Խորհրդարանում շարունակվող կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագծի քննարկումը այսօր թեժ բանավեճի առիթ դարձավ։
Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը միանգամից հիշեց դահլիճից արդեն երկրորդ օրը բացակայող «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը և համաձայնեց ոչ իշխանական ուժերի հետ՝ ճգնաժամ իրոք կա, այն խորն է և ընդդիմության դաշտում է։
«Այո, ընդդիմությունը կաղում է, բայց նրա պես լավատես չեմ, որ սա արագ ապաքինվող տկարություն է, որովհետև ընդդիմությունը նոր չի կաղում, կաղում է վաղուց և կաղում է երկու ոտքից, նույնիսկ երևի թե երեք ոտքից»,- հայտարարեց Նաղդալյանը։
Հանրապետականները, սուր քննադատելով կառավարման ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը, չմոռացան նաև երեկ այն ներկայացնող Լևոն Զուրաբյանին։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ եռյակ գոյություն չունի, և չի կարելի նախագիծը եռյակի անունից ներկայացնել։
«Եվ ես զարմանում եմ, պարոն Զուրաբյան, որ այսօր խոսում եք ժողովրդի անունից։ Դուք իրավունք չունեք ձեր խմբակցության անունից խոսելու։ Ձեր խմբակցության ելույթներին ուշադիր հետևում էի։ Յոթից հինգի ելույթները հակասում էին մեկը մյուսին։ Դուք մի խմբակցություն չեք կարողանում ղեկավարել, դուք ո՞նց պիտի ժողովուրդ ղեկավարեք։ Խելքի աշեցե՛ք»,- ասաց Բաղդասարյանը։
«Ժառանգություն»-ից հանրապետականներին արձագանքեց խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը. «Բարգավաճ Հայաստանը» դահլիճում չէ, քանի որ բռնությունների և ճնշումների է ենթարկվել, ԲՀԿ-ի բացակայությունն էլ հենց համակարգային ճգնաժամի արդյունքն է, ասաց նա։
«Ո՞ւմ եք խաբում։ Սա՞ է քաղաքականությունը, որ դասեր եք տալիս, ասում եք՝ հիվանդ եք... Տո հիվանդը դուք եք, որ չեք պատկերացնում, որ ժողովուրդը լավ հասկանում է՝ դուք ինչով եք զբաղված»,- նշեց Հակոբյանը։
Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանն էլ ցուցանիշներ ներկայացրեց՝ արտագաղթ, գործազրկություն, առաջարկեց վիճելու փոխարեն ըստ էության խոսել։
«Վիճակը վատ է և առավել ևս վատ է այն առումով, որ չեք ուզում համակերպվել այն բանի հետ, որ վիճակը վատ է»,- ասաց պատգամավորը։
Դաշնակցական Արծվիկ Մինասյանի կարծիքով էլ՝ միայն վիճակը ներկայացնելը քիչ է, պետք է նաև ելքեր առաջարկել։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ չար չլինելու և միմյանց լսելու կոչ արեց։
«Մի ողջ քաղաքական թիմի եք վախեցնում, ժողովրդին եք վախեցնում։ Սա հավատի, վստահության, մարդկային տեսակի և որակի ճգնաժամ է։ Կառավարություն քիչ է, հարգելի գործընկեր, ամեն ինչի ճգնաժամ է»,- ասաց Բիշարյանը։
Նախագծի հեղինակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը առաջարկեց ընդմիջում վերցնել նախագծի վերաբերյալ դաշնակցության տեսակետները լսելու համար։ Առաջարկը քվեարկությամբ մերժվեց, Լևոն Զուրաբյանն էլ իշխող Հանրապետականին մեղադրեց, թե կառավարման ճգնաժամի մասին խոսելու փոխարեն ընդդիմության ճգնաժամից են խոսում։ Այս հարցում, պնդեց, Հանրապետականին աջակցում է ոչ իշխանական պատգամավորներից կազմված դաշինք, անգամ չխուսափեց անուններ հնչեցնել։
«Այդ դաշինքում դիրիժորի դեր ստանձնած Շարմազանովի հետ միավորվել են Վահրամ Բաղդասարյանը, Նիկոլ Փաշինյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը և Էդմոն Մարուքյանը»,- ասաց Զուրաբյանը։
Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի արձագանքը չուշացավ։
«Սերժ Սարգսյանին հանդիպման աղերսագրեր գրող քաղաքական ուժերը և գործիչները ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են և ես սրանից ավելի ոչինչ ունեմ»,- ասաց Փաշինյանը։
«Ոչ մի կերպ չեք տարբերվում գործող իշխանությունից այն բաներով, որի համար քննադատում եք, և ավելի վատն եք։ Ես դրանում կրկին համոզվեցի»,- ասաց Մարուքյանը։
Զուրաբյանին արձագանքեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.- «Ձեր ելույթը ցույց տվեց, որ սա ՀԱԿ-ի կարապի երգն էր»։
Կառավարման ճգնաժամի քննարկումը այսօր ավարտվեց։ Քվեարկությունը հավանաբար տեղի կունենա վաղը։