Մատչելիության հղումներ

Ռոբերտ Նազարյան. Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա շուրջ 7 դրամով


Ռոբերտ Նազարյան. Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա շուրջ 7 դրամով
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի այս հայտարարությունը հարուցել է խորհրդարանական որոշ ուժերի զայրույթը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6.9-7 դրամով:

Չնայած էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու ՀԷՑ-ի ներկայացրած հայտի ուսումնասիրությունը դեռ ավարտված չէ, Նազարյանը պնդում է, որ ռուսական ընկերության կուտակած ավելի քան 109 միլիարդ դրամի պարտքի մի մասը՝ մոտ 37 մլրդ դրամը, պետք է վճարվի սպառողների հաշվին, քանի որ այն գոյացել է ոչ թե ՀԷՑ-ի վատ կառավարման, այլ ատոմակայանի 88-օրյա դադարի ու սակավաջրության հետևանքով․ - «Այդ 37 միլիարդ դրամը այս սակագնի մեջ ներառել և փոխհատուցել մեկ տարվա ընթացքում, որպեսզի նա իր ֆինանսական պարտավորությունները կարողանա ամբողջությամբ կատարել: Ես կարծում եմ՝ վերջին հարցերն էլ որ ավարտենք, մոտավորապես 7 դրամից ցածր կլինի»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի այս հայտարարությունը հարուցել է խորհրդարանական որոշ ուժերի զայրույթը։

Ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով, Ռոբերտ Նազարյանն արհամարհում է ԱԺ-ին ու հասարակությանը՝ փաստելով, թե բարձրացված հարցերն ու բողոքի ձայնը իշխանության համար եղանակ չեն փոխում․ - «Եթե հանրությունը հաշտվելու է դրա հետ, ուրեմն հետևանքը լինելու է այն, որ հերթական անգամ թանկանալու է, և հերթական անգամ բողոքը արտահայտվելու է ոտքերով, այսինքն՝ Հայաստանից արտագաղթելով: Իսկ եթե Հայաստանի ժողովուրդը, հանրությունը իր մեջ ուժ գտնի զանգվածային բողոքների, լուրջ դիմադրության, ես կարծում եմ՝ կարելի է շրջել իրավիճակը»:

Ընդդիմադիր ԲՀԿ-ն ևս պնդում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումն անհիմն է, ավելին՝ սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը չարաշահել է իր լիազորությունները։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ իրենք Ռոբերտ Նազարյանին առաջարկությունների 2 փաթեթ են ուղարկել, ՀԷՑ-ի վնասները փոխհատուցելու և հնարավոր թանկացումը մեղմելու ուղիներ մատնանշել։ Խորհրդարանական լսումների ժամանակ կփորձեն պարզել՝ որքանով են իրենց առաջարկությունները ընդունելի հանձնաժողովի համար։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ուղղակիորեն չարաշահել են իրենց լիազորությունները և ուղղակիորեն իրականացրել են խայտառակ մենեջմենթ: Եվ իրենց խայտառակ մենեջմենթի արդյունքի հետևանքները չպիտի փակի Հայաստանի Հանրապետության քաղաքացին», - հավելեց Զոհրաբյանը:

ՀՅԴ խմբակցությունը հայտարարում է՝ էներգետիկ համակարգը տեխնիկական, տնտեսագիտական ու ֆինանսական լուրջ ուսումնասիրության և հետագա ռազմավարության մշակման կարիք ունի։ Մինչդեռ, ինչպես պնդում է խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու Էներգետիկայի նախարարությունը չեն տիրապետում իրավիճակին ու իրենց իրավունք են վերապահում էլեկտրաէներգիայի թանկացման մասին հայտարարություններ անել․ - «Ես կհորդորեմ, որ նման հայտարարություններ չարվեն, առավել ևս՝ երբ մենք չունենք անկախ փորձագիտական գնահատականը, առավել ևս՝ երբ մեզ սպասում են լսումներ, սպասվում է քաղաքականության վերաբերյալ հստակ մոտեցումների ներկայացում: Գուցե առհասարակ արգելվի՞ որևէ բարձրացումը: Մինչդեռ նման մոտեցումը նշանակում է ի սկզբանե կանխակալ դիրքորոշում ցուցաբերել»:

Չնայած ընդդիմադիր պատգամավորները, փորձագետներն ու լրատվամիջոցները գրեթե ամեն օր բարձրաձայնում են ՀԷՑ-ի թույլ տված աղաղակող խախտումների մասին, իշխող Հանրապետական կուսակցությունը Ռոբերտ Նազարյանի հայտարարության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե հայտի հիմնական մասն արդեն ուսումնասիրված է, և տրամաբանությունը հուշում է, որ սակագինը 7 դրամով բարձրացնելու հիմքեր կան․ - «Մնացել է մի քանի բան ուսումնասիրելու: Այսինքն այդ բոլոր ուսումնասիրությունների արդյունքում այդ շրջանակներում է [սակագնի բարձրացումը]: Մնացած ուսումնասիրությունները կարող են շատ չնչին ազդեցություն ունենալ»:

Հիշեցնենք, ՀԷՑ-ը մայիս 8-ին հայտ էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիան թանկացնել 17 դրամով՝ 1 կիլովատտ/ժամի սակագինը 42-ից դարձնելով 58 դրամ։ Այս հարցով առաջիկա ուրբաթ խորհրդարանում լսումներ կանցկացվեն։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG