Այսօր զինծառայողների քրեական պատասխանատվության նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների շրջանակում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՊՆ և ԳՇ մի շարք վարչությունների պետեր:
Խորհրդակցությանը հրավիրված էին նաև զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Հայկ Գրիգորյանը։
Քննարկվել են ազգային բանակում կարգապահության առկա իրավիճակը, ինչպես նաև հանցակազմ պարունակող երևույթների և արարքների նվազեցման ուղղված միջոցառումները։
Գնահատելով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքները՝ խորհրդակցության մասնակիցները ընդգծել են արատավոր երևույթների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը։
Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ հընթացս քննարկվել է նաև Քրեական օրենսգրքում առկա մի շարք զինվորական հանցագործությունների մասով որոշակի փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Որոշում է կայացվել Քրեական օրենսգրքում զինվորական հանցագործություններ նախատեսող որոշ հոդվածներ վերանայելու նպատակով ստեղծել հանձնաժողով: Վերջինի աշխատանքները կղեկավարի զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյանը:
Խորհրդակցության շրջանակում քննարկվել են նաև ազգային բանակի և իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդմանը միտված հարցեր: Պաշտպանության նախարարը տվել է հստակ հանձնարարականներ և ցուցումներ։