«Ոտքի' Հայաստան» նախաձեռնությունը կշարունակի հոսանքի թանկացման դեմ պայքարը։
Սա այն խումբն է, որ ՀԷՑ-ում միջազգային աուդիտ անցկացնելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ի տարբերություն «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների, որոշեց փակ պահել Բաղրամյան պողոտան։
«Ազատության» հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանն ասաց, որ չեն որոշել պայքարի մարտավարությունը, դեռ մշակում են, բայց գիտեն՝ շարունակելու են հանրահավաքներն ու անհնազանդության գործողությունները։
«Ե՛վ փողոց փակենք, և՛ քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցները օգտագործենք․․․», - ասաց նա՝ որպես անհնազանդության օրինակ նշելով․ - «Կոչ արվի ժողովրդին, որ ոչ մեկս չենք մուծում ընդհանրապես էլեկտրաէներգիայի գումարը, օրինակ, դա ուղղակի՝ օրինակ»:
Նոր համակարգող խումբը Բաղրամյան պողոտայում ցուցարարների հրապարակած երեք պահանջներին կավելացնի ևս երկուսը՝ թալանի համար քրեական պատասխանատվության ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ղեկավարներին, ինչպես նաև լուծարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ասում է Գագիկ Եղիազարյանը։
Վերջին պահանջը «Ոտքի' Հայաստան» նախաձեռնության անդամը այսպես պարզաբանեց․ - «Որովհետև ես անձամբ համարում եմ, որ վերջին տարիներին ՀԾԿՀ-ն չի կատարել իր բուն պարտականությունները․ չէ որ ՀԾԿՀ-ն պետք է հաշվի առնի ոչ միայն ընկերության շահը, այլ նաև ժողովրդի, այլ նաև սպառողի շահը»:
«Եվ, ըստ էության, երեք տարում 50 տոկոսով ավելացրել է [էլեկտրաէներգիայի սակագները], չէ՞․․․», - այս դիտարկմանը Եղիազարյանը արձագանքեց․ - «Դա միայն էլեկտրաէներգիայի ոլորտում, բայց չէ որ երկրում ոլորտները շատ են, անվերջ բարձրացումները․․․ Ես անձամբ տեղյակ չեմ ու չեմ հիշում, որ ինչ-որ մի բանի սակագինը մեր երկրում վերջին գոնե տաս տարիներին թեկուզ սիմվոլիկ ինչ-որ մի չափով նվազած լինի»:
Հիշեցնենք՝ ցուցարարները ավելի վաղ իշխանություններից պահանջել էին «վերանայել և չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը», «վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով» և «պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև պատժել նրանց անօրինական հրաման տվողներին»:
«Ոտքի՛ Հայաստան» նոր համակարգող խմբի անդամը վստահություն է հայտնում, որ հոսանքի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական շարժումը չի մարել ու նոր թափ կստանա առաջիկայում։
«Նոր ձևավորվող համակարգող խումբը կվերլուծի թե՛ պահանջները, թե՛ հետագա ռազմավարությունը, մարտավարությունը, թե՛ հետագա քայլերը, թե՛ հետագա պահանջները: Կարծում եմ, որ հնարավոր է ոչ միայն վերականգնել շարժման թափը, այլ մի քանի անգամ այն ավելացնել», - ասաց Գագիկ Եղիազարյանը:
Իսկ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների հետ համագործակցության և մի սեղանի շուրջ նստելու փորձեր կանեն, ասում է ակտիվիստը։ «Ես խնդիր չեմ տեսնում նրանց հետ միավորվելու, կամ նրանցից մենք չենք համարում տարանջատված, խնդիր չեմ տեսնում նրանց հետ նույն սեղանի շուրջ նստելու, քննարկելու, զրուցելու պայքարի հետագա ընթացքի հետ կապված», - հայտարարեց Գագիկ Եղիազարյանը:
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 12-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ