Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, այսօր առավոտյան ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա, ինչի հետևանքով 3 զինծառայող զոհվել է՝ 19-ամյա Հակոբ Գագիկի Խաչատրյանը, 20-ամյա Էդուարդ ԳագիկիՀայրապետյանը և 20-ամյա Արշակ Կարենի Հարությունյանը, ևս 4 զինծառայող վիրավորվել է: Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ «Ազատության» այցելության պահին՝ ժամը 17.00-ի սահմաններում, վիրավորներից երկուսն էին այնտեղ գտնվում, նրանց առողջական վիճակի մասին, սակայն, մանրամասներ ճշտել չհաջողվեց:
ՊԲ-ից հաղորդում են նաև, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին փախուստի դիմել, այնուհետև հետապնդելով վերջինիս, ամբողջությամբ ոչնչացրել խմբին իրենց դիրքերի մատույցներում:
«Համաձայն ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից հաստատված տեղեկությունների, արդեն հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածների և մեկ վիրավորի տվյալները: Սպանվածներից մեկի ազգանունը Հյուսեյնով է, մյուսի անունը Ջեյհուն, իսկ վիրավորներից մեկի անունը Էլշադ», - մասնավորապես ասված է Պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ․ - «Հավելենք նաև, որ հակառակորդը մարտադաշտում է թողել տարբեր տեսակի զենք ու զինամթերք, այդ թվում АК տիպի ինքնաձիգ` իսրայելական արտադրության գիշերային տեսանելիության նշանոցով և խլացուցիչով, սակրավորի հատուկ հանդերձանք, 4 հատ "Муха" տիպի նռնականետ, հարձակողական նռնակներ, փամփուշտի պահունակներ, մեծ քանակության օգտագործված ներարկիչներ, որոնք ամենայն հավանականությամբ կիրառվել են վիրավորներին ցավազրկելու նպատակով»:
Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե Ադրբեջանը ապակառուցողական գործողություններ է ձեռնարկում և միտումնավոր դիմում սադրիչ քայլերի՝ բանակցությունները վտանգի տակ դնելու համար:
«Իմ անձնական կարծիքով, սա ուղղակի ապակառուցողական վարք է ոչ միայն Հայաստանի հանդեպ, այլ նաև միջնորդների հանդեպ, և փորձում են ճնշում գործադրել նաև բանակցություններում, որ եթե մենք մեր ցանկացածը չենք հասնում, մենք ունենք լավագույն այլընտրանք և կարող ենք մենք սկսել պատերազմ կամ ինչ որ լարում ստեղծել, ինչին միջնորդները կարծես թե դեմ են: Այսինքն, իրենք նշում են, որ միայն խաղաղ միջոցներով պետք է այս խնդիրը լուծվի», - ասաց Բեգլարյանը:
Նրա կարծիքով սահմանին իրավիճակը կարող է փոխվել, եթե միջնորդ երկրները իրական ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, մինչդեռ նրանք ինչ-որ խոստումներ են կորզում Ադրբեջանից, որից 10 օր հետո սահմանին իրավիճակը կրկին սրվում է:
«Ես տեսնում եմ, որ միջնորդ կողմը ավելի մեծ ճնշման տեղ ունի և ռեալ կարող են լինել նաև սանկցիաներ, և տնտեսական և ռազմական, որ Ադրբեջանը փորձում է ապակայունացնել տարածաշրջանը և իր միջազգային պարտավորությունները չի պահպանում», - ընդգծեց ԼՂ վարչապետի մամլո խոսնակը:
Հայաստանի ԱԳՆ-ն ևս դատապարտել է այսօրվա հարձակումը՝ նշելով, որ «Բաքուն հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին` ձեռնպահ մնալու իրավիճակը սրող քայլերից և հայտարարություններից։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են հայկական կողմի 20 զոհերի ու վիրավորների մասին՝ չմանրամասնելով ադրբեջանական կողմի կորուստների մասին: