Հայ ազգային կոնգրես խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է մարտի 1-ը նշել «որպես 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»:
Նախագծում մասնավորապես ասվում է. - «2008 թվականի մարտի 1-ը դարձավ նախորդ նախագահական ընտրություններից հետո պետական ահաբեկչական դրսևորումների (այդ թվում 2004թ.) գագաթնակետը: 2008 թվականի մարտի 1-ին Երևանում խաղաղ ցուցարարների նկատամամբ կիրառվեց բանակն ու ոստիկանության զորքերի տորաբաժանումները. արդյունքում առնվազն 10 մարդ սպանվեց, այդ թվում՝ երկու զինծառայող, հարյուրավոր քաղաքացիներ ստացան հրազենային, բեկորային և այլ մարմնական վնասվածքներ»։
Խմբակցությունը նշում է, որ «մինչ օրս չեն բացահայտվել և պատասխանատվության չեն կանչվել այդ սպանությունները կատարած անձինք: Պատասխանատվության չեն կանչվել նաև տասնյակ հարյուրավոր քաղաքացիներին մարմնական վնաս պատճառած անձիք: Հարյուրավոր քաղաքացիներ չեն ճանաչվել տուժողներ և հնարավորություն չեն ունեցել օգտվելու դատական պաշտպանության իրավունքից: Սպանվածների իրավահաջորդներին չի տրվել նույնիսկ նյութական փոխհատուցում»:
«Թեև ֆորմալ առումով շարունակվում է Մարտի 1-ի սպանությունների գործով նախաքննությունը, սակայն, ըստ էության, դրանցով վարույթը կասեցված է և հանցագործների բացահյատմանը ուղղված քննչական գործողություններ, օպերատիվ հետախուզական միջոցառումներ փաստորեն չեն կատարվում», - նախագծում նշում է ՀԱԿ-ն ու ընդգծում. - «Իշխանությունը ոչ միայն չի բացահայտում հանցագործությունները, այլև մինչ օրս չի դատապարտել Մարտի 1-ին կատարված սպանությունների կատարողներին և կազմակերպիչներին»։