Անկարան չի ձգտում Մոսկվայի հետ հարաբերություններում ճնշում գործադրելուն, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Էգեյան ծովում նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Կիրակի առավոտյան, հիշեցնենք, ռուսական «Սմետլիվի» ռազմանավն Էգեյան ծովում նախազգուշական կրակ է բացել թուրքական դրոշով ձկնորսական նավի ուղղությամբ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուս ծովայինները հրաձգային զինատեսակներից նախազգուշական կրակ են արձակել, երբ թուրքական նավը հայտնվել է ռազմանավից անթույլատրելի հեռավորության` մոտ 600 մետրի վրա: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտնել է, թե կրակոցներից հետո նավը փոխել է ուղղությունը: «Թուրքական նավը չէր պատասխանում ռուսաստանյան անձնակազմի՝ ռադիոեթերում հնչեցրած բոլոր նախազգուշացումներին», - պնդում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Մինչդեռ թուրքական նավի նավապետը պնդել է, թե չի լսել կրակոցներ:
Ռուսական կողմը պաշտոնապես տեղեկացրել է, որ միջադեպի կապակցությամբ Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդը հրավիրվել է պաշտպանության նախարարություն:
Թուրք-սիրիական սահմանին ռուսական օդուժի Սու-24 օդանավը վայր գցելուն հաջորդած միջադեպի ֆոնին ուշագրավ է, որ Չավուշօղլուն ընդգծել է, թե Անկարան եղել է երկխոսության և ոչ թե հակամարտության միջոցով տարաձայնությունները հաղթահարելու կողմնակիցը:
Ռուսական կողմը, իր հերթին, չի թաքցնում կիրակնօրյա միջադեպից հետո Թուրքիայի հետ շփումները սահմանափակելու միտումը: Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը վաղը տեղի չի ունենա, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Այդ նիստին մասնակցելու նպատակով, ավելի վաղ ծրագրված էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ռուսաստան: