Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են ստիպել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին վաճառել ընկերությունը:
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ ռուսական հոլդինգը արդեն բանակցություններ է վարել հայկական ծագմամբ ռուսական բիզնեսմենների, այդ թվում՝ «Տաշիր գրուփ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:
«Սակայն նոր սեփականատեր գտնելը հեշտ չէ: Սակագների տատանումը հանգեցրել է նրան, որ ՀԷՑ-ը մեծաքանակ պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները ընկերության վնասները բյուջեից չփոխհատուցեն»,- գրում է ռուսական պարբերականը:
«Կոմերսանտ»-ի երևանյան աղբյուրը թերթին տեղեկացրել է, որ Սամվել Կարապետյանի հետ բանակցությունները սկսվել են նախքան սակագնի բարձրացումը: «Տաշիր գրուփ»-ի երևանյան ներկայացուցչությունից հերքել են այս տեղեկությունը: Ընկերության ռուսական գրասենյակում էլ ասել են, որ «այս տեղեկությունից գաղափար չունեն»:
ՀԷՑ-ի վաճառքի մասին տեղեկությունները հայտնվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին, որ ընկերությունը կարող է ազգայնացվել: Շաբաթ՝ հունիսի 27-ին, Սարգսյանը հայտարարել է, որ եթե ապացուցվի, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը անհիմն է, ապա «հնարավոր է ՀԷՑ սեփականատիրոջ փոփոխություն` չբացառելով նաև այն պետությանը վերադարձնելու և մրցակցային կառավարման հանձնելու տարբերակը»:
«Տաշիր գրուփ»-ին ՀԷՑ-ի վաճառքի մասին լուրերը արդեն մի քանի ամիս է շրջանառվում են, սակայն ընկերությունը հայտնել էր, որ ընկերությունը գնելու «ցանկություն չունի»։