Մատչելիության հղումներ

No Kardashian Parking. Լոս Անջելեսում Քարդաշյանին վիրավորող նշաններ են տեղադրվել


«Քարդաշյանի կայանելը բոլոր ժամերին արգելվում է»՝ գրված է ինքնագործ նշանների վրա։

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսը հազիվ էր լքել, երբ ամերիկյան մեգապոլիսի փողոցներում՝ աչքի ընկնող վայրերում, նույնիսկ Քարդաշյան քույրերին պատկանող DASH չորս հարկանի զգեստների բուտիկի դիմաց, փողոցային ինքնագործ նշաններ են հայտնվել, որոնք, ըստ էության, վիրավորում են նրան:

«Քարդաշյանի կայանելը բոլոր ժամերին արգելվում է»՝ գրված է դրանց վրա: Լոս Անջելեսի փողոցներում յոթ այդպիսի նշան է փակցվել ճանապարհային իսկական նշանների կողքին:

FOX News-ը հաղորդում է, որ դրանց հեղինակը փողոցներում նկարներ անող, Plastic Jesus կեղծանունով նկարիչն է: Վերջինս Hollywood Reporter-ի հարցազրույցում ասել է.- «Քարդաշյան ընտանիքը արմատներ է ձգել մեր մշակույթում: Մենք անտեսում ենք իրական լրատվությունը՝ բավարարվելով հանրաճանաչների մասին փաթաթվող տափակ լրատվությամբ»:

«Հիմար մարդկանց հանրաճանաչ դարձնելուն պետք է վերջ տալ: Այս քննադատությունը նաև մեզ է ուղղված՝ սպառողներիս: Առանց մեզ Քարդաշյանները լսարան չէին ունենա, մենք հավասար չափով, եթե ոչ ավելի, մեղավոր ենք»,- ասել է Plastic Jesus-ը:

Time գրում է.- «Եթե ձեր ազգանունը Քարդաշյան է, Լոս Անջելեսում կայանատեղի փնտրելը ձեզ համար մեծ խնդիր է դառնում»:

Փողոցային նկարիչը հարցազրույց է տվել նաև USA Today-ին՝ ասելով, թե իր նշանները ուղիղ Քարդաշյանին քննադատելուն չեն ուղղված, այլ ընդհանրապես հայտնիների նկատմամբ մշակութային մոլագարությանը:

Նա ասել է, որ այդ նշանները ստեղծելու գաղափարը իր մոտ ծնվել է, երբ մամուլում տեսել է Քարդաշյան քույրերից մեկի ֆոտոշարը, որը պատկերել է, թե նա ինչպես է գնումներ կատարում:

«Ես ինքս ինձ մտածեցի՝ ինչպե՞ս է դա դարձել լրատվական նորություն»,- USA Today-ին ասել է Plastic Jesus-ը՝ բողոքելով, որ զանգվածային լրատվամիջոցները շատ մեծ ուշադրություն են դարձնում Քարդաշյան ընտանիքին:

Նա ասել է, թե հայտնի մարդիկ, չնայած իրենց տեղն ու փառքն ունեն հասարակությունում, այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում հիմնական լրատվամիջոցները ուշադրությունը բևեռում են աստղերին «պտտեցնող» լուրերի վրա:

«Սովը, գործազրկությունը, այսպիսի լուրերը հետ են մղվել երկրորդ պլան, այնինչ հայտնիների մասին լուրերը առաջին էջում են»,- ասել է նկարիչը՝ հայտարարելով.- «Իմ մեսիջը խորն է, եկեք վերջ տանք հանրաճանաչների հետապնդումներին»:

Լոս Անջելեսի ոստիկանությունից Hollywood Reporter-ին ասել են, որ դեռևս որևէ բողոք չեն ստացել, չնայած տեղադրված նշանները ակնհայտ վանդալիզմ են՝ անկախ իրենց գեղարվեստական մտահղացումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG