Մատչելիության հղումներ

Մինչև աուդիտի եզրակացությունը կառավարությունը իր վրա կվերցնի հոսանքի թանկացման բեռը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահը Բաղրամյան պողոտայում ցույց անցկացնող երիտասարդներին հորդորում է միասին լուծել խնդիրները:

Մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում (ՀԷՑ) աուդիտի ավարտը, որի մասին նախօրեին պայմանավորվել էին Հայաստանի նախագահն ու հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահը, էլեկտրաէներգիայի թանկացման բեռն իր վրա կվերցնի Հայաստանի կառավարությունը: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ:

«Համոզված եմ՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը ծայրահեղ վտանգավոր է: Ուստի, մինչև եզրակացության կազմումը այդ ընկերության կողմից կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Անշո՛ւշտ, մենք ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չենք դիպչի, այլ գումարներ կգտնենք անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից», - ասել է նախագահը՝ շարունակելով․ - «Իհարկե, մեր անվտանգության խնդիրները հեռու են լուծված լինելուց, և սա մեղմ ասած, բայց կասկածամտության ու անվստահության այն մթնոլորտը, որ այսօր կա, ես նույնպես անվտանգության խնդիր եմ համարում և շատ կարևոր խնդիր: Դա լուծել է պետք»:

Սերժ Սարգսյանը նշել է՝ եթե աուդիտի եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողները պետք է վճարեն, իսկ եթե պարզվի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի «Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»:

Առաջարկելով աուդիտի անցկացմանը ներգրավել ոչ միայն էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և մեծ հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, այլև «բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին»՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է․ - «Հնարավոր է Բաշխիչ էլեկտրական ցանցերի սեփականատիրոջ փոփոխություն՝ չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»:

Նախագահը նաև դիմել է Բաղրամյան պողոտայում ավելի քան մեկ շաբաթ բողոքի ցույց անցկացնող երիտասարդներին՝ հորդորելով միասին լուծել խնդիրները․ - «Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, և միասի՛ն պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը»:

«Չափն անցնել որևէ դեպքում չի կարելի. ոստիկանությունը ի վիճակի է լուծել ցանկացած խնդիր», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով․ - «Դա մեր նպատակը չէ: Եվ Աստծո սիրուն, հերի՛ք է կաթվածահար անեք քաղաքի կենտրոնը, պատասխանատվության բեռը բոլորիս ուսերին գնալով միայն ավելանալու է, անցե՛ք ավելի հանգիստ միջոցների, ազատե՛ք Բաղրամյան պողոտան և օգնե՛ք լուծումների փուլում և դրանց հանդեպ վստահության ամրապնդման հարցերում»:

«Նաև ուզում եմ հստակ հայտնել իմ դիրքորոշումը այն մարդկանց, այն ուժերի հանդեպ, որոնք իրենց պատեհական շահերի համար պատրաստ են սադրել, սրել իրավիճակը, անդնդել մեր վստահության դարուփոսերը, ովքեր խաղաղ հավաքները պատրաստ են մարտադաշտ դարձնել՝ մեկ ժամով այդ մարտադաշտում զորավար լինելու մարմաջով... նմանների հանդեպ իրավապահները եղել և լինելու են խիստ ու անողոք...», - ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը արձանագրել է մի փաստ ևս. - «Ցուցարարները և իրավապահներն այս մի քանի օրերի ընթացքում կարողացան ավելի մեծ փոխադարձ վստահություն ձևավորել, քան հնարավոր էր մի քանի տասնամյակի ընթացքում»:

«Ես, անշուշտ, հետևել եմ վերջին զարգացումներին և ուզում եմ արձանագրել, որ հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանը դարձավ մի մեծ ու արդյունավետ ուսումնական կենտրոն՝ համալսարան, որտեղ մեր քաղաքացիներն ու իրավապահները, լրագրողներն ու պատգամավորները, մտավորականներն ու օտարերկրացիները սովորեցնում էին իրար ու սովորում էին իրարից, լսում էին իրար, անգամ խնդրի հանդեպ անհանդուրժողականությամբ ափեափ լցված հանդուրժում էին միմյանց, լսում էին այնպես, ինչպես աշխարհի քիչ անկյուններում իրար լսել գիտեն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG