Մատչելիության հղումներ

Մահացած ծննդկանի բժիշկը ցավակցում է հարազատներին և պնդում․ «մեղավորները կպատժվեն»


Մահացած ծննդկանի բժիշկը ցավակցում է հարազատներին և պնդում․ «մեղավորները կպատժվեն»
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00

Ըստ իրավաբան Գևորգ Մկրտչյանի, համակարգի ներսում ձևավորված «փակ շրջանը» թույլ չի տալիս պատժել իրապես մեղավոր բժիշկներին։

Հուլիսի 29-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հղիությունը հսկող բժիշկը՝ Շուշանիկ Բախշյանը, ով դեպքից հետո մի քանի օր շարունակ խուսափում էր լրատվամիջոցների հետ շփումից, «Ազատության» հետ զրույցում նշեց, թե ցավում է Մերիի և նրա նորածին փոքրիկի մահվան համար:

Բժիշկը հավելեց․ - «Փորձաքննությունը կավարտվի, նախաքննությունը սկսված է, մասնագիտական կոլեգիայի եզրակացությունից հետո եթե կլինեն մեղավորներ, ապա անպայման կպատժվեն»:

Ծննդկանի հարազատները հենց բժիշկ Բախշյանին են մեղադրում Մերի Մարգարյանի մահվան մեջ, պնդելով, թե Մերին ու իր փոքրիկը նրա անտարբերության զոհերն են:

Նախօրեին դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

Դեռևս պատրաստ չէ դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի եզրակացությունը: Խնդիրն ուսումնասիրելու համար առողջապահության նախարարի հրամանով նաև մասնագիտական հանձնաժողով է ստեղծվել:

Առողջապահական համակարգի խնդիրների մեջ մասնագիտացած փաստաբան Գևորգ Մկրտչյանը, ձեռնպահ մնալով այս դեպքի վերաբերյալ մեկնաբանություններից, «Ազատության» հետ զրույցում միայն նշեց, թե իր աշխատանքային պրակտիկայից չի մտաբերում մի դեպք, երբ մասնագիտական փորձաքննությամբ հաստատվել է բժշկի սխալը:

«Փակ շրջան է ստացվում, փորձաքննություն իրականացնող բժիշկը գիտի, որ մյուս դեպքում կարող է սխալ թույլ տալու մեջ կասկածվող բժիշկն իր կատարած աշխատանքի վերաբերյալ եզրակացություն տալ, ուստի՝ կարող է խուսափել օբյեկտիվ եզրակացությունից»,- ասաց փաստաբանը:

«Բժշկի սխալ» հասկացությունը, ըստ փաստաբանի, դժվար ապացուցելի է հատկապես այն դեպքերում, երբ չկան դրա օրենսդրական հիմնավորումներն ու կարգավորումները: Առողջապահական համակարգում առկա մի շարք խնդիրներ վերհանած փաստաբանը կարծում է, որ այսպիսի դեպքերից խուսափելու համար նախարարությունը պետք է մշակի ծառայություններ մատուցելու հստակ չափորոշիչներ, որոնց կիրառմամբ պարզ կլինի՝ բժիշկը սխալ թույլ տվե՞լ է, թե՞՝ ոչ:

«Դա անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը հասկանան, թե բժիշկը ինչպես պետք է այդ ծառայությունը մատուցի: Պետք է բոլոր բժիշկների համար վարքագծի ընդհանուր կանոններ սահմանել: Փորձաքննություն իրականացնողներն էլ պետք է օրենսդրական երաշխիքներ ունենան, որ հաջորդ դեպքում նույն բժիշկը, ում մասին իրենք եզրակացություն էին տվել, հետագայում իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ եզրակացություն չի տալու: Դրանից հետո եզրակացությունը, ինքնին, էլ խնդիր չի լինի»:

Տուժողի իրավահաջորդը՝ Մերի Մարգարյանի հայրը խոստացավ քրգործի վերաբերյալ իր մեկնաբանությունները ներկայացնել իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG