Մատչելիության հղումներ

ԵՏՄ անդամ երկրների հետ խնդիրը լուծվել է, երբ ՀՀ-ն հաստատել է՝ Ղարաբաղը իր տարածքը չէ


ԵՏՄ անդամ երկրների հետ խնդիրը լուծվել է, երբ ՀՀ-ն հաստատել է՝ Ղարաբաղը իր տարածքը չէ
please wait

No media source currently available

0:00 0:07:16 0:00

Խորհրդարանում այսօր ԵՏՄ-ի պայմանագրին միանալում մասին լսումներ տեղի ունեցան։

Հայաստանը վերահաստատել է, որ Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածք:

Պաշտոնական Երևանի այս հաստատումով էլ Ղարաբաղի հետ կապված խնդիրը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների հետ լուծվել է: Այս մասին այսօր խորհրդարանում կազմակերպված Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու լսումների ժամանակ հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարաբևը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ԵՏՄ-ի անդամ դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ ակնարկելով, որ Ղարաբաղը պետք է այդ տնտեսական տարածքից դուրս մնա։ Ավելի ուշ Նազարբաևը հայտարարել էր, թե Հայաստանի հետ այդ հարցում եկել են փոխզիջման՝ այդպես էլ չմանրամասնելով, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը:

«Մենք եկանք համաձայնության՝ ինչպես ենք հասնում փոխհամաձայնության։ Ինքը շատ հստակ դա ձևակերպեց Մինսկում։ Խնդիրը վերաբերում էր ընդամենը մեկ հարցադրմանը՝ իրենք ուզում էին ուզում էին հասկանալ՝ մենք որ անդամակցում ենք, մենք համարո՞ւմ ենք, որ Ղարաբաղի ՀՀ տարածք է, թե՝ ոչ։ Մենք վերահաստատեցինք մեր դիրքորոշումը, որ Ղարաբաղը չի հանդիսանում ՀՀ տարածք։ Մենք հարաբերությունները ԼՂ-ի հետ կառուցում ենք որպես դե ֆակտո կայացած պետության հետ՝ դե յուրե չճանաչելով։ Մենք ընդամենը սա ենք հաստատել։ Որևէ կետ չկա, որ մեզ պարտադրում է մաքսակետ դնել այնտեղ, որտեղ մենք չունենք։ Դա չի եղել բանակցություններ առարկա»,- այսօր հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարարը։


Խորհրդարանում այսօր կազմակերպված հանրային լսումների ժամանակ Հայաստանի արտգործնախարարի տեղակալը անդրադարձավ նաև մեկ այլ հաճախ քննարկվող հարցադրմանը՝ ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում կայացվելիք որոշումների վրա:

Շավարշ Քոչարյանը պարզաբանեց, թե ի տարբերություն անդամ մյուս երկրների, ովքեր ԵՏՄ-ում կունենան 3 անդամ և 3 ձայնի իրավունք, Հայաստանը մինչև 2016 թվականի փետրվարը կունենա 3 անդամ, սակայն մեկ ձայնի իրավունք: Փոխարտգործնախարարը վստահեցրեց՝ չնայած այդ հանգամանքին, Հայաստանը կայացվելիք որոշումների վրա չի կորցնի իր ազդեցությունը:

«Եթե երկու պետություն փորձեն որևէ որոշում անցկացնել առանց Հայաստանի «այո»-ի, դա անհնարին է»,- ասաց Քոչարյանը։

«Վրաստանի հետ առևտրային հարաբերությունները չեն տուժի»

Փոխարտգործնախարարը վստահեցրեց, թե հայկական կողմին հաջողվել է մեկ այլ մտահոգիչ խնդրի հետ կապված լուծում գտնել, որպեսզի Հայաստանի և Վրաստանի միջև առկա ազատ առևտրի ռեժիմը հարցականի տակ չդրվի.- «Ու մեզ հաջողվեց ֆիքսել, որ ՀՀ-ի մաքսատուրքերի հարցով այն պայմանագրերը, որոնք մենք ստորագրել ենք մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, դրանք շարունակում են գործել։ Այսինքն մենք մեր բանակցային գործընթացով ամեն ինչ արեցինք, որ մեր միանալը ԵՏՄ-ին չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Նույնը վերաբերում է Իրանին»։

Խորհրդարանում կազմակերպված հանրային լսումների ժամանակ իբրև զեկուցող հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը։ Նա էլ անդրադարձավ ԵՏՄ-ի կառուցվածքին, այդ միությունից Հայաստանին հասանելիք շահույթին և պարտավորություններին:

Ֆինանսների փոխնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանի բյուջեն միությունից կստանա մոտ 250 միլիոն դոլար.- «Պայմանագիրը ուժի մեջ մտնելու հաջորդ ամսվա 1-ից սկսած ԵՏՄ-ի անդամ երկրներ երրորդ երկրներից ներմուծված ապրանքների համար գանձված մաքսատուրքերը բաշխվում են ըստ երկրների։ Եվ ՀՀ-ի մասնաբաժին է լինելու 1.13 տոկոս։ Այդ գումարները գալու են Հայաստանի պետական բյուջե՝ որպես մաքսատուրքի գծով եկամուտներ։ Հիմա դժվարանում եմ թիվ ասել, մոտավորապես 250 միլիոն դոլարի կարգի է լինելու։ Դա կախված է այն հանգամանքներից, թե ինչ քանակի ներմուծումներ կլինեն երրորդ երկրներից 2015 թվականին ամբողջ ԵՏՄ-ում»,- ասաց Կարայանը։

Հայաստանը նաև ֆինանսական պարտավորություններ կունենա միության հանդեպ: Մասնավորապես, ֆինանսների փոխնախարարի փոխանցմամբ՝ Հայաստանը տարեկան մոտ 2 միլիոն դոլար պետք է վճարի ԵՏՄ-ի բյուջեին: Այս գումարն ուղղվելու է միության կառուցվածքային մարմինների պահպանմանը։

ԵՏՄ-ի կառուցվածքը

ԵՏՄ-ն բաղկացած է լինելու բարձրագույն խորհրդից, որտեղ կընդգրկվեն անդամ երկրների նախագահները։ Կլինի նաև միջկառավարական խորհուրդ, այստեղ ներկայացված կլինեն վարչապետերը։ Այս 2 խորհուրդներում որոշումները կայացվելու են կոնսենսուսով, այսինքն բոլորի համաձայնությամբ։ Խորհուրդների բացի գործելու է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որը բաղկացած կլինի փոխվարչապետերից և նախարարների կոլեգիայից։ Հենց այս կոլեգիայում էլ Հայաստանը կունենա մեկ ձայնի իրավունք: Այս մարմիններից բացի ԵՏՄ-ն կունենա նաև իր դատարանը:

«Դատարանի կազմի մեջ մտնում են երկուական դատավորներ յուրաքանչյուր անդամ պետությունից, որոնք նշանակվում են ինը տարի ժամկետով և ազատվում պաշտոնից բարձրագույն խորհրդի կողմից»,- պարզաբանեց Կարայանը։

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը լռեցին

Խորհրդարանում կազմակերպված լսումներին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տնտեսագետներ և այլն: Ուշագրավ է, որ «Բարգավաճ Հայաստանից», Դաշնակցությունից և Հայ ազգային կոնգրեսից ԵՏՄ-ի վերաբերյալ որևէ հարց չհնչեց:

Հարց տվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ ապագա է սպասվում այդ միությունում Հայաստանին և Ղարաբաղին, երբ Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը ճգնաժամային վիճակում է:

«Տիկի՛ն Փոստանջյան, ընդունված է ասել, որ հոռետեսը ավելի տեղեկացված լավատես է։ Այս դեպքում ինձ թվում է՝ ճիշտ հակառակն է։ Ես ավելի լավատես եմ, կարծում եմ՝ ավելի տեղեկացված եմ»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը։

Հարց հնչեց նաև, թե փոխարտգործնախարարն ինչպե՞ս է գնահատում այս միության շրջանակներում համագործակցությունը, երբ դրա անդամ երկրներից երկուսը՝ Ռուսաստանը և Բելառուսը զինում են Ադրբեջանին: Շավարշ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել այս հարցին՝ նշելով, թե այժմ տնտեսական հարցեր են քննարկում։

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հարցրեց, թե կոնկրետ ո՞ր ապրանքատեսակներն են թանկանալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո՝ հաշվի առնելով որ այդ միությունում ավելի բարձր մաքսատուրքեր են գործում։ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը պարզաբանեց, թե 752 ապրանքախմբերից մոտ 500-ի մաքսատուրքերը առաջիկա 5 տարիների ընթացքում չեն փոխվի, իսկ թե ինչ կլինի 5 տարի անց, հստակ չէ:

Հարց հնչեց նաև, որ եթե Հայաստանը մի օր ցանկանա դուրս գալ ԵՏՄ-ից, ինչպիսի՞ ընթացակարգեր պետք է անցի: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը վստահեցրեց, թե այդ հարցում որևէ բարդություն չկա.- «Եթե անդամ պետությունը դիմում է, դուրս գալու համար պետք չէ որևէ համաձայնություն։ 12 ամիս հետո նա արդեն անդամ չէ՝ առանց որևէ համաձայնեցման»։

Հավելենք, որ ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ այսօր կազմակերպված խորհրդարանական քննարկումներն անցան առանց բուռն ելույթների և քննադատությունների։ Ոչ իշխանական ուժերից որևէ պատգամավոր ելույթ չունեցավ։ Բացառություն էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը որակեց իբրև պետական դավաճանություն։

«Դա ես և մենք գնահատում ենք որպես պետական դավաճանություն։ Եվ հորդորս է մնացած բոլոր պատգամավորներին, ովքեր ապագայում կքննարկեն այս նախագիծը Ազգային ժողովում՝ որպես համաձայնագիր, դեմ քվեարկեն։ Ովքեր դեմ չեն քվեարկի, նրանք նույնպես կհամարվեն պետական դավաճաններ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

XS
SM
MD
LG