Մատչելիության հղումներ

«Ո’չ թալանին» նախաձեռնությունը Սերժ Սարգսյանին կարձագանքի վաղը երեկոյան


Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը վաղը՝ ժամը 18:00-ին, համազգային մոբիլիզացիա է հայտարարում, որի ընթացքում կքննարկվեն նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկները՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ:

«Նախագահի առաջարկած լուծումը մեզ ընդհանրապես չի բավարարում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության առաջնորդներից Վաղինակ Շուշանյանը՝ հավելելով.- «Ի՞նչ է նշանակում՝ կառավարությունը բեռը կվերցնի իր վրա․․․Դա նշանակում է՝ գումարը էլի մեր գրպանից է վճարվելու»։

Այսօր ավելի վաղ Հայաստանի նախագահը հայտարարել էր, թե ցուցարարների հիմնական պահանջը՝ սակագնի բարձրացումը չեղյալ հայտարարելը, ծայրահեղ վտանգավոր է: Միաժամանակ Սերժ Սարգսյանը առաջարկել է աուդիտ անցկացնել «Հայկական էլեկտրական ցանցերում»։

«Եթե աուդիտի եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման հիմնավորվածությունը, ապա այդ պահից սպառողներն առանց որևէ կասկածի հիմքերի կսկսեն վճարել այդ սակագնով: Եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,- ասել էր նա։

Առաջարկելով աուդիտին ներգրավել ոչ միայն էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և հեղինակություն վայելող որևէ միջազգային խորհրդատվական ընկերություն, այլև բողոքի ակցիայի ակտիվ տղաներից մի քանիսին, Սերժ Սարգսյանը հորդորել է ցուցարարներին բացել Բաղրամյան պողոտան և խնդիրը լուծել միասին:

«Մի քանի օրից ցանկանում եմ մի քանիսիդ հրավիրել զրուցելու. հույս ունեմ, որ ավելի հեշտ իրականություն կդարձնենք այդ հանդիպումը: Գործ շատ կա անելու, և միասի՛ն պիտի ավարտենք այս դժվարին պրոցեսը»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս առաջարկներին «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը պատրաստվում է վերջնական պատասխան տալ վաղը երեկոյան՝ համընդհանուր քննարկումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG