Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ «ԲՀԿ - ՀԱԿ դաշինքը մշակվել էր Մոսկվայում»


Արամ Սարգսյան․ «ԲՀԿ - ՀԱԿ դաշինքը մշակվել էր Մոսկվայում»
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00

Արամ Սարգսյան․ «ԲՀԿ - ՀԱԿ դաշինքը մշակվել էր Մոսկվայում»

Ու դրա նպատակը Հայաստանում Իվանիշվիլու տարբերակով իշխանափոխություն անելն էր՝ եթե Սերժ Սարգսյանը Եվրամիության հետ ստորագրեր ասոցացման համաձայնագիրը:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքագիտական վերլուծությունը, ինչի արդյունքում ձևավորվեց ԲՀԿ-ՀԱԿ դաշինքը, մշակվել է Մոսկվայում, և նպատակ ուներ Իվանիշվիլիի տարբերակով իշխանափոխություն անել Հայաստանում՝ եթե Սերժ Սարգսյանը Եվրամիության հետ ստորագրեր ասոցացման համաձայնագիրը:

Կրեմլը, սակայն, ըստ Սարգսյանի, խաբեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին՝ մեկ անգամ ևս ցույց տալով, որ Հայաստանում աշխատում է միայն իշխանությունների հետ․ - «2003-ին էլ, 2008-ին էլ, 2013-ին էլ նախագահի թեկնածուները գնացին Մոսկվա՝ Ռուսաստանի ծնկին լացելու, այնտեղից հաղթանակը բերելու»:

Հարցին, թե արդյոք իր ասածը վերաբերում է նաև Տեր-Պետրոսյանին, Արամ Սարգսյանը պատասխանեց․ - «Միանշանակ այդպես էր: Այսօր էլ Տեր-Պետրոսյանը վախենում է Պուտինի հրաժարականը պահանջողներից: Իմ խորին համոզմամբ՝ քաղաքագիտական վերլուծությունը հարված էր Մոսկվայում և ուներ մի նպատակ․ եթե Հայաստանի գործող իշխանությունները փորձեին ստորագրել ասոցացման և ազատ առևտրի համաձանագիրը, միաժամանակ այդ սխեման Իվանիշվիլու աշխատելու էր»:

«ՀԱԿ-ից դուրս գալուց՝ քրիստոնյայի նման երեք անգամ զգուշացրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ՀԱԿ-ի ժողովում և հանրությանը՝ ԲՀԿ հետ համագործակցության և ամբողջությամբ Մոսկվայի վրա խաղադրույքներ կատարելու վերաբերյալ: Դրանից հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ժամանակը ցույց կտա, թե մեզանից ով է ճիշտ», - շարունակեց ասաց Արամ Սարգսյանը: - «Իսկ Ռուսաստանը հենց նույն Գագիկ Ծառուկյանով հիմնավորեց, որ ինքը աշխատել և աշխատում է իշխանության հետ․․․ Առ այսօր տեղի ունեցած․․․ անհաջողության պատճառը ոչ թե հրապարակում հավաքված ժողովուրդն է եղել, այլ լիդերի սխալ ընտրությունը աշխարհաքաղաքական կոնտեքստում»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը ընդգծեց, որ ինքը եղել է Հայ ազգային կոնգրեսում և քաջատեղյակ է, թե ինչպիսի վերաբերմունք կա այնտեղ ԲՀԿ-ի ու «Ժառանգության» նկատմամբ, և «այդ երեք ուժերին հնարավոր էր միավորել միայն Մոսկվայից, հակառակ դեպքում այդ մարդիկ անհամատեղի էին»:

Այս մարտի 1-ի ելույթում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետորսյանը, հեգնանքով ներկայացնելով կարճ ժամանակում իշխանափոխության ձգտող ընդդիմադիր այլ ուժերի «կոդավորած ստրատեգիական պլանը», ասաց, որ այն սկսվելու է «Դավալուից ցախավելը հեծած»:

Արարատ գյուղը, որը մինչև 1935 թվականը կոչվում էր Դավալու, Արամ Սարգսյանի ծննդավայրն է:

«Դավալուից է եղել իմ եղբայրը, և Դավալուն հայ իրականության մեջ մտել է որպես Վազգեն Սարգսյանի գյուղ: Այսօր ես եմ այդ գյուղում ապրում: Ինքը հրաշալի, շատ լավ գյուղ է Արարատ լեռան փեշերին․․․ Դավալուն նաև լուրջ ներդրում է ունեցել ինքնապաշտպանության գործընթացներում: Շնորհակալ եմ, որ պարոն նախագահը մտածում է, որ առաջիկա գործընթացներում կարող է Դավալուից նաև նոր գործընթաց սկսվի: Կաշխատեմ իրեն հուսախաբ չանել», - ասաց Արամ Սարգսյանը:

Մինչև ապրիլի 24-ը զանգվածային միջոցառումներ չանցկացնելու՝ ՀԱԿ-ի որոշման վերաբերյալ Արամ Սարգսյանն ասաց․ - «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ Ցեղասպանության 100-ամյակը ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ամբողջ հայության համար շատ լուրջ տարելից է․․․ եթե ինքը դա հասկանում էր, իրար վրա միանգամից մի տասը օրվա հանրահավաքի դիմում չէր ներկայացնի: Այստեղ հստակ հակասություն կա: Այսինքն եթե «Բարգավաճ»-ի հետ ստացվեր այն ամեն ինչը, ինչ իրենք պլանավորել էին, հարյուրամյակի հերն էլ անիծած, իրենք կանեին․․․»:

Ըստ Սարգսյանի, այժմ ընդդիմությունը փորձում է ավելացնել իր համախոհների քանակը և պատրաստվում է առաջիկա քաղաքական գործընթացներին․ - «Ես վստահ եմ, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում, նաև վստահ լինելով, որ հայ հանրության 40-45 տոկոսը ուղղակի կողմ է Եվրամիության հետ Հայաստանի ասոցացմանն ու առևտրի համաձայնագրի ստորագրմանը՝ դեմ լինելով Եվրասիական միությանը, ես կարծում եմ, որ այս ուժերը միասնական համախմբված հանդես կգան խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նաև լուրջ արդյունքները գրանցելուց հետո լուրջ հակադրություն կստեղծեն նախագահական ընտրությունների ժամանակ, որը տվյալ պարագայում կարող է բերել հաղթանակի»:

XS
SM
MD
LG