Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական կողմի գրոհը հետ մղելիս ՊԲ երեք զինծառայող է զոհվել: Հայկական կողմը ամբողջությամբ ոչնչացրել է հակառակորդի հատուկ նշանակության ջոկատը:
«Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում», - ասված է ՊԲ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունում, - «Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի ևս 4 զինծառայողներ վիրավորվել են»:
Պաշտպանության բանակը խոստանում է ավելի ուշ ներկայացնել դեպքի այլ մանրամասներ և իրեղեն ապացույցներ: