Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորվածներից մի քանիսի փաստաբաններն ահազանգում են՝ հինգ ամիս առաջ սկսված նախաքննությունը դոփում է տեղում, մինչ իրենց պաշտպանյալները շարունակում են մնալ կալանքի տակ:
Ազգային անվտանգության ծառայությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ որևէ նորություն չեն կարող փոխանցել, չմանրամասնելով, թե երբ է նախատեսվում գործն ուղարկել դատարան և քանի անձ է ձերբակալվել:
Ըստ պաշտոնական վարկածի՝ զինված խումբը պատրաստվել է մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել, այդ թվում և պաշտոնյաների դեմ: Խմբի ձերբակալությունից օրեր անց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հորդորել էր սպասել ընդամենը մի քանի շաբաթ՝ մինչև գործը կհասնի դատարան, պնդելով, թե դրանից հետո խմբի վերաբերյալ բոլոր կասկածները կփարատվեն:
Այս գործով կալանավորված ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանի կալանքը փետրվարի 5-ին երկու ամսով երկարացվել է:
«Քննչական մարմինը կալանքի ժամկետը երկարացրեց այն հիմքով, որ պետք է նորից կատարվեն քննչական գործողություններ, սակայն փետրվարի 5-ից առ այսօր քննչական գործողություններ չեն կատարվել՝ ո՛չ հարցաքննություններ են կատարում, ո՛չ առերեսումներ են կատարում, և մտավախություն կա, որ նորից կարող են կալանքի ժամկետը երկարացնել», - ասում է ազատամարտիկի շահերի ներկայացուցիչ Լիանա Բալյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Մարտիրոսյանը օրեր առաջ է դադարեցրել շուրջ 20 օր տևած հացադուլը, որով բողոքում էր նախաքննության ընթացքից:
Զինված խումբը ղեկավարելու, ինչպես նաև ապօրինի զենք պահելու մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց, որ 34-ամյա Վարդանյանը շարունակում է հերքել իր մեղքը, պնդելով, որ կուտակված զենքը ուղղված չի եղել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու դեմ: Քննության ընթացքից այս փաստաբանն էլ այլ նորություն չուներ:
«Չէի ասի, որ ակտիվ է գնում նախաքննությունը, բայց քննչական գործողություններ, որպես այդպիսին, իրականացնում են՝ բացատրություններ, առերեսումներ և այլն», - ասում է փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեղադրանքով ավելի քան երեք ամիս կալանավորված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանը ևս պնդում է, որ ակտիվ նախաքննական գործողություններ չեն իրականացվում: Առողջական վատ վիճակում գտնվող Շիրխանյանի կալանքը երկարաձգվել է, սակայն այս ընթացքում միայն մեկ առերեսում է իրականացվել:
«Մենք պնդում ենք, որ չկա որևէ հիմք, մեղադրանքը հիմնավորող որևէ ապացույց, որոնք ուղղակիորեն կվկայեն, որ պարոն Շիրխանյանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը», - ասում է փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանների տվյալներով՝ զինված խմբի գործով կալանավորվածների թիվը անցնում է երեք տասնյակից: