Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ անդամներն ազատ արձակվեցին


«Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ անդամներն ազատ արձակվեցին
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

ՀԽ կալանավորված անդամների նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։

Այսօր «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը և ՀԽ նախագահ Գարեգին Չուգասզյանն ազատ արձակվեցին «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներից:

Դատախազությունը որոշեց փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ հիմնավորելով՝ արդեն անցել է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը, և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վահագն Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ընդդիմադիր գործիչներին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն այլևս չկա։

«Առաջին հիմքը՝ նրանք նախապատրաստվել էին իրենց զանգվածային անկարգությունները, հանցագործությունն իրականացնել 2015 թվականի ապրիլի 24-ին, և քանի որ այդ օրն արդեն անցել է, և նրանց կողմից նախապատրաստական գործողությունները, այսինքն՝ հանցագործությունն ավարտին չի հասցվել։ Մյուս հիմքը՝ քրեական գործով կատարվել են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ, և նրանք ազատության մեջ մնալով՝ չեն կարող խոչընդոտել նախաքննության կատարմանը՝ մինչդատական վարույթում գործի քննությանը։ Այդ հիմքերի առկայության պայմաններում էլ գտել են, որ նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցի անհրաժեշտությունը՝ կալանավորման անհրաժեշտությունը, նախաքննության տվյալ փուլում վերացել է», - ասաց Պողոսյանը։

Անցած շաբաթ գլխավոր դատախազը հետ էր կանչել գործը՝ նախաքննության օրինականությունն ուսումնասիրելու համար։ «Ազատության» հարցին՝ արդյո՞ք խախտումներ հայտնաբերվել են, Վահագան Պողոսյանը պատասխանեց. - «Նախաքննությունը շարունակվում է, դեռևս վաղ է եզրահանգումներ անել»։

Մինչդեռ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները մեղադրանքը որակում են որպես անհեթեթություն։ «Պայքարը շարունակելու ենք», - ազատ արձակումից րոպեներ անց հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը։

«Ամբողջ գործը խեղկատակություն է, ծայրից ծայր թատրոն է։ Առաջիկա օրերին կբացենք փակագծերը, և բոլորն էդ թատրոնին ականատես կլինեն։ Մեր ընթացքը կարող են ընդամենը դանդաղեցնել, բայց կասեցնել՝ նրանց չի հաջողվի։ Ուշ թե շուտ, մեզ հաջողվելու է էս հանցավոր ռեժիմից ձերբազատվել։ Հեղափոխական դասական ուղով ենք անցնում, մեր կողմից ուղուց շեղում չի ինելու, իրենք թող մտածեն իրենց ապագայի մասին», - ասաց Սեֆիլյանը։

Կալանավայրում տասնօրյա հացադուլը օրերես դադարեցրած Գևորգ Սաֆարյանն ասաց՝ իրեն արդեն լավ է զգում, հաստատեց, որ կալանավայրում իր նկատմամբ ճնշումներ են եղել, բայց մանրամասներ չհաղորդեց. խոստացավ այդ մասին ավելի ուշ խոսել։

«Հիմա ոչինչ, նոր եմ դուրս եկել հացադուլից, դեռ օրգանիզմս ադապտացված չէ, բայց լավ եմ զգում։ Ճնշումներ եղել են։ Մյուս բաները հետո՝ ասուլիսի ընթացքում», - ասաց Սաֆարյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, փաստաբան Հայկ Գրիգորյանի կարծիքով, կալանավորված ընդդիմադիրներն ազատ արձակվեցին քաղաքացիների և միջազգային կազմակերպությունների ճնշման արդյունքում։

Երկու օր առաջ ընդդիմադիրներին ազատ արձակելու կոչով պաշտոնական Երևանին էր դիմել հեղինակավոր Human Rights Watch կազմակերպությունը։

Փաստաբանի խոսքով, անցած երեք շաբաթներին իրավապահները մեղադրանքը հիմնավորող փաստեր չեն ներկայացրել։ «Հակասություն կա քննչական մարմինների ու դատախազության գործողություններում», - ասաց Գրիգորյանը։

«Քննչական մարմինը պահանջել է կալանավորումը մինչև հունիսի 6-ը, դատարանը բավարարել է դա, սակայն, օրենքով, Դատախազությունը ունի իրավասություն՝ ազատ արձակելու կալանավորներին, եթե գտնում է, որ անհիմն են պահվում։ Հետևաբար, Դատախազությունը իրականացրել է իր լիազորությունը, և, այս իմաստով, նա չի գտել այն հիմքերը, որ քննչական մարմինն է գտել, կամ դատարանը։ Այսինքն՝ էս մասով երկու տարբեր դիրքորոշում է արտահայտվում», - ասաց փաստաբանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այստեղ քաղաքական պատվեր է տեսնում։ Իրավապաշտպանի կարծիքով, գործն առանց կարճելու՝ ընդդիմադիրներին ազատ արձակելու որոշումն ապացուցում է, որ իշխանությունների կամայականությունները շարունակվում են։

«Եղել է քաղաքական պատվեր՝ ձերբակալել, այժմ վերևից իջել է քաղաքական պատվեր՝ նրանց ազատ արձակել, և որևէ քննչական մարմին, որևէ դատախազական մարմին, որևէ հետաքննական մարմին չի կարող հակադրվել այդ պատվերին։ Այսօր՝ նրանց ազատ արձակվելու օրը, կարելի է ասել, որ այդ մեղադրանքը նրանց վրայից հանված չէ, և համարել նրանց ազատ արձակումը խնդրի լուծում, մեկընդմիշտ չի կարելի, որովհետև էդ մարդիկ որևէ հանցանք չեն գործել, և ոչ մի ժամ, ոչ մի վարկյան չպետք է բանտում լինեին», - ասաց Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG