակներ կան, սկսած Սինգապուրի, Հոնկոնգի մարմիններից մինչև արևմտյան փորձառությունը, նաև անցումային երկրների փորձառությունը կա՝ Լեհաստան, Ռումինիա: Այս բոլոր երկրները ստեղծել են նման անկախ մարմիններ, որոնք չեն ղեկավարվում իշխանության գործադիր ճյուղի կողմից:
«Ազատություն»․ - Հակակոռուպցիոն պայքարի համար շա՞տ կարևոր է, որ այդ մարմինը չղեկավարվի իշխանության ներկայացուցիչների կողմից:
Սվիտալսկի - Այս մարմինը ևս պետք է լինի պետական կառավարման համակարգի մասը, պետք է ներառվի գործադիր ճյուղի կառուցվածքում, բայց պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, քաղաքական նշանակումներից, պետք է լինի լրիվ անկախ՝ կառավարական, նախարարական և այլ կառույցներից:
«Ազատություն»․ - Կարո՞ղ ենք ասել, որ առանց անկախ մարմնի, մենք չենք կարողանա իրական արդյունքի հասնել կոռուպցիայի դեմ պայքարում:
Սվիտալսկի․ - Կան տարբեր սցենարներ, շատ անգամ եմ հրապարակավ խոսել, թե ինչպես պետք է լուծել խնդիրը, դու կարող ես որոշ քայլեր կատարել քո ընտրած ճյուղերում, դա հնարավոր է: Ես չեմ պնդում, որ Հայաստանը պետք է անպայման հետևի Վրաստանի ուղուն՝ արդարադատության համակարգում կամ ոստիկանությունում կոռուպցիայի դեմ պայքարի գործում, որը Վրաստանում շատ արմատական եղանակով արվեց: Հավանաբար Հայաստանում պետք չէ նույն արմատական մոտեցումը կիրառել, բայց կարելի է տարբեր ճյուղերին նայել և կենտրոնական դրանց վրա: Կան շատ կոնկրետ գաղափարներ, օրինակ, կրթական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի համար, որը մշակվել է լավ փորձագետների կողմից՝ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո, և ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Կան քաղաքացիական հասարակության կողմից արված հանձնարարականներ՝ միջնակարգ կրթության վերաբերյալ: Որքան գիտեմ, պիլոտային ծրագիր կա որոշ միջնակարգ դպրոցներում, որը ներառելու է կոռուպցիայի դեմ պայքարը, և որին աջակցում է Հայաստանի կառավարությունը: Այնպես որ նույնիսկ եթե հատվածական քայլերը կատարվեն, եթե իրականացվեն արագ, հաստատուն կերպով, կարող են արդյունքներ արձանագրել: Չէի ասի, որ այս անկախ մարմնի ստեղծումը պարտադիր պայման է, մի պայման է, առանց որի դու չես կարող առաջ շարժվել: Կան տարբեր սցենարներ, բայց շատ կարևոր է, որ հասարակությունը արդյունքները տեսնի: Մենք քաջալերում ենք կառավարությանը նայել ոլորտներին և առանձնացնել առաջնային ոլորտները, բայց վճռական գործել: Դու չպետք է անիվ հորինես: Երբ ես ասացի այս արտահայտությունը, արդարադատության նախարարն ասաց՝ ես համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ կան բավական լավ օրինակներ, պարզապես պետք է լինի քաղաքական որոշում, մենք պետք է անենք դա:
«Ազատություն»․- Դա քաղաքական խնդի՞ր է:
Սվիտալսկի․ - Այո, ես կարծում եմ, որ սա քաղաքական խնդիր է, քանի որ նախագահը անձամբ իր փետրվարին արած շատ կարևոր ելույթում նշել է նույն խնդիրները, որ ԵՄ-ն է ընդգծել՝ պայքար կոռուպցիայի դեմ և դատական համակարգի անկախություն: Նախագահի փետրվարյան ելույթը կարող է լինել արդյունավետ գործողությունների հիմքը:
«Ազատություն»․ - Ես բարձրացնում եմ այս հարցերը, որովհետև, ինչպես գիտեք, Հայաստանում շատ են մարդիկ, ովքեր չեն հավատում, թե իշխող կուսակցությանը, իշխանությանը կարող է պայքարել կոռուպցիայի դեմ, քանի որ նրանցից շատերի հարազատները խոշոր գործարարներ են: Դուք հավատո՞ւմ եք, որ բիզնեսներ ունեցող անձինք կարող են իրական քայլեր կատարել կոռուպցիայի դեմ:
Սվիտալսկի․ - Որպեսզի Հայաստանի հաջողի իր հետագա զարգացման մեջ, պետք է անպայման շատ հստակ գիծ անցկացնի քաղաքականության և բիզնեսի միջև: Դա է անցումային երկրների փորձը: Բիզնեսի և քաղաքականության սերտաճումը կարող է շատ վնասակար լինել և պետության քաղաքական, և տնտեսական կառավարման մոդելի զարգացման համար: Սա մի բան է, որին Հայաստանը, հնարավորություն ունենալով իրականություն դարձնել սահմանադրական փոփոխությունները, պետք է մեծ ուշադրության արժանացնի: Բայց ինչպես ասել եմ իմ հանրային հայտարարություններում, հարուստ մարդկանց, գործարարների ներկայությունը հանրային կյանքում, կառավարությունում, խորհրդարանում վատ չէ ինքնին: Կան այլ երկրներ ևս, որտեղ կան հարուստ մարդիկ: Նայեք այլ երկրների քարոզարշավներին՝ միլիոնատերեր կան, որոնք մեծ պաշտոնների համար են պայքարում: Սա ինքնին վատ բան չէ: Բայց անհրաժեշտ է, որ լինեն հստակ կանոններ՝ շահերի բախումից խուսափելու համար, կանոններ՝ նախկին տնտեսական գործունեության թափանցիկության համար, և իհարկե, նրանք պետք է այլևս չզբաղվեն ակտիվ տնտեսական գործունեությամբ, երբ հանրային պաշտոն են զբաղեցնում: Պետք է թափանցիկություն լինի ոչ միայն այդ մարդու, այլ նրա ընտանիքի, բարեկամների գործունեության շուրջ: Այս կանոնները կան շատ երկրներում: Եթե կան կասկածներ, որ դու՝ որպես խորհրդարանական, որպես նախարար, քո պաշտոնը օգտագործում ես քո անձնական և բիզնես գործողությունների համար, ոչ մեկը ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ այլ երկրում կհավատա, որ դու գործում ես ողջ ազգի շահերից ելնելով: Բայց երբ ունես թափանցիկ, խիստ օրենքներ՝ շահերի բախման վերաբերյալ, այդ դեպքում նույնիսկ շատ հարուստ մարդկանց կարելի է վստահել, որովհետև մարդիկ կհասկանան՝ նրանք հարուստ են, բայց նրանք կառավարությունում չեն, որպեսզի ավելի հարստանան կամ պաշտպանեն իրենց:
«Ազատություն»․ - Եվ վերջին հարցը, պարոն դեսպան: Դուք մտահոգություններ ունե՞ք, որ Հայաստանի հետ ձախողված բանակցություններից հետո նոր փաստաթուղթը ևս չի ստորագրվի: Ինչպիսի՞ն կլինի ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ այս դեպքում:
Սվիտալսկի․ - Մենք բոլոր բանակցությունները վարում ենք դրական ելք ունենալու հիմքով: Ես չեմ կարող պատկերացնել մի իրադրություն, երբ ԵՄ-ն բանակցություններ սկսի և ասի՝ կներեք, մենք մեր դիրքորոշումը փոխել ենք և այլևս հետաքրքրված չենք: Ես կարծում եմ, որ այժմ այն խնդիրները, թե որոնք ենք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների հնարավորությունները, հստակ են: Մենք բանակցում ենք հիմք ունենալով նախագահի, այս երկրի առաջնորդների հստակ հայտարարությունները, այնպես որ մենք B կամ C պլան չունենք, թե ինչ կլինի, եթե բարդացնող գործոն առաջանա:
«Ազատություն»․- Վերջին անգամ ևս վատ սցենարներ չունեինք, բայց գիտեք ինչ տեղի ունեցավ երկարատև բանակցություններից հետո:
Սվիտալսկի․ - Կարծում եմ, որ վերջին անգամը վերջին անգամն է՝ նկատի ունենալով, որ դա երբեք չի կրկնվի: Ես միայն կարող եմ հուսալ, որ պատշաճ դասեր են քաղվել այդ փորձառությունից, և հիմա մենք մի գործընթացում ենք, երբ այս փորձառությունը չի թողնի, որ մենք նույն իրադրության միջով անցնենք: Այնպես որ եթե ինձ եք հարցնում, ես վստահ եմ, որ մենք կունենանք լավ փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթում ոչինչ չկա, որը կբարդացնի Հայաստանի կյանքը Եվրասիական տնտեսական միության կազմում: Քաղաքական մասը, առևտրի մասը և որոշ այլ մասեր հստակորեն այն մակարդակում են, որ չեն դիտարկվի Հայաստանի համար դժվար, լրիվ հակառակը: Այնպես որ մենք այնտեղ ենք, որտեղ ենք և ուզում ենք լավ, արդյունավետ գործընթաց: Եվ ազդակները, որ ստանում ենք հայկական կողմի բանակցողներից, շատ կառուցողական են: Ինչո՞ւ վատ վերջաբան կանխագուշակել նորից: Մի անգամը բավական է, այնպես չէ՞: