«Խստորեն դատապարտում ենք մարտի 19-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղաբարաղ - Ադրբեջան շփման գծի ուղղությամբ դիվերսիոն ներխուժման փորձերը, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի: Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինվորների ընտանիքներին և ծառայակիցներին»,- մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը՝ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.- «Բաքուն հերթական անգամ իր բացահայտ արհամարհանքն է ցուցադրում միջազգային հանրության հորդորներին` ձեռնպահ մնալու իրավիճակը սրող քայլերից և հայտարարություններից։ Ակնհայտ է, որ այս արկածախնդիր վարքագիծը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Սադրիչ գործողությունների հետևանքով սրված իրավիճակի անմիջական պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»։