Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Վահան Շիրխանյանը


Վահան Շիրխանյան, արխիվ
Վահան Շիրխանյան, արխիվ

Պաշտպանության նախկին փոխնախարարը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու մեջ»: Շիրխանյանն իրեն որևէ հարցում մեղավոր չի ճանաչում:

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանն այսօր ձերբակալվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ Երևանում վնասազերծված «զինված հանցախմբի» գործի շրջանակում։

ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով»: Այլ տեղեկություն ԱԱԾ-ն չի հաղորդում:

Շիրխանյանի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, ով օրվա ընթացքում ԱԱԾ-ի մեկուսարանում հանդիպել էր իր պաշտպանյալին, «Ազատությանն» այսօր ասաց՝ Վահան Շիրխանյանը իրեն մեղավոր չի ճանաչում, առողջական վիճակն էլ նորմալ է:

«Առավոտյան պարոն Շիրխանյանի բնակարանը խուզարկել են և ձերբակալել են: Որոշ բաներ են առգրավվել՝ համակարգիչ, բլոկնոտ: Ես հետաքրքրվեցի խուզարկության հետ կապված, խուզարկությանը մասնակցել է թվով 10 մարդ, որսորդական հրացան ա եղել և Վազգեն Սարգսյանի նվիրած ատրճանակը»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը:

Փաստաբանը հավելեց՝ քննչական խմբից Կարեն Հովհաննիսյանն է քննելու Վահան Շիրխանյանին վերաբերող մասը: Տեր-Եսայանը նաև ասաց, թե Շիրխանյանն ինքն էլ տեղյակ չէ, թե ինչու են իրեն ձերբակալել: Փաստաբանը կարծում է, որ ԱԱԾ-ն երկուշաբթի կդիմի դատարան՝ Շիրխանյանին կալանավորելու առաջարկով:

Եղանք Վահան Շիրխանյանի բնակարանում, դուռը բացեց նրա կինը՝ Բուրաստան Շիրխանյանը․ «Մենք զարմացած ենք, էդ մարդկանց ոչ տեսել ենք, ոչ լսել ենք: Էս մարդը հայտնի մարդ է, ուղղակի ուզում են իր անունը ինչ-որ բանի հետ կապել: Տունը խուզարկեցին, կոմպյուտերները տարան, ուրիշ բան չգտան: 15 հոգի կլինեին, լիքը լցվել էին: Ամուսինս էլ չորս անգամ վիրահատված է, հիվանդ է, առողջություն չունի․․․»,- «Ազատության» հետ զրույցում ասաց տիկին Բուրաստանը:

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում «զինված հանցավոր խմբավորում վնասազերծելու» մասին, որը «նպատակ է ունեցել Հայաստանի տարածքում մի շարք ծանր հանցագործություններ իրականացնել»: Իրավապահների ներկայացմամբ՝ հանցախումբը ղեկավարել է Հայաստանի քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը:

Երկու օր անց լրագրողների հետ հանդիպմանը ԱԱԾ քննչական ծառայության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ ձերբակալվել է 21 անձ, ովքեր հաջորդ օրը կալանավորվեցին: Թե այս գործով ներկայում որքա՞ն է ձերբակալվածների, կալանավորվածների թիվը, ստույգ հայտնի չէ: ԱԱԾ մամուլի կենտրոնից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ առայժմ չեն կարող ներկայացնել այդ թիվը՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով: Լրատվամիջոցներում տարբեր թվեր են նշվում՝ անգամ շուրջ հինգ տասնյակ:

Դեկտեմբերի 15-ին «Հրապարակ» պարբերականը գրեց, թե ԱԱԾ-ի վնասազերծած խմբի անդամները նախաքննության մարմնին ուշագրավ ցուցմունքներ են տվել՝ մանրամասն նկարագրելով իրենց գործողությունների ծրագիրը, շփումները տարբեր անձանց, այդ թվում՝ քաղաքական գործիչների հետ, հնչել է նաև Վահան Շիրխանյանի անունը: Պարբերականը զրուցել էր վերջինիս հետ, ով ասել էր. - «Ես ճանաչում եմ վարդապետին, նա մեր եկեղեցու վարդապետ է, բայց ես այդ մասին կխոսեմ այն ժամանակ, երբ ավելի կոնկրետ բաներ կլինեն…»:

Հիշեցնենք՝ կալանավորված անձանց թվում է Գյումրիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը: Բուրաստան Շիրխանյանն «Ազատությանն» ասաց, որ իր ամուսինը կաթոլիկ վարդապետի հետ ծանոթացել էր մի քանի ամիս առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG