Մատչելիության հղումներ

Թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 է կործանվել


Ռուսական Су-24 օդանավի կործանումը պատկերող լուսանկարներ, 24-ը նոյեմբերի, 2015թ․
Ռուսական Су-24 օդանավի կործանումը պատկերող լուսանկարներ, 24-ը նոյեմբերի, 2015թ․

Թուրքիան պնդում է, որ օդանավը խոցել են իր ռազմաօդային ուժերը՝ սահմանը խախտելու համար, Ռուսաստանը՝ որ ինքնաթիռը Սիրիայի տարածքում խոցել են զենիթային կայանքից:

Սիրիայում մարտական առաջադրանք կատարող Су-24 օդանավի կործանման մասին թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին մի քանի ժամ առաջ:

Տեղեկությունը ի հայտ գալուց քիչ անց թուրքական հեռուստաալիքները մեկը մյուսի ետևից սկսեցին հեռարձակել օդանավի կործանման կադրերը: Դրանցում հստակ երևում է, թե ինչպես է այրվող շարժիչներով ռազմական օդանավը ազատ անկման հետևանքով բախվում լեռան ստորոտին: Տեսագրություններում նաև հստակ լսվում է այդ պահին որոտացած պայթյունի ձայնը:

Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալության տարածած տեսագրության մեջ էլ երևում են օդանավի անկումից հաշվված րոպեներ առաջ Су-24-ը լքած և պարաշյուտներով իջնող ռուս օդաչուները:

Սրանից էլ քիչ հետո համացանցում ևս մեկ տեսագրություն հայտնվեց, որն, ըստ ամենայնի, նկարահանվել էր արդեն սահմանի սիրիական կողմից: Դրանում լսվում են օդանավի անկումը նկարահանող տղամարդկանց խանդավառ ճիչերը․ - «Ալլահն ամենազոր է»:

Թուրքիայի նախագահի նստավայրին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ռուսական օդանավը խոցվել է թուրքական ռազմաօդային ուժերի F-16 կործանիչից արձակված հրթիռով: «Ռուսական օդանավը ներխուժել էր Թուրքիայի օդային տարածք», - պնդում են Ռեջեփ Էրդողանի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրները` հավելելով նաև, որ թուրք օդաչուները Су-24-ը թիրախավորելուց առաջ տասն անգամ զգուշացրել են իրենց ռուս գործընկերներին` պահանջելով լքել երկրի օդային տարածքը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, պաշտոնապես հաստատելով Սիրիայում մարտական գործողություններին մասնակցող Су-24 ռազմական ինքնաթիռի ոչնչացման փաստը, հերքում է թուրքական կողմի այս պնդումները: «Օդանավը գտնվել է Սիրիայի տարածքում և խոցվել է ոչ թե այլ օդանավի, այլ երկրից գործող զենիթային կայանքի գնդակոծության հետևանքով», - նշում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Այս պահին գլխավոր հարցը, սակայն, ռուս օդաչուների ճակատագիրն է: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Су-24-ի անկումից առաջ օդանավը լքած զինվորականները վայրէջք են կատարել հայաբնակ Քեսաբից ոչ հեռու գտնվող անտառապատ շրջանում: Ռուսաստանի պետական հեռուստատեսության տեղեկություններով՝ օդաչուները գտնվում են Լաթաքիա նահանգի այն հատվածում, որտեղ կատաղի մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական զորքերի և «Ջաբհաթ ան-Նուսրա» ծայրահեղ իսլամիստական խմբավորման զինյալների միջև:

CNN-Turk հեռուստաընկերության տեղեկություններով, սակայն, օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը գերեվարվել է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գործող թուրքմենական ջոկատների զինյալների կողմից: Այս տեղեկությունը Ռուսաստանի ռազմական գերատեսչությունն առայժմ չի հաստատում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG