Այսօր Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել չորս տարի առաջ սահմանը ապօրինի հատած Եղիշե Գևորգյանը՝ ընտանիքի 4 անդամների հետ: Հայկական կողմին փոխանցվելուց հետո երեք անչափահաս երեխա ունեցող ընտանիքը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց՝ բուժզննում անցնելու:
Հիվանդանոցի տնօրենի առաջին տեղակալ Ռոբերտ Օրհուսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գևորգյանների վիճակը բավարար է, նրանց վրա չեն հայտնաբերվել բռնություններ հետքեր:
«Վիճակը բավարար է, առանձնապես ոչ մի բան չկա, միայն հայրը, որը ասում է, որ երկու անգամ ինֆարկտ է տարել, թևն է ցավում, նկարեցինք, առանձնապես ոչ մի բան չկա», - նշեց Օրհուսյանը:
Բուժզննում անցնելուց հետո ընտանիքի հայրը՝ Եղիշե Գևորգյանը լրագրողների հարցերին՝ ինչու անցան հարևան Ադրբեջանի տարածք, պատասխանում էր միավանկ՝ «ստացվեց, տենց ուզեցի»:
Հիշեցնենք, որ ընտանիքը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր 2010 թվականի հունվարին «Երազ» ավտոմեքենայով՝ չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին ու ադրբեջանական կողմի կրակահերթի տակ՝ անցել էր Նախիջևանի տարածք:
Դեպքից հետո հաղորդվեց, որ Եղիշե Գևորգյանը նախկինում մի քանի անգամ դատապարտվել է՝ այդ թվում կողոպուտի և ավտոմեքենաների գողության համար, հարուցվել էր քրեական գործ:
Ինչ է սպասվում այս ընտանիքին հիմա հարցին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը պատասխանեց․- «Սահմանը ապօրինի հատելու համար համապատասխան քրեական պատասխանատվություն է հասնում և քննիչը կորոշի: Համապատասխան մարմինները որոշում կկայացնեն»:
Եթե օրենքի առաջ մեղավոր ենք, պատրաստ ենք պատասխան տալ, ասում էին Հայաստան տեղափոխված Գևորգյանները՝ պնդելով, թե իրենք ազգի դավաճան չեն: Հերքում էին նաև մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե նպատակ են ունեցել Ադրբեջանից երրորդ երկիր տեղափոխվել:
Ապրել են Բաքվի զինվորական ոստիկանության շենքում, միջանցքում՝ իրենց խոսքով՝ գերու կարգավիճակով: Կացարանում, որտեղ պահվել են Գևորգյանները, հանդիպել են այլ հայ գերիների՝ այդ թվում ՝ 2010-ի նոյեմբերին մահացած 20-ամյա Մանվել Սարիբեկյանին, հոկտեմբերին երրորդ երկրից Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանին:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Ադրբեջանի իշխանությունները առաջարկում էին այս ընտանիքը փոխանակել ամիսներ առաջ Ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցիների հետ, Երևանն ու Ստեփանակերտը, սակայն, մերժել էին այդ առաջարկը: