Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել


ՀԷՑ-ը սակագինը բարձրացնելու հայտ է ներկայացրել
please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00

Եթե հանձնաժողովը հաստատի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության առաջարկած սակագինը, ապա ցերեկային ժամերին էլեկտրաէներգիան կթանկանա 40.8 տոկոսով, իսկ գիշերը՝ 53.6 տոկոսով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալյա Սարջանյանը այսօր «Ազատությանը» տեղեկացրեց, որ ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել ավելի քան 17 դրամով:

Որևէ այլ մեկնաբանություն Սարջանյանը հրաժարավեց տալ:

Այսօր մամուլում հրապարակված ընկերության հայտարարության համաձայն, ՀԷՑ-ը առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի:

Եթե հանձնաժողովը հաստատի առաջարկվող սակագինը, ցերեկային ժամերին էլեկտրաէներգիան կթանկանա 40.8 տոկոսով, իսկ գիշերը՝ 53.6 տոկոսով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը «Ազատությանն» ասաց, որ ըստ կարգի հայտը պաշտոնապես մուտքագրելուց հետո հանձնաժողովոը կարող է այն ուսումասիրել 80 աշխատանքային օրվա ընթացքում․ - «80 աշխատանքային օրը իր մեջ ներառում է 5 օր հայտի փաթեթը ստուգելու համար, որից հետո կա՛մ հայտը ընդունվում է ուսումնասիրության, կա՛մ կրկին վերադարձվում է ընկերություն»:

Սա էլեկտրաէներգիայի արդեն երրորդ թանկացումը կլինի երկու տարուց պակաս ժամանակահատվածում: 2013-ի հուլիսից ի վեր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը 30 դրամից հասել է 41.8 դրամի, իսկ գիշերայինը՝ 20 ղրամից դարձել 31.8 դրամ:

2006 թվականից ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանյան «Интер РАО ЕЭС» ընկերությանը, որի բաժնետերերից է նաև ռուսաստանյան պետությունը՝ ի դեմս «Росимущество» պետական գործակալության:

Ընթացիկ տարեսկզբին լրագրողների հետ հանդիպմանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հայտարարեց, որ ռուսական ընկերության վատ կառավարման, ինչպես նաև դրամի կտրուկ արժեզրկման պատճառով սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում:

Նախարարը մանրամասնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կուտակել է 250 միլիոն դոլարից ավելի պարտք, ինչը գործող սակագնի պայմաններում չի կարող մարել։

Սակայն միաժամանակ նախարարը ընդգծել էր, որ նախագահ Սարգսյանը հանձնարարել է ամեն ինչ անել, որպեսզի այս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա․ - «Ես կարող եմ պատասխանատու հայտարարել, Հայաստանի Հանրապետության դեպքում Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության դիրքորոշումը հետևյալն է․ անել ամեն ինչ, և հավանաբար այդպես էլ կարվի, որպեսզի սակագների հետ կապված, բարձրացման հետ կապված այս տարի մենք խնդիր չունենանք»:

Այն, որ հատկապես տնտեսական դժվարություններով լի տարում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասական հետևանք կունենա մարդկանց կենսամակարդակի, տնտեսության վրա օրերս ընդունեց անգամ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը. - «Իհարկե կունենա ազդեցություն: Բայց գնահատել մեկ բառով կլինի ոչ պրոֆեսիոնալ»:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների համաձայն, 2009 թվականի տնտեսական ճգնաժամից ի վեր առաջին անգամ անցած տարի նվազեց բնակչության սպառած էլեկտրաէներգիայի ծավալը: Եթե 2013-ին սպառվել էր 1 միլիարդ 950 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, ապա 2014-ին՝ 1 միլիարդ 933 միլիոն:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, սա վկայում է, թե բնակչության կենսամակարդակի վրա որքան վատ է անդրադառնում սակագնի բարձրացումը․ - «Ինձ համար անհասկանալի է՝ ինչու՞ պետք է Հայաստանի քաղաքացիները վճարեն օտարերկրյա ընկերության պարտքերը: Մենք գործ ունենք մի կազմակերպության հետ, որը աշխատում է վնասով արդեն երրորդ տարին, որը փոխանական տարեկան մոտավորապես 13-14 միլիարդ դրամի շահույթ ստանա, կուտակում է 9-10 միլիարդ դրամի վնաս, և միաժամանակ զբաղվում է բարեգործությամբ: Երկու տարվա ընթացքում՝ 2012-2013 նա 3.2-3.3 միլիարդ դրամի չափով բարեգործություն է կատարել»:

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կասկած չունի, որ Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովն ընդառաջ կգնա բնակչությանը էլեկտրաէներգիա վաճառող մոնոպոլիստին և կբարձրացնի սակագինը, ինչպես միշտ արել է նախկինում:

Շուշանյանն ասաց, որ իրենք վերսկսելու են բողոքի զանգվածային ակցիաները․ - «Դրանք կլինեն բողոքի ակցիաներ, կլինեն երթեր, կլինեն փողոցների փակումներ»:

XS
SM
MD
LG