Մատչելիության հղումներ

Մահացած ծննդկանի հարազատները վճռական են «արդարությանը հասնելու» հարցում


26-ամյա Մերի Մարգարյանի և նրա նորածին փոքրիկի հուղարկավորությունը, Երևան, 1-ը օգոստոսի, 2015թ․
26-ամյա Մերի Մարգարյանի և նրա նորածին փոքրիկի հուղարկավորությունը, Երևան, 1-ը օգոստոսի, 2015թ․

Հարազատներն այսօր վերջին հրաժեշտը տվեցին օրեր առաջ մահացած 26-ամյա Մերի Մարգարյանին ու նրա նորածին փոքրիկին:

Հարսին ու թոռանը հողին հանձնած Էդգար Հարությունյանը «Ազատությանը» պատմեց, որ «Շենգավիթ» ԲԿ-ում հաշվառված 35 շաբաթական հղիությամբ երիտասարդ կինը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, հղիության ընթացքը հսկող բժիշկը, սակայն, այցելությունների ժամանակ պնդել է, թե ամեն ինչ նորմալ է, և խորհուրդ է տվել գնալ տուն ու ջերմիջեցնող ընդունել:

«Շուշանիկ Բախշյանը ասել ա՝ տարեք տուն, իրեն հանգիստ ա պետք և պարացետամոլ»:

Սկեսրայրն ասում է՝ միայն իրենց համառ պնդումներից հետո են Մերիին հոսպիտալացրել: Ապա իրենց տեղեկացրել են, որ ծննդկանը գլխուղեղի խնդիրներ ունի և չեն կարող անհրաժեշտ ստուգումներ իրականացնել «Շենգավիթ» ԲԿ-ում:

Խորհուրդ են տվել արդեն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կնոջը տեղափոխել բազմապրոֆիլային «էրեբունի» հիվանդանոց: Վերջին անգամ Մերին խոսել է մոր և ամուսնու հետ:

«Ինքը զգացել ա, որ վատ ա զգում, ասում էր՝ մա՛մ, վատ եմ, վատ եմ, Մարտի՛ն, փրկի՛ր ինձ․․․»

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը հաստատեց, որ 26-ամյա ծննդկանն իրենց մոտ է տեղափոխվել արդեն ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության թեթև խանգարմամբ: Տեղում պարզվել է, որ կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ կա՝ այլ օրգանների ախտահարմամբ: Կեսարյան հատումից հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նաև փոքրիկի կյանքը:

«Երբ զրուցում էինք իր հետ, ինքը գիտակից էր, պատասխանում էր հարցերին, բայց պետք է մի քանի անգամ հարցը տայիր, որ ընկալեր, գիտակցության թեթևակի խանգարում է դա գնահատվում, զարգանում էր բազմաօրգանային անբավարարություն»,- ասաց Մուրադյանը:

Մերիի մահվանից հետո բժիշկ Շուշանիկ Բախշյանի հետ կապ հաստատել չի հաջողվում: Հարազատները հենց նրա «ոչ պրոֆեսիոնալիզմն ու անփութությունն» են համարում իրենց զավակի մահվան պատճառ:

«Մեր պահանջն արդարությունն ա, մենք հասնելու ենք արդարությանը, ինքը մեզ զրկեց ամեն ինչից»,- ասում է Էդգար Հարությունյանը:

«Շենգավիթ» ԲԿ-ը, մինչդեռ, տարածած պաշտոնական հայտարարության մեջ պնդում է, թե կատարված ստուգումները կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ չեն արձանագրել, և նա «հոսպիտալացվել է հղիների անեմիա» ախտորոշմամբ: Ուղեղի արյունազեղման կասկած է եղել, ինչը ստուգելու նպատակով են հորդորել Մերի Մարգարյանին տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոց:

Դեպքից 4 օր անց արձագանքել է նաև առողջապահության նախարարությունը` հայտարարելով, թե գործի ընթացքին հետևելու համար ձևավորվել է հանձնաժողով:

Քրեական գործ չի հարուցվել: Մերի Մարգարյանի մահվան փաստով նյութեր են նախապատրաստվում, դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նորածնի մահվան դեպքով:

Ոստիկանությունը հերքում է, թե հղիությունը հսկող բժշկուհին դիմել է իրավապահներին՝ այս օրերին իր անվտանգությունը ապահովելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG