Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության կառավարության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկն այսօր հայտարարել է, որ «Հայաստանյան էլեկտրական ցանցերում» ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար մեղավոր է Հայաստանում գործող կարգավորման համակարգը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ազատության»-ը «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում. մամլո ծառայությունը հեռախոսազանգերին չի պատասխանում։
Ռուսաստանցի փորձագետ, Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Մակարկինը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավարները Ռուսաստանում շատ ազդեցիկ մարդիկ են։
«Այստեղ և՛ Իգոր Սեչինն է՝ Պուտինի մերձավորը, և՛ Ռուսաստանում շատ ազդեցիկ ընտանիքի ներկայացուցիչ Բորիս Կովալչուկը: Եվ հասկանալի է, որ նրանք ինչ-որ առումով անձեռնմխելի են, հենց այնպես նրանց չես կարող մեղադրել։ Բացի այդ, ես կարծում եմ, որ նրանք անկեղծորեն համոզված են, որ այդ սակագինը արդարացված է։ Ռուսաստանի քաղաքական էլիտայում կա հստակ մոտեցում՝ չզիջել։ Մոսկվայում կարծում են, որ երբ զիջում ես, ավելի շատ զիջումներ են պահանջում։ Այս տրամադրությունները կարելի էր տեսնել նաև ուկրաինական իրադարձությունների ժամանակ», - ասաց ռուսաստանցի փորձագետը։
Մամուլում տեղ գտած լուրերը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավար Եվգենի Բիբինին պաշտոնանկ են արել, պաշտոնապես չեն հաստատվում։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ նաև հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը չեն քննարկել, քանի որ դա «Հայաստանի ներքին գործն է»։
Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ խոսք չկա նաև Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում: Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջը փոխանցում է, որ այսօր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախաձեռնությունը հայկական կողմինն էր: Քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցեր, այդ թվում՝ հունիսի 25-26-ին Երևանում կայացած Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները:
Ռուսական լրատվամիջոցները շարունակում են արձագանքել երևանյան իրադարձություններին, դրանք անվանել «էլեկտրամայդան»։
«Ռեպորտաժները, որտեղ հետևյալ տրամաբանություն է՝ Մայդան, ամերիկացիներ, մեզանից խլել են Ուկրաինայի մեծ մասը, ուզում են նաև Հայաստանը խլել, ուղղված է ներքին՝ ռուսաստանյան լսարանին։ Իսկ հայկական լսարանի հետ Մոսկվան չի աշխատում, քանի որ չգիտի՝ ինչպես դա անել», - այս առնչությամբ ասաց Մակարկինը: