ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ այսօր դրսի ուշադրությունը Հայաստանի վրա է սևեռված, պետք է հպարտ լինենք:
«Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ, մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք», - ասաց Սահակյանը՝ հավելելով, թե ինքը չի կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը Քարդաշյանը դիվանագետներից ավելի է նպաստել, բայց նրա արածն էլ չի թերագնահատում․ - «Համենայն դեպս նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ, Շառլ Ազնավուրը և կարելի է թվարկել․․․ նրանք, բնականաբար, մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ, իրենց ճանաչելիությամբ նպաստում են նաև մեր ժողովրդի հետագա․․․ կամ երկրի բարեփոխումների ճակատագրի համար»:
Շուշան Պետրոսյանը կարծում է, որ Քարդաշյանի այցից պետք է օգտվել․ - «77 միլիոն հետևորդ ունեցողը պիտի աշխատի հօգուտ իր հայրենիքի»:
Կարինե Աճեմյանը վստահ է, որ չի կարելի պահը բաց թողնել․ - «Այս պահը պետք է օգտագործել: Պետք է օգտագործել այն, որ նա շատ ճանաչված է և կարող է խոսել Հայաստանի մասին, կարող է խոսել Ցեղասպանության մասին: Իսկ դա նշանակում է, որ շատ մարդիկ, ովքեր նույնիսկ չեմ էլ իմանում, թե Հայաստանը որտեղ է, կիմանան: Եվ կիմանան նաև Ցեղասպանության մասին: Դա շատ կարևոր հարց է»:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը նույնպես դրական է համարում Քարդաշյանի այցը․ - «Ամբողջ աշխարհում շուոբիզի ներկայացուցիչներին օգտագործում են քաղաքական նկատառումներով: Այդ առումով չեմ հասկանում այս մեր հայրենասիրական, բարոյական այդ նկրտումները: Ամեն մարդ թող իր անկողնուն հետևի և մտածի՝ ի՞նքը ոնց է ապրում»:
Քիմ Քարդաշյանի այցից Արզումանյանը հայ-թուրքական հաշտեցում չի սպասում․ - «Քաղաքական գործիչ չէ, չի եկել հարցեր քննարելու: Եկել է շուոյի համար, մենք էլ պետք է թամաշա անենք կողքից»:
Հայկական շուո բիզնեսի ներկայացուցիչ Շուշան Պետրոսյանը նույնպես է դեմ է Քարդաշյանի բարոյական կերպարը քննարկման թեմա դարձնելուն․ - «Խոսել իր անձնական կյանքից, նրան դարձնել պոռնոաստղ․․․ Ախր ինքը պոռնոաստղ չի: Ինքը մեղավո՞ր է, որ չհաջողված սիրավեպ է ունեցել․․․ Հեչ պետք չեն բարոյահոգեբանական այդ ճնշումները և հատկապես բարոյագիտության մասին դասախոսությունները»:
Հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը երեկ երեկոյան ոչ միայն տեսել, այլև ճաշել է Երևան ժամանած Քարդաշյանների հետ: Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանն ասել է, որ պատրաստ է աջակցել մեր խնդիրների լուծմանը:
Հարցին, թե է՞լ ինչից են զրուցել, պատգամավորը պատասխանեց․ - «Դարավոր իղձերից խոսեցինք, մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրներից: Դե որ ասեմ գազի հանձնաժողովից խոսեցինք, չգիտեմ, Ծառուկյանից՝ չէ»:
Գալուստ Սահակյանն ասաց, որ Քարդաշյանը խորհրդարան չի այցելի ու իրեն չի հանդիպելու․ - «Իմ օրակարգում նման խնդիր չկա»:
Լևոն Մարտիրոսյանի տեղեկություններով, Քիմ Քարդաշյանը չի հանդիպի նաև նախագահ Սերժ Սարգսյանին: