Մատչելիության հղումներ

Սահմանադրագետ․ Հանձնաժողովը մշակելու է խորհրդարանական կառավարման մոդելը


Հարցազրույց սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ
please wait

No media source currently available

0:00 0:06:04 0:00

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ավելի վաղ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից: Հանձնաժողովի անդամի խոսքով՝ իրենք աշխատելու են Հայաստանի համար կառավարման խորհրդարանական մոդելի լավագույն տարբերակը գտնելու ուղղությամբ: Այլ նախագծեր առայժմ չեն մշակում:

Վարդան Պողոսյան․ - Բնականաբար Հանրապետության նախագահին ժամանակ էր անհրաժեշտ ծանոթանալու, մանրակրկիտ վերլուծելու, իր համար հետևությունների հանգելու և նաև այդ ժամանակը օգտագործելու՝ քաղաքական այլ ուժերի հետ կոնսուլտացիաներ անցկացնելու, որովհետև հայեցակարգը մի քանի խնդիրներում իսկապես բավականին արմատական փոփոխություններ է առաջարկում, մասնավորապես, կառավարման ձևի հետ կապված: Դուք գիտեք, որ Վենետիկի հանձնաժողովը, երբ որ քննարկեց այդ հայեցակարգը, շատ դրական գնահատական տվեց, բայց նաև նշեց, որ անհրաժեշտ է քաղաքական ուժերի մեծ կոնսոլիդացիա, հատկապես, եթե կառավարման ձևի փոփոխության խնդիր է դրված: Դրա համար էլ գործընթացը տևեց, Հանրապետության նախագահը այսօր Սահմանադրական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ինքը հավանության է արժանացնելու հայեցակարգը, իսկ դա նշանակում է, որ Սահմանադրական հանձնաժողովը արդեն անցնում է իր աշխատանքների երկրորդ փուլին, այսինքն, Սահմանադրական հանձնաժողովը ներկայացված հայեցակարգին համահահունչ պետք է արդեն աշխատի կոնկրետ սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա: Եվ այդ նախագիծը պետք է առավելագույնը 10 ամսվա ժամկետում մշակվի և ներկայացվի Հանրապետության նախագահին:

«Ազատություն»․ - Այսինքն, դուք պետք է աշխատեք Հայաստանի կառավարման մոդելը խորհրդարանականի փոխելու արդյունավետ տարբերակնե՞րը գտնելու ուղղությամբ:

Վարդան Պողոսյան․ - Մեր աշխատանքը չի սահմանափակվում դրանով, որովհետև մենք հայեցակարգում անդրադարձել ենք բազմաթիվ խնդիրների․ և՛ սահմանադրական կարգի հիմունքներում կա փոփոխությունների կարիք, և՛ հիմնական իրավունքների հետ կապված, և՛ դատական իշխանության: Կառավարման համակարգը այդ ամբողջ փոփոխությունների բաղկացուցիչ մասն է հանդիսանում և այդ նախագիծը, որը պետք է Սահմանադրական հանձնաժողովը պատրաստի, պետք է պատրաստվի հայեցակարգին համապատասխան: Կոնկրետ՝ կառավարման ձևի հետ կապված, Սահմանադրական հանձնաժողովը, վերլուծելով երկրում առկա քաղաքական համակարգում առկա խնդիրները, անդրադարձ է կատարել նաև այն հարցին, թե ինչքանո՞վ է հնարավոր գործող կառավարման համակարգի պայմաններում բարելավել Սահմանադրությունը և եկել է այն եզրահանգմանը, որ մնում են, միևնույնն է, խնդիրներ, որոնք առավել արդյունավետ ձևով կարող են լուծվել խորհրդարանական համակարգի պայմաններում: Այսօրվա հանդիպման ժամանակ, երբ Հանրապետության նախագահն ասաց, որ հավանության է արժանացնելու այս հայեցակարգը, դա նշանակում է, որ հանձնաժողովը, բնականաբար, առաջին հերթին աշխատելու է, եթե կառավարման ձևի մասին ենք խոսում, խորհրդարանական կառավարման ձևի մոդելի մշակման վրա, բայց նաև կա երկրորդ ասպեկտը: Հանրապետության նախագահը հստակ ասաց իր խոսքում, որ քաղաքական տարբեր ուժերի հետ կոնսուլտացիների ժամանակ չկա միակարծություն այս կամ այն կառավարման ձևի օգտին, հետևաբար մեր առջև խնդիր դրվեց՝ գտնել այն ձևաչափը, որով մենք պետք է աշխատենք նաև բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք ցանկանում են մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին, հաշվի առնել նրանց կարծիքները, նրանց հետ քննարկումներ իրականացնել, և վերջում չի բացառվում, որ Հանրապետության նախագահը Ազգային ժողովին ներկայացնի մի այնպիսի նախագիծ, որը նաև այլընտրանքներ պարունակի:

«Ազատություն»․ - Եթե քաղաքական ուժերի հետ քննարկումների ժամանակ իրենք այլ տարբերակներ չառաջարկեն, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը աշխատելու է կառավարման մոդելը խորհրդարանականին ամենաարդյունավետ տարբերակով ներկայացնել Ազգային ժողո՞վ:

Վարդան Պողոսյան․ - Բնականաբար: Դա նաև Հանրապետության նախագահի ցանկությունն էր: Հանրապետության նախագահը շեշտեց երկու հիմնախնդիր, և դա ոչ միայն այս հանդիպման ժամանակ, որտեղ ինքը որոշակի պրոբլեմներ է տեսնում: Խոսքը վերաբերում է երկրի ներքին ու արտաքին անվտանգության և կառավարության կայունության հիմնախնդիրներին, և իր խոսքում Հանրապետության նախագահը հանձնաժողովի անդամներին խնդրեց, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնենք այդ հարցերին և այնպիսի լուծումներ գտնենք, որ առնվազն այս երկու հարցերով մենք երաշխավորված ունենանք այնպիսի իրավիճակ, որը հետընթաց չլինի գործողի համեմատությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG