Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ուժ գործադրեց Բաղրամյան պողոտայից ցուցարարներին հեռացնելու համար


Բռնի ուժով, ջրցան մեքենայի գործադրմամբ և սեռական բնույթի հայհոյանքներով այսօր լուսաբացին ոստիկանները ցրեցին Բաղրամյան պողոտայում գրեթե տասը ժամ խաղաղ նստացույց անող քաղաքացիներին։

Մինչև ցույցը ցրելը ոստիկանությունը ցուցարարներին առաջարկում էր վերադառնալ Ազատության հրապարակ կամ փոքր պատվիրակությամբ հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մերժելով այս երկու առաջարկներն էլ՝ քաղաքացիները կրկին պնդեցին՝ իրենց պահանջն է թանկացման կասեցումը:

Ցուցարարների և ոստիկանների միջև ողջ գիշեր շարունակված բանակցություններից հետո, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստները հրաժարվեցին բացել Բաղրամյան պողոտան, որտեղ նրանք ինքնաբուխ նստացույց էին անցկացնում, ոստիկանությունը նախազգուշացրեց, որ ցույցը անօրինական է, և սպառնաց «օրենքով նախատեսված կերպով» ուժ գործադրել:

Այնուհետև, երկրորդ նախազգուշացումից և ցուցարարներին 10 րոպե ժամանակ տրամադրելուց հետո ոստիկաններն ու նրանց ուղեկցող քաղաքացիական հագուստով անձինք անցան ակտիվ գործողությունների: Օգտագործվեց ջրցան մեքենա, մոտեցվեց հատուկ տեխնիկա:

Հատկապես կոպիտ էին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ովքեր բռնության էին ենթարկում նաև լրագրողներին։

Բաղրամյան փողոցի սկզբնամասից տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելուց հետո ոստիկանները սկսեցին արդեն հետապնդել նստացույցի մասնակիցներին։ Ազատության հրապարակում նրանք շարունակեցին ծեծը, բերման ենթարկեցին նրանց, ովքեր չէին հասցնում փախչել։

Ազատության հրապարակում էր նաև փոխոստիկանապետ, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ով սկսեց հայհոյանքներ հնչեցնել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հասցեին, իսկ այդ պահին նրա ենթակաները սկսեցին ծեծել «Ազատության» լրագրողներ Սիսակ Գաբրիելյանին և օպերատոր Գարիկ Ազիբեկյանին, կոտրեցին «Ազատության» տեսախցիկներից մեկը և նկարահանող այլ սարքեր, առգրավեցին հիշողության քարտերը, հարձակվեցին «Ազատության» լրագրող Արթուր Պապյանի վրա և կոտրեցին նրա հեռախոսը, «Ազատության» օպերատոր Գարիկ Հարությունյանին էլ բերման ենթարկեցին։

Լրագրողների վրա հարձակման ժամանակ ակտիվությամբ աչքի էին ընկնում քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա, ջարդում տեսանկարահանող տեխնիկան, խլում տեսանկարահանող սարքերի չիպերը:

Երեկ 19:00-ին լրացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, և ցուցարարները, չնայած ոստիկանության նախազգուշացումներին, շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները փակեցին փողոցը, և ցուցարարները, հանդիպելով նրանց շղթային, որոշեցին նստել հենց փողոցի մեջտեղում:

Ցուցարարներն Ազատության հրապարակում էին ուրբաթ օրվանից, նրանք պահանջում են չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը։

Հիշեցնենք՝ հունիսի 17-ին՝ մի քանի ժամ տևած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG