Մատչելիության հղումներ

Amnesty International-ը արձանագրել է 2015-ի իրավախախտումները Հայաստանում


Ոստիկանությունը ցրում է Բաղրամյան պողոտայի ցույցը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․
Ոստիկանությունը ցրում է Բաղրամյան պողոտայի ցույցը ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, Երևան, 23-ը հունիսի, 2015թ․

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2015 թվականի տարեկան զեկույցում անդրադարձել է Հայաստանում հիմնական իրավունքների խախտման դեպքերին:

«Ամբողջությամբ խաղաղ զանգվածային հավաքները պարբերաբար դադարեցվել են, ներառյալ ոստիկանության՝ խստացրած ուժի գործադրմամբ, որը հանգեցրել է նոր և ավելի մեծ բողոքի ակցիաների»,- արձանագրում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունը և գնահատում․ - «Բողոքի ակցիաների կազմակերպիչներին ձերբակալել և նրանց նկատմամբ հարուցել են քրեական գործեր՝ կասկածելի մեղադրանքներով»:

Amnesty International-ը նշում է, որ շարունակում են մտահոգիչ մնալ «խոշտանգումները և վատ վերաբերմունքի մյուս ձևերը, դրանք կիրառողների անպատժելիությունը»:

Զեկույցում անդրադարձ կա անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին: Նշելով, որ փոփոխություններից հետո Հայաստանը նախագահական կառավարման համակարգից անցնում է խորհրդարանականին, զեկույցի հեղինակները նաև արձանագրում են նախագահի` պաշտոնավարման երկրորդ ժամկետից հետո իշխանության գլխին մնալու վերաբերյալ ընդդիմության մտահոգությունները:

Հավաքների ազատության ցուցանիշը գնահատելով՝ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նկատում է Սահմանադրության փոփոխությունների և էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ հանրային դժգոհությունների ավելացման հանգամանքը:

«Սեպտեմբերի 21-ին կառավարությանը քննադատող քաղաքական կազմակերպության անդամին դաժանորեն ծեծել էին Երևանում՝ հակակառավարական բողոքի ակցիայից վերադառնալուց հետո, նա ստացել էր գլխի վնասվածք, կոտրել էին կողերը»: Նշելով, որ Սմբատ Հակոբյանի գործով ձերբակալվել էր երեք կասկածյալ, կազմակերպությունը նաև վկայակոչում է 2014 թվականին արձանագրված նմանատիպ դեպքերից հետո որևէ մեկին պատասխանատվության չենթարկելու հանգամանքը:

Amnesty International-ն արձանագրել է, որ կրկնվող բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը, խստացնելով ուժի կիրառումը, «թիրախավորել է խաղաղ ցուցարարներին»: «Ակտիվիստները, դուրս գալով հակակառավարական ցույցերի, շարունակել են մնալ ոստիկանության և կառավարամետ ուժերի բռնություններին ենթարկվելու վտանգի առջև»,- նշված է զեկույցում:

Անդրադարձ կա Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում անցած տարվա հունվարի 15-ին Ռուսաստանի հյուպատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց ժամանակ կիրառվել են մահակներ, արցունքաբեր գազ, խլացուցիչ պայթուցիկներ:

Նշված է 21 անձի ձերբակալության, ապա ազատ արձակելու և մինչ օրս շարունակվող քննության մասին:

Զեկույցում անդրադարձ կա նաև հունիսի 23-ի դեպքերին: «237 մարդ ձերբակալվել է, ապա ազատ արձակվել առանց մեղադրանք առաջադրելու», - ուշադրություն է հրավիրում Amnesty International-ը` ընդգծելով, որ բռնի ուժ է գործադրվել նաև լրագրողների նկատմամբ: «Հետաքննությունը դեռ շարունակվում է․․․», - նկատում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ հատվածում Amnesty International-ն առանձնացրել է ապրիլի 24-ին ընդառաջ բողոքի ակցիա իրականացնելու պատրաստակամություն հայտնած Նախախորհրդարանի ներկայացուցիչների ձերբակալությունը, զեկույցում նշվում է, որ նրանք ձերբակալվել են ապրիլի 9-ին, ազատ արձակվել մայիսի 4-ին, «սակայն նրանց դեմ քրեական գործը չի կարճվել», արձանագրել է իրավապաշտպան կազմակերպությունը:

Վտանգված համակարգ

«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգն ինքնին վտանգված է և պաշտպանության կարիք ունի»,- հրապարակելով 160 երկրների վերաբերյալ տարեկան զեկույցը՝ Լոնդոնում հայտարարել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

«Մարդու իրավունքները բացարձակ անհրաժեշտություն են, հիմնավոր նախադրյալ: Բայց արդեն քամուն են տվել»,- դժգոհել է միջազգային իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղարը՝ անդրադառնալով մի շարք երկրներում անցյալ տարի արձանագրված զանազան իրավախախտումների տարափին:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության, 2015-ին 160-ից առնվազն 122 երկրներում պետությունները բռնություններ են գործադրել մարդկանց նկատմամբ, ավելի քան 30 պետություններ փախստականներին ուժով ստիպել են վերադառնալ իրենց երկրներ, որտեղ նրանք պետք է մնան վտանգի տակ:

Ըստ Amnesty International-ի, ավելի քան 19 երկրներում արձանագրվել են ռազմական հանցագործություններ՝ կառավարական կամ զինված այլ խմբավորումների գործողությունների հետևանքով:

«Մեկ քառորդ միլիոն մարդ մահացել է, քաղաքացիական անձանց վրա հարձակումները սկսել է Ասադի ռեժիմը, հիմա ռմբակոծում են նաև Ռուսաստանը և բոլոր զինված ուժերը, որոնք նաև հարձակվում են քաղաքացիական անձանց վրա՝ առանց որևէ պատասխանատվության»,- դժգոհել է Սալիլ Շեթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG