Մատչելիության հղումներ

Մամեդյարովի ցանկությունը մեզ համար անընդունելի է․ Մովսես Հակոբյան


Մովսես Հակոբյան, արխիվ
Մովսես Հակոբյան, արխիվ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը անհանգստացած չէ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունից, ըստ որի՝ Բաքուն որպես փոխզիջում կարող է «վերանայել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը միայն Ադրբեջանի կազմում»: Այսօր Հանրապետական կենտրոնական հավաքակայանում Մովսես Հակոբյանը նաև ասաց, որ Ադրբեջանի նման հայտարարությունները ամենևին էլ բանակցությունները փակուղի չեն տանում։

«Ես 23 տարի դա լսում եմ։ Մամեդյարովի ցանկությունը մեզ համար անընդունելի է», - ասաց Հակոբյանը։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին հերթական անգամ կայցելեն Հայաստան, իսկ հետո նաև Ադրբեջան։ Գլխավոր շտաբի պետի տեղակալը, գնահատելով սահմանում տիրող իրավիճակը, ասաց. - «Սահմանին իրավիճակը մենք պիտի բերենք միշտ համեմատության մեջ: Եթե այս պահի դրությամբ ընդհանուր գնահատենք, կարծում եմ՝ հրադադար է, որևէ ակտիվ գործողություն չկա: Եթե համեմատենք այս տարվա սկզբի կամ անցած տարվա նույն ժամանակի հետ, բավականին հանգիստ է»։

«Ազատության» հարցին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանը «վերահսկելի ու ոչ մտահոգիչ» համարեց բանակում հանցագործությունների վիճակագրությունը։

Երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությանն արձանագրվել էր, որ վերջին մեկ տարում կարգապահական խախտումները, արտակարգ դեպքերն ու պատահարները շուրջ 50 տոկոսով նվազել են:

«Մենք լուրջ նվազում ունենք քրեածին տարրերով հանցագործությունների հետ, և բանակը այս ուղղությամբ աշխատանքը շարունակում է և շարունակելու է: Բայց իսպառ բացառված չէ, և ցանկացած ինքնասպանության փորձ մենք պիտի պարզենք՝ ինչն է եղել պատճառը, դա կապ ունի՞ զինվորական ծառայության հետ, թե՞ ոչ», - ասաց Մովսես Հակոբյանը:

Ի տարբերություն պաշտոնական դիրքորոշման, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտահոգիչ է համարում բանակում տիրող իրավիճակը, քանի դեռ, ըստ նրա, չկան վերահսկման անկախ մեխանիզմներ ու ռազմական օմբուդսմենի ինստիտուտ։

Սաքունցը պնդում է, որ հասարակական կազմակերպությունները զինծառայողներից Պաշտպանության նախարարության ստացած դիմում-բողոքների և դրանց արդյունավետ քննության մասին իրական տվյալներ ստանալու հնարավորություններ չունեն՝ հավելելով, որ նախարարության աշխատանքը պետք է գնահատի անկախ մարմինը, ոչ թե նույն գերատեսչությունը:

«Այսինքն, Պաշտպանության նախարարությունը ինքը իրեն գնահատում է: Նման գնահատականները վստահելի չեն կարող համարվել, որովհետև ինքը գերատեսչական շահագրգռվածություն ունի՝ պատկերն ավելի լավը ներկայացնելու: Ես կարծում եմ, որ նման եզրակացության համար պետք է առնվազն ունենալ անկախ տվյալներ և պետք է անկախ մոնիթորինգի հնարավորություն ունենալ․․․ Եվ առանց որևէ բացառության, բոլոր նման մեկ գերատեսչական շահից բխող տվյալներին վստահելը ճիշտ չի», - նշեց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG